2024-ին Apple-ը կսկսի իր էկրաններն արտադրել և կհրաժարվի Samsung-ի և LG-ի մշակումներից

12 հունվարի, 2023  10:37

Apple-ը նախատեսում է սեփական էկրանների արտադրություն սկսել և դրանք օգտագործել իր խելացի ժամացույցներում և շարժական սարքերում արդեն 2024 թ․։ Սա կօգնի նվազեցնել ընկերության կախվածությունն այնպիսի գործընկերների արտադրած էկրաններից, ինչպիսիք են Samsung-ը և LG-ն:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, Apple Watch-ի նոր մոդելները հաջորդ տարվա վերջից կսկսեն անցնել սեփական արտադրության microLED էկրանների։ Այժմ դրանք համալրված են երրորդ կողմի, մասնավորապես, հարավկորեական հսկաներ Samsung Display-ի և LG Display-ի արտադրության OLED էկրաններով։

Ակնկալվում է, որ արտադրության նոր տեխնոլոգիան խելացի ժամացույցների էկրաններն ավելի պայծառ կդարձնի և կբարելավի գունային վերարտադրությունը, հատկապես էկրանին անկյան տակ դիտելու ժամանակ։

Առաջին խոսակցություններն այն մասին, որ Apple-ը կարող է սկսել սեփական էկրաններ արտադրել խելացի ժամացույցների համար, հայտնվեցին 2018 թ., իսկ դրա հիմքը դրվեց ավելի վաղ՝ 2014 թ․, երբ Apple-ը կլանեց microLED էկրաններ մշակող LuxVue ընկերությունը:

Apple-ն ակնկալում էր, որ կսկսի microLED էկրաններ օգտագործել մեծ էկրան ունեցող սարքերում արդեն 2020 թ., սակայն տեխնիկական դժվարություններ առաջացան, և ընկերությունը որոշեց փորձարկումներն սկսել կոմպակտ չափերի էկրաններով, ինչպիսիք են խելացի ժամացույցներում օգտագործվողները:

Նոր տեսակի էկրաններով Apple-ի խելացի ժամացույցների մատակարարումները կարող են սկսվել արդեն 2025 թ․։ MicroLED էկրանների զանգվածային արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի երրորդ կողմի կապալառուն, թեև Apple-ը դրանք մշակում է ինքնուրույն:

Առաջիկա տարիներին սեփական արտադրության էկրանները կհայտնվեն նաև Apple-ի այլ սարքերում։ Խառը իրականության սարքում, որն սպասվում է մինչև այս տարվա աշուն, նույնպես կարող է օգտագործվել microLED-ի նման նոր տեսակի էկրան։ Մեկ տարուց, ըստ փորձագետների կանխատեսումների, նոր էկրաններ կստանան iPad Pro պլանշետները, իսկ մի քանի տարի անց՝ նաև iPhone-ները։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ