Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Medpace Holdings–ը։ Կլինիկական փորձարկումների ծառայություններ տրամադրող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 43.49%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $447.49)։ Հաջորդը դեղագործական հետազոտությունների ոլորտում գործող ICON Public Limited Company–ն է՝ 30.28% աճով ($187.01)։ Եռյակը եզրափակում է դեղագործական փաթեթավորման և ներարկային լուծույթների համակարգերի արտադրությամբ զբաղվող West Pharmaceutical Services–ը՝ 24.95% աճով ($263.51)։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Liberty Broadband Corporation–ը։ Լայնաշերտ կապի ոլորտում գործող ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 19.14%–ով ($70.06)։ Հաջորդը հեռահաղորդակցության ոլորտում գործող Charter Communications–ն է՝ 18.49% անկումով ($309.75)։ Եռյակը եզրափակում է արբանյակային կապի տեխնոլոգիաներ մշակող AST SpaceMobile–ը՝ 9.53% անկումով ($54.34)։
ԱՄՆ ֆոնդային շուկաները շաբաթն ավարտել են ուժեղ դիրքերով, S&P 500–ը և Nasdaq–ը՝ ռեկորդային ցուցանիշներով։ S&P 500-ը շաբաթն ավարտել է 1.5% աճով, Nasdaq-ը՝ 1%, իսկ Dow-ն 1.3% աճով։ Ներդրողներին լավատեսություն են ներշնչել առեւտրային բանակցություններում առաջընթացն ու ընկերությունների՝ սպասվածից ավելի լավ հաշվետվությունները։ Ընդ որում, տեխնոլոգիական հսկաների՝ Apple-ի, Microsoft-ի, Amazon-ի և Meta-ի եռամսյակային հաշվետվությունները հրապարակվելու են այս շաբաթ։
Եվրոպական ֆոնդային շուկաները երկուշաբթին սկսել են աճով՝ հասնելով վերջին չորս ամսվա առավելագույն ցուցանիշին այն բանից հետո, երբ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ստորագրել են առևտրային համաձայնագիրը, որով ԵՄ ապրանքների մեծ մասի համար սահմանվում է 15% մաքսատուրք՝ նախկին 27.5%-ի փոխարեն։ Այնուամենայնիվ, ալկոհոլային խմիչքների մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչի հետևանքով այս ոլորտում գործող ընկերությունների, այդ թվում, Pernod Ricard-ի բաժնետոմսերն անկում են ապրել։
Դրական զարգացումների ֆոնին ներհոսք են գրանցել բաժնետոմսերի ֆոնդերը։ Հուլիսի 23-ին ավարտված շաբաթվա ընթացքում այս ֆոնդերում ներդրվել է 8.71 միլիարդ դոլար։ Պարտատոմսերի ֆոնդերը ներգրավել են 17.94 միլիարդ դոլար՝ ապահովելով ներհոսքի 14-րդ շաբաթն անընդմեջ։ Դրամական շուկայի ֆոնդերը նույնպես «վերականգնվել» են՝ նախորդ շաբաթվա խոշոր արտահոսքից հետո գրանցելով 2.09 միլիարդ դոլարի ներհոսք։
Intel-ի բաժնետոմսերն 8% անկում են ապրել այն բանից հետո, երբ նոր գլխավոր գործադիր տնօրեն Լիփ-Բու Թանը նախազգուշացրել է, որ ընկերությունը կարող է դադարեցնել չիպերի արտադրության բիզնեսը, եթե չկարողանա ապահովել խոշոր պատվիրատու։ Այս քայլը կարող է կասկածի տակ դնել Intel-ի ապագան բարձրակարգ չիպերի արտադրության ոլորտում։ Ընկերությունը նաև կանխատեսել է նախորդ եռամսյակից էլ ավելի մեծ կորուստներ երրորդ եռամսյակում, Intel-ում պատրաստվում են նոր կրճատումներ իրականացնել, դադարեցնել երկու եվրոպական գործարանների աշխատանքները։
Google-ի Alphabet մայր ընկերությունը հինգշաբթի օրը ներկայացրել է հաջող եռամսյակային արդյունքներ, ինչի շնորհիվ բաժնետոմսերը աճել են են ավելի քան 3%–ով։ Աճը հիմնականում պայմանավորված է ԱԲ սնվող ամպային ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկով։
Chipotle ընկերության բաժնետոմսերը հինգշաբթի օրը նվազել են 13%–ով այն բանից հետո, որ ընկերությունը նվազեցրել է տարեկան վաճառքի ծավալների կանխատեսվող մակարդակը՝ պայմանավորված հաճախորդների՝ ռեստորաններում սնվելու հանդեպ պահանջարկի թուլացմամբ։ Բարձր գնաճի և տնտեսական անորոշության հետևանքով ավելի ցածր եկամուտ ունեցող մարդիկ նախընտրում են տնային սնունդը, ինչը հանգեցրել է ապրիլ-մայիս ամիսներին վաճառքի անկման։ Chipotle-ն դեռևս առաջատար է արագ սննդի և ռեստորանային ոլորտում, շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է ավելի քան 25%։
Հինգշաբթի օրն առավոտյան նախաշուկայական նստաշրջանի ընթացքում Tesla-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 7%–ով։ Ավելի վաղ ընկերությունը հրապարակել էր եռամսյակային արդյունքները՝ ցույց տալով վերջին տասնամյակի ամենախոր առևտրային անկումը։ 2025 թվականին Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 18%–ով։ Ընկերությունը ամենաթույլ ցուցանիշներն ունի «Հրաշալի յոթնյակի»՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շարքում։
2025 թվականի հուլիսի 28-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. նոյեմբերի 3–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 9.2 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98.0261 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.4733 տոկոս:
ԵԿԲ-ն իր վերջին նիստում վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 2%–ի մակարդակում՝ դադարեցնելով շարունակական նվազեցումների շարքը։ Դրանից հետո եվրոն մի փոքր թուլացել է։ Շուկաները, սակայն, դեռեւս ակնկալում են, որ մինչեւ տարեվերջ ԵԿԲ–ն ևս մեկ՝ 0.25%–ի նվազեցում կիրականացնի։
Հուլիսին ԱՄՆ-ի բիզնեսներն ընդհանուր առմամբ աճ են գրանցել, բազմաթիվ ընկերություններ բարձրացրել են ապրանքների և ծառայությունների գները։ S&P Global-ի բիզնես ակտիվության ինդեքսը հուլիսին բարձրացել է մինչև 54.6՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը դեկտեմբերից ի վեր։ Աճը հիմնականում ապահովել է ծառայությունների ոլորտը, որը հունիսի 52.9-ից աճել է մինչև 55.2։ Սակայն, արդյունաբերության ոլորտում որոշակի նվազում է գրանցվել՝ մինչեւ 49.5, ինչը դեկտեմբերից ի վեր առաջին անկումն է, եւ կապված է մաքսատուրքերի և ավելացած ծախսերի հետ։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
month
week
day