Փոխել բիզնեսի փիլիսոփայությունը, կիրառել խելացի տեխնոլոգիաներ․ Արմեն Բալդրյանը՝ խելացի կառավարման մասին

13 դեկտեմբերի, 2022  20:41


Հայաստանում այսօր պետք է փոխվի բիզնեսի փիլիսոփայությունը, այն պետք է հաշվի առնի ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները։ NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ում ղեկավարած կառույցն արդեն չորրորդ անգամ Հայաստանում անցկացնում է SILICON MOUNTAINS 2022 գագաթաժողովը, որի նպատակն է մասնավոր և պետական սեկտորին ցույց տալ, թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաները կարող են նպաստել դրանց զարգացմանը։

Արմեն Բալդրյանի խոսքով՝ գագաթաժողովը բիզնեսներին, տնտեսության այլ ճյուղերին հնարավորություն է ընձեռում տեսնել, թե ինչ կարող են տալ տեխնոլոգիաներն իրենց բիզնեսի զարգացմանը։ «Եվ այստեղ շատ կարևոր է հենց բիզնեսի փիլիսոփայության փոփոխությունը, քանի որ միայն տեխնոլոգիա կիրառելով, այսինքն՝ այն, ինչ անում ենք այսօր ձեռքով, անենք ավտոմատացված կերպով, դա դեռ հեղափոխական լուծում չէ։ Պետք է հենց բիզնեսի փիլիսոփայությունը փոխվի, ընդհանրապես բիզնեսի մոդելը փոխվի՝ հաշվի առնելով այսօրվա տեխնոլոգիական զարգացումները»- ասում է նա։

Արմեն Բալդրյանը նշում է, որ նախորդ գագաթաժողովից հետո ակտիվ քննարկումներ են սկսվել: «Մենք տեսնում ենք պետական մակարդակով քայլեր տեխնոլոգիաների ներդրման և կիրառման առումով, ինչը դրական է: Բայց ոլորտը, աշխարհի զարգացումն այնպես է, որ միշտ ակնկալիք ունենք առավել արագ և կտրուկ քայլերի»,- ասում է նա:

Մասնավոր հատվածն ավելի պասիվ է

Խոսելով խելացի կառավարման մասին՝ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը նշում է, որ եթե պետական հատվածում կան ինչ-որ ծրագրեր, ինչ-որ քայլեր արվում են, ապա մասնավոր հատվածն այսօր ավելի պասիվ է, քան պետականը։

«Եվ այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչու է մասնավոր հատվածը պասիվ։ Այնտեղ կարող են լինել գուցե ֆինանսական, մարդկային ռեսուրսների խնդիրներ։ Այդ առումով խելացի կառավարման կիրառումը հենց մասնավոր հատվածում, պետական հատվածում շատ կարևոր է, որ քննարկվում է»,- ասում է նա՝ հավելելով, որ միությունը հստակ քայլեր է ձևակերպելու, որոնք ներկայացնելու է և՛ կառավարությանը, և՛ մասնավոր ընկերություններին։

«Խելացի կառավարումն ընդհանրապես կառավարման մոդելի փոփոխությունն է՝ հաշվի առնելով այսօրվա տեխնոլոգիաները և, իհարկե, ապագա տեխնոլոգիաները։ Քանի որ եթե ինչ-որ բան փոփոխում ես, ապա պետք է հաշվի առնես, թե հինգ տարի հետո այն որքան է ակտուալ լինելու։ Եվ այստեղ կրիտիկական կետը սպասարկման որակի կտրուկ բարձրացումն է և արագության կտրուկ աճը։ Կարծում եմ՝ օգտագործողի համար կարևորը սա է, որ ինքը կսպասարկվի շատ արագ և շատ որակով»- բացատրում է նա։

Ինչո՞ւ է կարևոր խելացի կառավարումը

Ըստ Արմեն Բալդրյանի՝ խելացի կառավարումը կարևոր է մի քանի պատճառով։ Նախ՝ խելացի կառավարման դեպքում կբարձրանա մարդկանց բավարարվածության մակարդակը, մարդիկ ավելի գոհ կլինեն կառավարումից։ Երկրորդը՝ կառավարման թափանցիկությունն է, քանի որ բոլորը կարող են միաժամանակ տեսնել և նույնիսկ, հարկ եղած դեպքում մասնակցել կառավարմանը, և դրանով ողջ գործընթացները շատ ավելի թափանցիկ, արագ և տեսանելի կլինեն։

«Պետական կառավարման տեսակետից հիմնականը սա է։ Իսկ մասնավոր ձեռնարկությունների կառավարման տեսակետից, նորից՝ աշխատակիցների ներգրավումը, քանի որ լավ գաղափարները նաև դուրս են մնում մասնավոր բիզնեսից։ Եվ, իհարկե, մրցունակ բիզնեսի զարգացումը»,- ասում է նա։

Արմեն Բալդրյանը նշում է, որ օրինակ՝ Հայաստանում արտադրողականությունը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ում բավականին ցածր է, և դա հնարավոր է բարձրացնել միայն խելացի տեխնոլոգիաներ կիրառելով։

«Եվ այստեղ շատ կարևոր է հենց բիզնեսի տեղեկացվածությունը, որպեսզի նրանք գնահատեն այդ տեխնոլոգիաների կիրառման իրական ուժը։ Առաջին հայացքից թվում է, թե ինչ-որ տեխնոլոգիաներ գնահատելը թանկ է, սակայն երբ վերլուծում եք մի քանի տարվա իրավիճակը և հասկանում, թե ձեր բիզնեսն ուր կգնա, այդտեղ կտրուկ աճ կարող է լինել։ Եվ դա կբերի Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը միջազգային շուկայում»,- վստահեցնում է նա։

Խելացի մարդիկ և խելացի տեխնոլոգիաներ

Հարցին, թե որքանո՞վ է Հայաստանում կառավարումը խելացի, ի՞նչ է պետք անել, որպեսզի այն ավելի խելացի դառնա, Արմեն Բալդրյանը պատասխանում է, որ խելացին հարաբերական է․ եթե խելացի մարդիկ են մասնակցում կառավարմանը, դեռ չի նշանակում, որ այն խելացի է, այսինքն՝ այստեղ մոդելի հարց կա։

«Օրինակ՝ ինձ համար պարզ չէ Հայաստանի կառավարման մոդելը, առավել ևս հեռանկարային մոդելը, թե ինչ մոդելով պետություն կամ ինչ բիզնես ենք մենք կառուցում։ Սա հասկանալը, դա մոդելավորելը և այդ մոդելի կտրվածքով հեռանկարային զարգացումներ կանխատեսելը շատ կարևոր է։ Այսինքն՝ պետք է լինեն խելացի մարդիկ և խելացի տեխնոլոգիաներ։ Խելացի մարդիկ միգուցեև կան, բայց խելացի տեխնոլոգիաների պակաս մենք ունենք»,- ասում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը Արմեն Բալդրյանը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ