ՀՀ պետական կառույցների շարքային աշխատողներ Pegasus-ի կողմից հարձակման ենթարկվելու մասին ծանուցում են ստացել Apple-ից. Սամվել Մարտիրոսյան

16 դեկտեմբերի, 2022  18:04

Նախորդ գիշեր տասնյակ քաղաքացիներ Apple-ից ստացել են ծանուցում, որ իրենց հեռախոսը Pegasus լրտեսական ծրագրի կողմից ենթարկվել է հարձակման: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ վերջին անգամ նման դեպք գրանցվել էր այս տարվա նոյեմբերին:

«Կրկին ծանուցումներ են ստացել քաղաքական և հասարակական գործիչներ, բայց այս անգամ նրանց շարքում են նաև հասարակ պաշտոնյաներ, պետական կառույցների շարքային աշխատակիցներ, ինչը շատ մտահոգիչ փաստ է: Այս մարդկանց մեծ մասն առաջին անգամ էր ստանում հաղորդագրությունները, սակայն դեպք կա, երբ մարդը ծանուցումը ստացել է և՛ անցյալ տարի, և՛ այս տարվա նոյեմբերին, բայց քիչ են նման դեպքերը»,- ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս լրտեսական ծառայությունից օգտվելը բավական թանկ է, այն իսրայելական ծրագիր է և վաճառվում է միայն պետություններին: «Հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ տվյալ հեռախոսի ֆայլերին, տեսախցիկը միացնել, չատերից օգտվել, մարդու գտնվելու վայրը իմանալ և այդպես շարունակ: Pegasus-ն առանձնանում է նրանով, որ դու ինչ-որ բանի վրա սխալմամբ սեղմում ես դրանով վարակվելու համար»,- բացատրեց մասնագետը։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ բարդ է պարզելը, թե որ երկրի կողմից է եղել վարակի պատվերը, որովհետև տվյալ պետությունը տալիս է պատվերը, բայց վարակողն արտադրողն է: Նրա խոսքով՝ նամակն Apple-ն ուղարկում է, երբ գտնում է վարակման մասին ազդակներ, բայց բուն վարակումը կարող է տեղի ունեցած լինել շատ ավելի շուտ, օրինակ՝ մեկ տարի առաջ:

«Սա աշխարհի շատ երկրներում օգտագործվող ծրագիր է, Հայաստանը միակ թիրախը չէ: Մեր դեպքում վարակման ամենաշատ կուտակումը եղել է 2021 թ․ արտահերթ ընտրություններից առաջ: Բայց սա միայն այն կողմն է, ինչը մեզ հայտնի է: Չես կարող իմանալ, թե քո որ տվյալներից են օգտվել, լավագույն դեպքում կարող ես իմանալ, թե քեզ երբ են վարակել, բայց դա էլ հեշտ աշխատանք չէ, հատուկ մասնագետներ են պետք»,- ընդգծեց նա։

Նման վարակումներից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս պարբերաբար թարմացնել հեռախոսի ծրագրակազմը։ Կարելի է օգտվել նաև Apple Lockdown ռեժիմից, որը հեռախոսը բերում է պաշտպանողական վիճակի և հնարավոր դարձնում խուսափելը նման վարակներից։

Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակել է իսրայելական NSO Group ընկերությունը։ Այն կարող է գաղտնի տեղադրվել բջջային հեռախոսների (և այլ սարքերի վրա), որոնք աշխատում են iOS և Android օպերացիոն համակարգերով։ Pegasus-ը հայտնաբերվել է 2016-ի օգոստոսին, երբ այն անհաջող կերպով փորձել էին տեղադրել մի իրավապաշտպանի iPhone-ում։ Դրանից հետո հետաքննություն էր սկսվել, ինչի արդյունքում էլ այն բացահայտվել էր։ Pegasus-ը մեծապես կիրառվել և կիրառվում է հակակառավարական տրամադրություններ ունեցող ակտիվիստների և քաղաքական գործիչների, ինչպես նաև լրագրողների և իրավապաշտպանների հսկողության համար։ 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ