Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել սմարթֆոն ընտրելիս. 7 օգտակար խորհուրդ (տեսանյութ)

3 հունվարի, 2023  13:43

Սմարթֆոնների շուկայում այսօր ընտրության այնքան մեծ հնարավորություն կա, որ երբեմն իրոք շատ դժվար է հասկանալ, թե կոնկրետ որ ընկերության որ մոդելի հեռախոսը կարելի է գնել։ Սմարթֆոնները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը․ դրանք մենք օգտագործում ենք զանգահարելու, էլփոստին պատասխանելու, ֆիլմեր դիտելու և մի շարք այլ նպատակներով։ Հետևաբար, հեռախոս գնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե բացի զանգելուց և SMS գրելուց, ուրիշ ինչ գործառույթներ են մեզ պետք լինելու և կողմնորոշվել ըստ այդմ։ Ամեն դեպքում, կան մի քանի հիմնական բաներ, որոնք պետք է իմանալ նախապես։ Հետևյալ յոթ խորհուրդները կօգնեն ճիշտ ընտրություն անելու հարցում։  

1․ Էկրանի չափը

Մե՞ծ, թե փոքր էկրան։ Էկրանի չափը շատ մարդկանց համար էական նշանակություն ունի, հատկապես եթե հեռախոսով ֆիլմեր եք նայում կամ ընթերցում։ Սմարթֆոնների էկրանների մասին կարդալից կհանդիպեք եզրույթների, ինչպիսիք են՝ Retina, Full HD, AMOLED, qHD և այլն։ Պետք ընտրել հեռախոս, որ բարձրորակ էկրան ունի։ Էկրանի հարցում պետք է ուշադրություն դարձնել լուծաչափին և պիքսելների խտությունը (որքան շատ են պիքսելները մեկ դյույմի վրա, այնքան բարձորակ էկրան, հետևաբար և հստակ է պատկերը), էկրանին պատկերված ինֆորմացիան հստակ ընթեռնելի լինի նաև արևի լույսի ներքո:

2. Հեռախոսի գինը և ձեր բյուջեն

Գինը և ձեր բյուջեն ամենակարևոր գործոններն են, որոնք պետք է հաշվի առնել: Կան բազմաթիվ նոր և հարմար այլընտրանքներ, որոնք ունեն մրցունակ գին՝ յուրաքանչյուրի բյուջեին համապատասխան: Պետք է փորձել ընտրել ձեր բյուջեի սահմաններում հեռախոս, պարտադիր չէ գնել ամենաթանկ հեռախոսները, ամենաթանկը միշտ չէ, որ նշանակում է ամենալավը: Մի շարք ընկերություններ արտադրում են սմարթֆոններ, որոնք ավելի մատչելի գին ունեն, նույնքան ոճային են և ունեն գրեթե նույն հնարավորությունները, ինչ ավելի թանկ սեգմենտի հեռախոսները։

3. Հիշողության ծավալը

Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասն ունի ներկառուցված microSD քարտի ելք, և հնարավոր է ավելացնել հեռախոսի հիշողությունը, սակայն շատ հեռախոսներ չունեն նման հնարավորություն։ Այնպես որ, սրան նույնպես պետք է ուշադրություն դարձնել։ Օրինակ՝ Apple-ի հեռախոսները սովորաբար չունեն նման հնարավորություն։ Նաև կարևոր է նախապես իմանալ, թե կոնկրետ ինչ պետք է պահեք ձեր սարքում և դրանցից որոնք են հնարավոր փոխանցել ամպի վրա հիմնված հավելվածներին, ինչպիսին է Dropbox-ը: Ամեն դեպքում, ցանկալի է գնել սմարթֆոն, որի հիշողության ծավալը հնարավորինս մեծ կլինի, իհարկե ձեր բյուջեի սահմաններում։ Սարքում լրացուցիչ ազատ տեղ ունենալը միշտ էլ ցանկալի է։

4. Օպերացիոն համակարգեր

Յուրաքանչյուր ապրանքանիշ սովորաբար օգտագործում է իր սեփական օպերացիոն համակարգը, օրինակ՝ iOS, Android, Windows Phone: Այնուամենայնիվ, շատ ապրանքանիշեր աշխատում են ստանդարտ Android OS-ով: IOS օպերացիոն համակարգերն աշխատում են միայն Apple սարքերի վրա: Այնպես որ, նախապես փորձեք հասկանալ, թե որն է ձեզ ավելի հարմար:

5. Մարտկոցի հզորությունը

Մեկ այլ կարևոր գործոն է մարտկոցի հզորությունը։ Դժվար թե որևէ մեկը ցանկանա ունենալ հեռախոս, որը մեկ լիցքավորմամբ աշխատի երկու-երեք ժամ։ Կան սմարթֆոններ, որոնց մարտկոցները հնարավոր է հեշտությամբ փոխել, սակայն սմարթֆոնների մեծ մասի դեպքում դա այդպես չէ։ Հետևաբար՝ լավ կլինի, եթե ձեր ընտրած հեռախոսը նման հնարավորություն ունենա։ Կարելի է ունենալ նաև Power Bank լիցքավորիչ սարք, սակայն նախ դա հավելյալ գումար արժե, նաև իր խնդիրն ունի՝ այն ևս պետք է միշտ լիցքավորել։ Այնպես որ, ավելի լավ է գնել հեռախոս, որի մարտկոցը համեմատաբար հզոր է։

6. Պրոցեսորի տեսակը և օպերատիվ հիշողությունը

Ժամանակակից սարքերում օգտագործվում են մի քանի պրոցեսորներ, դրանց մասին կարդալիս կհանդիպեք եզրույթների, ինչպիսիք են՝ միամիջուկ, երկմիջուկ, քառամիջուկ և ութամիջուկ։ Որքան միջուկները շատ են, այդքան այն ավելի հզոր է։ Սակայն iPhone-ներում, օրինակ, կիրառվում են հենց Apple-ի արտադրության երկմիջուկ պրոցեսորները, որոնք, կատարողական ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան շատ քառամիջուկ պրոցեսորներ։ Օպերատիվ հիշողության (RAM) դեպքում պետք է իմանալ հետևյալը․ որքան այն շատ է, այդքան սարքը լավ կաշխատի (լավ կլինի առնվազն 4ԳԲ կամ ավելի)։

7. Տեսախցիկը

Ժամանակակից սմարթֆոնները, ընդհանուր առմամբ, ունեն ֆանտաստիկ տեսախցիկներ: Ավելի լավ է օպտիկան լինի բարձրակարգ, քան տեսախցիկի լուծաչափը լինի բարձր։ Եթե տեսախցիկն ունի LED ֆլեշ և BSI սենսոր, ապա դա միշտ ողջունելի է:

Կարևոր է նաև իմանալ, որ բջջային կապն այժմ ստանդարտ 3G կամ 4G է, որը փոխարինում է 2G-ին: Այժմ կարող եք հեշտությամբ գտնել 4G-ի միացված սմարթֆոններ չափազանց մատչելի գներով: Պետք է հաշվի առնել նաև, թե տվյալ ընկերությունը, որից գնում եք հեռախոսը, արդո՞ք ունի սպասարկման ծառայություն ձեր բնակավայրում կամ դրան մոտ։ Օրինակ՝ այս հարցում Apple-ը և Samsung-ը հայտնի են իրենց սպասարկման լավ ծառայությամբ։ 


 
 
 
 
  • Արխիվ