Apple-ը գրանցել է խելացի ժամացույցի գոտու արտոնագիր, որը կարող է չափել մի շարք կենսական նշանակության ցուցանիշներ, այդ թվում՝ արյան ճնշումը, հայտնում է Patently Apple կայքը։
Համաձայն ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակի (USPTO), ճկուն գոտին կարող է օգտագործվել որպես առողջության մոնիտորինգի գործիք՝ հավաքելով տվյալներ կրողի շնչառության հաճախականության, արյան ճնշման և էլեկտրասրտագրության վերաբերյալ: Apple-ի ինժեներներն առաջարկել են գոտու մեջ տեղադրել սենսորներ, որոնք կարող են անլար եղանակով տեղեկություններ փոխանցել սարքին, օրինակ՝ խելացի ժամացույցին:
Արտոնագրի նկարագրությունում նաև նշվում է, որ այսպիսի սենսորները կարող են տեղադրվել նաև գոտու մեջ, որն օգտագործվում է խառը իրականության Vision Pro սարքն ամրացնելու համար։
Բացի դրանից՝ նշվում է, որ առաձգական նյութերի սենսորները կարող են օգտագործվել նաև հագուստի այլ տարրերում, ինչպիսիք են գլխարկները, ձեռնոցները, վերնաշապիկները, տաբատները, ներքնազգեստը և գուլպաները: Նաև խելացի ժապավենը կարող է լիցքավորվել անլար եղանակով, ինչը, Apple-ի ինժեներների կարծիքով, կհեշտացնի դրա օգտագործումը։
Նշվում է, որ մեկ օրում USPTO-ում հրապարակվել է ընդհանուր առմամբ Apple-ին տրված 38 արտոնագիր։
month
week
day