Microchip Technology-ն միկրոկարգավորողների անալոգային և FPGA լուծումների առաջատար համաշխարհային մշակողն է, որի արտադրանքը կիրառվում է զանազան ոլորտներում՝ հեռահաղորդակցությունից մինչև օդատիեզերական արդյունաբերություն: Ընկերությունը եռանդուն կերպով ընդլայնում է իր համաշխարհային ներկայությունը, և Հայաստանը դառնում է այս ռազմավարության կարևոր մասը։
Ուժեղ ինժեներական բազան, բարձր տեխնոլոգիաների հարաճուն էկոհամակարգը և ՏՏ ոլորտին պետական աջակցությունը երկիրը գրավիչ են դարձնում տեխնոլոգիական խոշոր խաղացողների համար: Microchip-ն արդեն մի քանի տարի է, ինչ փոխգործակցում է տեղի մասնագետների և կրթական հաստատությունների հետ, այժմ էլ՝ ամրապնդում իր ներկայությունը. Երևանում բացվել է ընկերությունը նոր գրասենյակը։
Հայաստանում աշխատանքի առաջնահերթությունների, համագործակցության հնարավորությունների և զարգացման հեռանկարների մասին պատմում են FPGA ստորաբաժանման մարքեթինգի, ռազմավարության և հաճախորդների հետ փոխգործակցության հարցերով փոխնախագահ Շաքիլ Պիրան և FPGA-ի համար ծրագրային ապահովման մշակման և լուծումների հարցերով ավագ տնօրեն Ռաջիվ Ջայարամանը:
Microchip Technology ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին Միացյալ Նահանգներում և այսօր գործունեություն է ծավալում ավելի քան 70 երկրում՝ գրասենյակներ, հետազոտական կենտրոններ և արտադրական հզորություններ բացելով ամբողջ աշխարհում: Ընկերության լուծումները ներդրվել են խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքներում, իսկ բուն Microchip-ը ներառվել է աշխարհի՝ միկրոսխեմաներ արտադրող 30 խոշորագույն արտադրողների ցանկում։
Հայաստանում Microchip-ի գործունեությունը սկսվել է տեղական Instigate ՏՏ ընկերության հետ համագործակցությամբ։ Հայ ինժեներներին փոխանցված պատվերներն այնքան բարձր մակարդակով են կատարվել, որ Microchip-ը որոշել է այս ստորաբաժանումն ինտեգրել իր կառուցվածքում։ Այդպես ընկերությունը մուտք է գործել հայկական շուկա՝ գրասենյակներ բացելով Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Իջևանում։ Այստեղ մշակվում են ապարատային և ծրագրային բաղադրիչները, աշխատանք է տարվում հաճախորդների հետ, և իրականացվում է կիրառական ճարտարագիտություն FPGA ստորաբաժանման շրջանակում:
Ներկայում Microchip-ը կատարում է հաջորդ քայլը Հայաստանում զարգացման ճանապարհին՝ ամրապնդելով երկրում իր ներկայությունը։ Ընկերությունը վերջերս նոր գրասենյակ բացեց Երևանում, ինչը դարձավ տեղական ինժեներական ներուժի և երկրի աճող տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ շահագրգռվածության հերթական առհավատչյան:
«Կա երեք բան, որոնց վրա մենք կենտրոնանում ենք ոչ միայն այս գրասենյակում, այլ նաև համաշխարհային մասշտաբով», - պարզաբանում է Պիրան:
Առաջինը փորձաքննությունն է R&D ոլորտում: Միկրոչիպերի արդյունաբերության մեջ երկու կարևոր ասպեկտ կա՝ բուն չիպի նախագծումը և հաճախորդներին չիպի նախագծման գործիքներով ապահովելը: Microchip-ը երկու ոլորտներում էլ ակտիվորեն զարգացնում է փորձաքննությունը և, ի լրումն երևանյան գրասենյակի, ունի ևս երեք մարզային ներկայացուցչություն։ Երկրորդը չիպերի նախագծումն ու դրանց համար ծրագրային ապահովման ձևավորումն է։ Ըստ Պիրայի՝ հենց ծրագրային ապահովմամբ է պայմանավորված միկրոչիպերի արդյունավետությունը, և Microchip-ը նշանակալի ներդրումներ է կատարում այս առումով: Երրորդը հաճախորդի հավելվածների մշակումն է:
«Երբ մենք չիպը և դրա ծրագրային ապահովումը թողարկում ենք շուկա, շատ հաճախորդներ ցանկանում են դրա հիման վրա լուծումներ մշակել: Մեր մասնագետները օգնում են նրանց այդ հարցում»,- պարզաբանում է նա։
Microchip-ի հայաստանյան մասնաճյուղն ընդգրկում է բոլոր երեք ուղղությունը: Դա Երևանի գրասենյակը զարգացման լիարժեք կենտրոն է դարձնում, ինչը հատկապես կարևոր է տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի համար։
«Այն երեք մարդիկ, որոնց տեսնում եք այս պատի այն կողմում, մեզ օգնում են ամբողջ աշխարհով մեկ հաճախորդների հավելվածներ ստեղծել»,- հավելում է Պիրան:
Ընկերությունը շարունակում է ընդլայնել գործունեությունը՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը որպես միկրոչիպերի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարևորագույն կենտրոնի։
Շաքիլ Պիրան ընդգծում է, որ Microchip-ն ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում՝ ընդլայնելով համագործակցությունը արդյունաբերության առաջատար խաղացողների հետ։ Նա շեշտեում է, որ Microchip-ի հիմնական գործընկերներից մեկն առաջվա պես Synopsis-ն է, որի հետ սերտ համագործակցում են: «Մենք կշարունակենք այդ համագործակցությունը ոչ միայն համաշխարհային մակարդակով, այլև այստեղ՝ Հայաստանում»,- նշում է Պիրան։
Զարգացման մի այլ կարևոր ուղղություն է Microchip-ի մասնակցությունը Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (UATE): Այս կազմակերպությունն առանցքային դեր է խաղում տեխնոլոգիական ոլորտին աջակցելու պետական ծրագրերի մշակման գործում: «Մենք կառավարության հետ համագործակցությամբ ակտիվորեն աշխատում ենք առաջատար տեխնոլոգիաների զարգացման միասնական քաղաքականության ստեղծման ուղղությամբ։ UATE-ի անդամները չափազանց ներգրավված են այս գործընթացում, և մենք աջակցում ենք նրանց նախաձեռնություններին»,- ընդգծել է Պիրան։
Microchip-ը ոչ միայն ամրապնդում է դիրքերը տարածաշրջանում, այլև ակտիվորեն մասնակցում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ապագայի ձևավորմանը՝ նպաստելով դրա զարգացմանը և գլոբալ ինտեգրմանը։
Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը բուռն ընթացքի մեջ է, և Microchip Technology-ն սեփական փորձով է հավաստիացել աշխատանքի համար բարենպաստ պայմանների առկայությանը։ Microchip-ի հայաստանյան մասնաճյուղի բացման գործընթացն անցավ առանց որևէ լուրջ խոչընդոտի։
«Երբ այլ մասնաճյուղեր գործարկեցինք, սկզբում միշտ դժվարություններ էին ծագում, բայց այստեղ ամեն ինչ հարթ ընթացավ: Մենք սկսել ենք ութ աշխատակցով և այժմ ավելի քան 65 աշխատակից ունենք»,- ասում է ծրագրային ապահովման մշակման և FPGA լուծումների ավագ տնօրեն Ռաջիվ Ջայարամանը: Նա հավելում է , որ սկզբնական փուլում ընկերությանն օգնում էր Instigate Consulting-ը, սակայն այժմ Microchip-ն ունի իր ենթակառուցվածքը։
Իշխանությունների երկխոսության պատրաստակամությունն էլ դեր խաղաց. «Երբ նոր էինք սկսել, մեզ անմիջապես հրավիրեցին վարչապետի հետ հանդիպման: Սա վկայում է, որ կառավարությունն ակտիվորեն աջակցում է ոլորտին»,- ընդգծում է Շաքիլ Պիրան: Microchip-ի ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար բարենպաստ պայմաններ են ստեղծված։ Բիզնես գործարկելու դյուրինությունը զուգորդվում է զարգացած կրթական էկոհամակարգի հետ։ «Առաջատար տեխնոլոգիաների աջակցությունը համալսարաններում և նորարարական դպրոցներում, որոնց թվում է Real School-ը, օգնում է կադրեր ձևավորելուն: Օրինակ, մեր աշխատակիցների առաջին խումբը հենց այնտեղից է եկել»,- պատմում է Պիրան:
Microchip ընկերությունը վստահ է տարածաշրջանի երկրների միջև Հայաստանի մրցունակությանը: «Տեղական կադրերի որակավորման բարձր մակարդակի առումով կասկած չունեինք։ Պետական քաղաքականությունը ևս նպաստում է ոլորտի զարգացմանը։ Բացի դրանից, շատ կարևոր է ենթակառուցվածքի գործոնը. կրթության հասանելիություն, առաջադեմ տեխնոլոգիաներ և թվային լուծումներ»,- ընդգծում է Շաքիլ Պիրան:
«Ընդհանուր առմամբ Հայաստանը մրցունակ է, բայց հարևան երկրները նույնպես ուժեղ են այս ոլորտում։ Սակայն կարծում ենք, որ Հայաստանը համաշխարհային մակարդակի ծրագրային ապահովման բնագավառում եզակի տաղանդներ ունի, և հենց այստեղ ենք ուղղորդում ներդրումները»,- հավելում է նա։
Երկու տարի էլ չկա, ինչ Instigate Consulting-ը միացել է Microchip-ին, սակայն ընկերությունն այդ ընթացքում տպավորիչ դինամիկա է ցույց տվել: «Աշխատակիցների թիվն աճել է 46%-ով, իսկ արտադրական հզորությունը՝ 2,2 անգամ»,- նշում է Պիրան։ Թեև նա չի հրապարակել ներդրումների ստույգ թվերը, սակայն նման աճի տեմպերը բավական պերճախոս են։
Microchip-ը մտադիր չէ բավարարվել այս ձեռքբերումներով: Առաջիկա 3-5 տարում ընկերությունը նախատեսում է աշխատակիցների թիվը ավելացնել ևս 50-100%-ով՝ առանց գրասենյակային հարթակների ընդլայնման անհրաժեշտության: Սա հաստատում է հայկական շուկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրա ներուժի նկատմամբ կայուն հետաքրքրությունը։ Նման կերպ Microchip-ը ոչ միայն ամրապնդում է սեփական դիրքերը Հայաստանում, այլև կենտրոնանում է երկարաժամկետ զարգացման, նոր մասնագետների ներգրավման և տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման վրա։
Այսկերպ, Microchip Technology-ն ոչ միայն ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, այլև ակտիվորեն ներդրումներ է կատարում տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ Հարաճուն վերելքը, համագործակցությունն ու կրթությանն ուղղված աջակցությունն ապագայի համար ամուր հիմքեր են ստեղծում:
Առաջատար տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցունակությունը, պետական աջակցությունը և որակյալ կադրերը երկիրը գրավիչ են դարձնում համաշխարհային ընկերությունների համար: Microchip-ն ամրապնդում է դիրքերը՝ ընդլայնելով անձնակազմը և խորացնելով ինտեգրումը, հաստատելով իր երկարաժամկետ ծրագրերը տարածաշրջանում։
month
week
day