Ապակե սմարթֆոն, AR ակնոց և մեկ չիպով Bluetooth համակարգ. Oppo-ն հետաքրքիր նորույթներ է ցուցադրել

15 դեկտեմբերի, 2022  12:30

Չինական Oppo ընկերությունը Inno Day 2022 միջոցառման ժամանակ ներկայացրել է մի շարք հետաքրքիր նոր սարքեր, այդ թվում՝ ամբողջովին ապակյա սմարթֆոն, լրացված իրականության (AR) ակնոց, նոր՝ մեկ չիպով Bluetooth համակարգ, ինչպես նաև առողջության մոնիտորինգի  սարք, անլար ականջակալ և խելացի ժամացույցներ։

Oppo-ն հաճախ է ցուցադրում տարբեր սարքերի նախատիպեր, որոնք այդպես էլ չեն հասնում սերիական արտադրության, ուստի դժվար է ասել, թե արդյոք ցուցադրված այս բոլոր սարքերը կհայտնվեն շուկայում: Բայց դրանք խոստումնալից տեսք ունեն։

Ապակե սմարթֆոն

Equal Library տելեգրամյան ալիքի հրապարակած լուսանկարներում կարելի է տեսնել կոնցեպտուալ սմարթֆոն, որն իր կառուցվածքով տարբերվում է «սովորականից»․ հեռախոսի կորպուսն ամբողջությամբ ապակյա է՝ առանց մետաղական շրջանակի, որը սովորաբար ծածկում է ապակե վահանակների եզրերը։

oppo-glass-phone

Լուսանկարներում կարելի է տեսնել նաև տեսախցիկի շրջանաձև բլոկը՝ Powered by MariSilicon մակագրությամբ։ Այս ապրանքանիշի ներքո Oppo-ն թողարկում է չիպեր՝ լուսանկարների որակը բարելավելու համար:

Այս սմարթֆոնի մասին որևէ այլ բան դեռ հայտնի չէ։ Հարկ է հիշել, որ հնարավոր է, որ այն մնա հետաքրքիր կոնցեպտ և չհասնի սերիական արտադրության:

Ապակե այլ սարքեր

Ընկերությունը ցուցադրել է նաև ապակուց պատրաստված այլ սարքեր։ Խոսքը, մասնավորապես, ապակե շրջանակով ժամացույցի, ինչպես նաև անլար ականջակալի մասին է, որն ապակե ծածկույթով պատյան ունի։

oppo-smart-watch

Այս բոլոր սարքերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, կան միայն լուսանկարներ:

earbuds-oppo

Լրացված իրականության Air Glass 2 ակնոց

Ընկերության մեկ այլ հետաքրքիր նորույթ է Oppo Air Glass 2 խելացի ակնոցը, որը հիմնված է լրացված իրականության տեխնոլոգիայի վրա։

Արտաքինից Air Glass 2-ը գրեթե չի տարբերվում սովորական ակնոցից և կշռում է ընդամենը 38 գրամ։ Դրա օգնությամբ, ըստ ընկերության ներկայացուցիչների, կարելի է իրական ժամանակում կատարել հեռախոսազանգեր և փոխանցումներ։ Ավելին, ակնոցը կարող է նաև օգնել լսողության խանգարումներ ունեցող մարդկանց և ձայնը վերածել տեքստի:

oppo-glasses-AR

Ակնոցում օգտագործվում է աշխարհում առաջին պոլիմերային դիֆրակցիոն ալիքատար ոսպնյակը, որը մշակվել է Oppo-ի կողմից: Տեսողության խանգարումներ ունեցող օգտատերերը կկարողանան ընտրել անհատական ​​ոսպնյակներ։ Ավելի մեծ հարմարության համար ակնոցի շրջանակներն անհրաժեշտության դեպքում կարելի է հավելյալ թեքել։

Ի տարբերություն մյուս սարքերի, ակնոցը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա շուկա (հատկապես, որ Oppo Air Glass-ի առաջին սերնդի ակնոցը վաղուց արդեն վաճառվում է. այն շուկայում հայտնվել է անցյալ տարվա դեկտեմբերին), բայց հստակ հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա և այն որքան կարժենա։

MariSilicon Y

Ընկերության հաջորդ նորույթը MariSilicon Y մեկ չիպով Bluetooth համակարգն է, որը, հակառակ  անվանը, կապ չունի MariSilicon X-ի հետ, որը, պատկերի նեյրոնային մշակման մոդուլ է։

Oppo-MariSilicon-Y

MariSilicon Y-ն առաջին մեկչիպանի համակարգերից է, որն օգտագործում է առաջադեմ N6RF տեխնոլոգիան՝ Bluetooth-ի թողունակությունը մինչև 50%-ով ավելացնելու համար (համեմատած այլ` նույնիսկ ամենաառաջադեմ Bluetooth լուծումների հետ): Ըստ Oppo-ի՝ MariSilicon Y-ն հնարավորություն է տալիս ձայնը փոխանցել Bluetooth-ով 24 բիթ/192 կՀց հաճախականությամբ՝ առանց ձայնի որակի կորստի։

MariSilicon Y-ն ունի ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա՝ այն կարող է արհեստական ​բանականության միջոցով իրական ժամանակում ցանկացած երգ բաժանել տարբեր թրեքների (երգչի ձայնը, հարվածային գործիքների, ստեղնաշարերի հնչյունները և այլն): 

OHealth H1

Oppo-ն նաև հայտարարել է OHealth ապրանքանիշի և դրա ներքո առաջին արտադրանքի՝ առողջության մոնիտորինգի OHealth H1 սարքի մասին:

Այս սարքը կարող է վերահսկել արյան մեջ թթվածնի մակարդակը, կատարել ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), լսել սրտի ու թոքերի աշխատանքը (ինչը բժիշկն անում է ստետոսկոպի միջոցով), չափել սրտի կծկումների հաճախականությունը և մարմնի ջերմաստիճանը և հետևել քնի ընթացքին։

oppo-health

OHealth H1-ը կշռում է ընդամենը 95 գրամ և օվալաձև է՝ կլոր եզրերով:

Սարքը ստացված տվյալները համեմատում է գոյություն ունեցող առողջապահական ալգորիթմների հետ՝ մարդու առողջության վիճակի մանրամասն պատկերացում կազմելու համար։

Ավելին, սարքը կարող է այս տվյալները կիսել բժիշկների և հիվանդանոցների հետ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ