ԱԲ ոլորտի չինական ստարտափը ցնցել է տեխնոլոգիական աշխարհը. «Ներդրողի բրիֆ 28.01.25»

28 հունվարի, 2025  09:00

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է հրթիռային տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Rocket Lab USA ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 26.50%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 30.36 դոլարի։ Հաջորդը Summit Therapeutics–ն է: Ամերիկյան դեղագործական ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 24.86%–ով՝ հասնելով 23.76 դոլարի։ Եռյակը եզրափակում է Twilio ընկերությունը՝ 21.70% աճով։ Հաղորդակցության միջոցներ մշակող ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 136.23 դոլար։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Electronic Arts–ը։ Վիդեխաղերի մշակմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 17.92%–ով և այժմ կազմում է 116.56 դոլար։ Հաջորդը Astera Labs–ն է։ Տվյալների կենտրոնների և արհեստական բանականության համակարգերի համար կիսահաղորդիչային լուծումներ մշակող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 13.32%–ով և հասել 115.55 դոլարի։ Եռյակը եզրափակում է First Solar–ը։ Արևային պանելների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 12.77%–ով և կազմում է 168.25 դոլար։


Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները ուրբաթ փակվել են նվազած ցուցանիշներով, քանի որ ներդրողները դադար էին վերցրել՝ փորձելով մարսել բավական խառը տնտեսական տվյալները և ընկերությունների եկամուտների մասին հաշվետվությունները: Ներդրողները նաև սպասում են այս շաբաթ հրապարակվելիք կարևոր տնտեսական ցուցանիշների զեկույցներին, ինչպես նաև Դաշնային պահուստային համակարգի առաջիկա նիստին: Dow-ն իջել է 0,32%-ով, S&P 500-ը՝ 0,29%-ով, իսկ Nasdaq-ը՝ 0,50%-ով: 


ԱԲ ոլորտի բաժնետոմսերն անցյալ շաբաթ աճեցին այն բանից հետո, երբ OpenAI-ը հայտարարեց Oracle-ի և SoftBank-ի հետ համագործակցության մասին, ինչը կարող է մինչև 500 միլիարդ դոլարի ներդրում բերել ԱԲ ենթակառուցվածքներ հաջորդ չորս տարիների ընթացքում: Խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը և Meta-ն, մինչև այդ արդեն հայտարարել էին, որ հսկայական ներդրումներ են անելու տվյալների կենտրոններում և ԱԲ այլ ենթակառուցվածքներում, ինչի շնորհիվ աճեցին այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնք արտադրում են արհեստական բանականության համար անհրաժեշտ սարքավորումները, ինչպիսիք են կիսահաղորդիչները, սերվերները և ցանցային գործիքները:


ԱԲ ոլորտի չինական DeepSeek ստարտափը երկուշաբթի ցնցել է տեխնոլոգիական աշխարհը՝ կասկածի տակ դնելով ԱԲ տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների առաջատարությունը։ Ստարտափի նոր արհեստական բանականության մոդելը, որն ավելի ծախսարդյունավետ է և աշխատում է նվազ առաջադեմ չիպերի վրա, կասկածներ է առաջացրել Nvidia-ի նման ընկերությունների արժեքավորության վերաբերյալ, որոնց չիպերը համարվում է, որ վճռորոշ նշանակություն ունեն ԱԲ-ի համար։  Nvidia-ի բաժնետոմսերի գինը նախնական առևտրի ժամանակ նվազել է ավելի քան 10%-ով։ Լյան Վենֆենի հիմնադրած DeepSeek-ի մոդելը համարվում է խիստ մրցունակ՝ OpenAI-ի և Meta-ի առաջարկների համեմատ։ Այն առանձնանում է իր թափանցիկությամբ. աշխատում է բաց կոդով, օգտատերերի հարցումներին պատասխանելիս ցույց է տալիս իր աշխատանքն ու հիմնավորումները։ Այն շատ արագ ճանաչում է ձեռք բերել և ամենապահանջված հավելվածներից է App Store-ում: Այս լուրերը բեկում են մտցրել ֆոնդային շուկայում։ ԱԲ ոլորտի չինական ընկերությունների բաժնետոմսերի գները զգալիորեն աճել են, եվրոպականներինը՝ նվազել։ 


DeepSeek ստարտափի հաջողության լուրն ավելի ռիսկային ակտիվների համաշխարհային լայնածավալ վաճառքների պատճառ է դարձել: Սա ազդել է նաև Բիթքոյնի և այլ կրիպտոարժույթների գների վրա, Բիթքոյնն էժանացել է մինչև 6,5%-ով, ինչն ամենամեծ անկումն է դեկտեմբերի սկզբից ի վեր, իսկ ավելի փոքր թոքենները, ինչպիսիք են XRP-ն և Solana-ն, ավելի կտրուկ կորուստներ են ունեցել: Երկուշաբթի առավոտյան Լոնդոնում բիթքոյնը վաճառվում էր շուրջ 99200 դոլարով:


Perplexity AI ընկերությունը նոր գործարք է առաջարկել TikTok-ի մայր ընկերությանը՝ ByteDance-ին, ինչն ԱՄՆ կառավարությանը կարող է հնարավորություն տալ դառնալու երկու ընկերությունների՝ Perplexity-ի և TikTok-ի ամերիկյան բիզնեսի միավորումից առաջացած նոր կազմակերպության մինչև 50%-ի սեփականատերը, հաղորդում է AP-ն՝ հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրին։ Վերանայված առաջարկը մշակվել է ԱՄՆ օրենքներին համապատասխան, որոնք TikTok-ից պահանջում են խզել կապերը ByteDance-ի հետ: Եթե գործարքը հաստատվի, ByteDance-ը դեռևս կպահպանի իր մասնաբաժինը նոր կառույցում, բայց չի պահպանի TikTok-ի՝ ամերիկյան բիզնեսի վերահսկողությունը: ԱՄՆ կառավարությունը TikTok-ի անվտանգության հետ կապված մտահոգություններ ունի։ Թեև պետդեպարտամենտը չի ներկայացրել ապացույցներ, որ TikTok-ն օգտատերերի տվյալներով կիսվում է Չինաստանի հետ, սակայն մտահոգություններ կան կապված հավելվածի ալգորիթմի վրա ByteDance-ի վերահսկողության ազդեցության շուրջ: Անցյալ տարի կոնգրեսն ընդունեց օրենք, որը սպառնում էր արգելել TikTok-ն ԱՄՆ-ում, եթե այն չխզի կապերը ByteDance-ի հետ։


Ozempic  նիհարեցնող նոր դեղամիջոցի փորձարկման խոստումնալից արդյունքներից հետո Novo Nordisk ընկերության բաժնետոմսերը թանկացել են 7%-ով: Փորձարկումը ցույց է տվել, որ նոր դեղամիջոցն օգտագործող մարդիկ 36 շաբաթվա ընթացքում կորցրել են քաշի 22%-ը։ Կողմնակի ազդեցությունների մեծ մասը ստամոքսի ոչ շատ ծանր խնդիրներն են եղել:


2025 թվականի հունվարի 20-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունվարի 19–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 12.530 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 91.8769 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.7682 տոկոս։ 2025 թվականի հունվարի 27-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. նոյեմբերի 3–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 3 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 13.628 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.8480 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.4282 տոկոս։


2024 թվականին ԱՄՆ–ում տների վաճառքը նվազել է մինչև 1995 թվականից ի վեր ամենացածր մակարդակը. վաճառվել է 4,06 միլիոն տուն, մինչդեռ 2021-ին այս ցուցանիշը 6,1 միլիոն էր։ Սա պայմանավորված է  հիմնականում հիփոթեքային բարձր տոկոսադրույքներով և անշարժ գույքի բարձր գներով։ Այնուամենայնիվ, շուկան մի փոքր բարելավում է գրանցել դեկտեմբերին. 2023 թվականի դեկտեմբերի համեմատ վաճառքներն աճել են 9,3%-ով: Փորձագետները կանխատեսում են, որ շուկան կարող է ակտիվանալ 2025 թվականին, քանի որ մարդիկ գնալով հարմարվում են հիփոթեքային ավելի բարձր տոկոսադրույքներին։


ԱՄՆ-ի բիզնես ակտիվությունը հունվարին դանդաղել է մինչև ինն ամսվա նվազագույն ցուցանիշը, իսկ արտադրության և ծառայությունների համակցված ինդեքսը դեկտեմբերի 55,4-ից իջել է մինչև 52,4: Այս նվազումը հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի տեմպերի դանդաղմամբ: Արտադրությունը որոշակի բարելավում է ցույց տվել՝ յոթ ամսվա ընթացքում առաջին անգամ ընդլայնվելով։


Տնտեսագետներն ակնկալում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի վերաֆինանսավորման տոկոսադրույքն իր առաջիկա նիստում՝ նախագահ Թրամփի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշության ֆոնին: Չնայած գնաճը մոտենում է իր 2% թիրախային ցուցանիշին, Դաշնային պահուստային համակարգը զգուշավոր է անորոշությունների պատճառով, ինչպիսիք են ներմուծման մաքսատուրքերի աճը և Թրամփի ներգաղթային քաղաքականության խստացումները, որոնք կարող են ավելի բարդացնել գնաճի վերահսկողությունը։ Կենտրոնական բանկը սպասում է, մինչև պարզ կդառնա, թե ինչպես են քաղաքականության այս փոփոխություններն ազդելու գնաճի և տնտեսական աճի վրա: Վերլուծաբաններն ակնկալում են, որ Դաշնային պահուստային համակարգը կարող է փոխել տոկոսադրույքները մարտին կամ դրանից հետո՝ կախված գնաճի և տնտեսության դինամիկայից:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 
 
 
 
  • Archive