Հայաստանն արևային էներգետիկայի ոլորտում անվերապահ առաջատարն է տարածաշրջանում։ Այդ մասին «EconoMIX»-ին հյուրընկալելիս հայտարարել է «EcoVille» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը։
Նա պարզաբանել է, որ արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում սկսել է զարգանալ 2017 թվականից, երբ ընդունվեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունները՝ հնարավորություն ընձեռվեց արևային օրերին արևային էներգիա կուտակել և օգտագործել այն ձմռանը կամ գիշերային ժամերին։
Նրա գնահատմամբ՝ այս փոփոխությունը ոլորտի զարգացման ազդակ դարձավ։
«Սկզբում մարդիկ համապատասխան համակարգեր տեղադրելիս տնտեսական նպատակահարմարությամբ էին առաջնորդվում, իսկ ավելի ուշ այս տարրին ավելացվեց բնապահպանական տարրը, ինչպես նաև երկրի համար այս ուղղության զարգացման ռազմավարական կարևորության ըմբռնումը»,- ասում է Հովսեփյանը։
Նա հիշեցրեց, որ պետությունը խթանել է արևային մարտկոցների կառուցումը, ինչը լավ ազդակ է, քանի որ ներդրողները երաշխիքներ են ստացել, որ իրենց արտադրած էլեկտրաէներգիան խիստ ֆիքսված գներով կվաճառվի։ Դա միաժամանակ այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել օտարերկրյա ներդրողների մեջ:
«Ներդրողը վստահություն է ստացել, որ արևային էլեկտրակայան կառուցելով՝ ինքը երաշխավորված կերպով 20 տարի ֆիքսված գներով էլեկտրաէներգիան կվաճառի։ Դա ոլորտը կանխատեսելի դարձրեց, ինչը խթանեց նաև խոշոր կայանների ակտիվ կառուցմանը»,- նշեց ընկերության ղեկավարը։
Նա ճշտեց, որ Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցումը ներդրողների գրպանին ավելի էժան է նստում, քան Եվրոպայում։
Հովսեփյանն ընդգծեց, որ 5 Մվտ հզորությամբ կայանի կառուցման ներդրումները հնարավոր է վերադարձնել մոտավորապես 5-5,5 տարում։ «Բիզնեսի համար այդ ժամկետը կազմում է մինչև 3,5 տարի, իսկ մասնավոր տնային տնտեսությունների համար՝ մոտավորապես 4 տարի։ Արևային էլեկտրակայանների շահագործման ժամկետը մոտավորապես 30 տարի է, և ճիշտ մատակարար ընտրելու դեպքում կառուցապատողների տված երաշխիքները լիովին վերացնում են ռիսկերը»,- ասաց նա։
Այսօր շատ քիչ են նման ոլորտները, որտեղ հնարավոր է առանց կանխավճարի անտոկոս վարկ ստանալ։
Ընդ որում, ըստ Վարդան Հովսեփյանի, էլցանցերի ենթակառուցվածքները պատրաստ չեն արևային էներգետիկայի ոլորտի զարգացման այն արագ տեմպերին, որոնք ներկայում նկատվում են, և դա է իրենց առջև ծառացած հիմնական խնդիրը։
Ի սկզբանե ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող էին ինքնավար արևային կայաններ (մինչև 150 կվտ հզորությամբ ֆիզիկական անձինք, մինչև 500 կվտ հզորությամբ իրավաբանական անձինք) կառուցել և արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկն առաջարկել էլեկտրական ցանցերին: Ելնելով այն հանգամանքից, որ բաշխիչ ցանցերը չեն կարողանում դիմանալ նման բեռին, իրավաբանական անձանց համար շեմը կրճատվել է մինչև 150 կվտ:
«Ներկայում քննարկումներ են ընթանում նրա շուրջ, թե արդյոք հնարավոր է շեմը նորից իջեցնել։ Ավելորդ էլեկտրաէներգիան համակարգային խնդիրներ է ստեղծում և համակարգային լուծումներ են պետք, բայց դրանք չպետք է սահմանափակումների հաշվին ընդունվեն։ Մենք պետք է լուծումներ գտնենք, որոնք այս շեմի հետագա իջեցում չեն ենթադրի։ Կարող էինք, օրինակ, մեր ցանցը համատեղել Վրաստանի և Իրանի ցանցի հետ և վաճառել ավելցուկը՝ համակարգի գերծանրաբեռնվածության խնդիրը լուծելու նպատալով»,- նշում է Հովսեփյանը։
Նա հայտարարեց, որ արևային էներգիա արտադրողներն ի վիճակի են եղել նվազեցնելու իրենց արտադրանքի ինքնարժեքը, դառնալ ավելի մրցունակ արտահանման համար, ավելի շատ եկամուտներ ստեղծել և ավելի շատ հարկեր վճարել: Ընկերության ղեկավարը կոչ արեց նկատի ունենալ բոլոր գործոնները։
«Այս ոլորտում սահմանափակումները մեծ խնդիրներ կստեղծեն 50-60 ընկերությունների համար, որտեղ աշխատում է մոտ 3000 մարդ և որոնք բարձր հարկեր են վճարում»,- ասաց Վարդան Հովսեփյանը։
Նա հավելեց, որ «EcoVille» ընկերությունը Հայաստանում սկսել է էլեկտրաէներգիայի մարտկոցների արտադրություն, և ներկայում ավարտվում են փորձարկումները։ «Դա լուծումներից մեկն է, թե ինչպես չծանրաբեռնել ցանցը և զարգացնել ոլորտը։ «Այս ուղղությամբ անհրաժեշտ կլինի նաև կառավարության աջակցությունը՝ սուբսիդավորման տեսքով»,- պարզաբանեց Հովսեփյանը։
Վկայակոչելով փորձագետների տվյալները՝ նա հայտնեց, որ Հայաստանում լիթիումի բավականին լուրջ պաշար կա։
«Դա կարող է խթանել օտարերկրյա ներդրումներն ապագայում: Սակայն սկզբնական փուլում մենք հումք ենք ներկրելու, քանի որ այդ հումքի վերամշակման խնդիր կա։ Սակայն, հաշվի առնելով մարտկոցների շուկայի լուրջ աճը, Հայաստանը ներուժ ունի։ 2024 թվականին ամբողջ աշխարհում 35%-ով ավելի շատ մարտկոց է վաճառվել, քան 2003 թվականին։ Այս տարի աճը շարունակվում է»,- ընդգծեց Հովսեփյանը։
Նա հայտնեց, որ Արցախյան Երկրորդ պատերազմի սկզբից ոլորտի ներկայացուցիչները նախագծել և սկսել են մարտկոցներով շարժական արևային կայաններ արտադրել, այն ժամանակ առաջին խմբաքանակը (26 միավոր) ուղարկվել էր շփման գիծ։
«Սա վկայում է անվտանգության ոլորտի համար արևային էներգետիկայի կարևորությունը»,- նկատեց ընկերության ղեկավարը։
month
week
day