Twitter Blue-ն ավելի քիչ կարժենա նրանց համար, ովքեր կվճարեն կայքի, ոչ թե Apple iOS հավելվածի միջոցով

8 դեկտեմբերի, 2022  12:38

Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը սկզբում պլանավորում էր ամսական 8 դոլար գանձել Twitter Blue ստուգանիշի համար բոլոր բաժանորդներից, սակայն Apple-ի ղեկավարի հետ վերջերս ունեցած բանակցություններից հետո նրա մտադրությունները կարող էին փոխվել։ Apple սարքերի օգտատերերն այսուհետ կկարողանան ամսական 4 դոլար խնայել, եթե Blue ստուգանիշի համար վճարեն կայքի միջոցով, մինչդեռ հավելվածում վճարելու համար կպահանջվի ամսական ծախսել 11 դոլար, այս մասին տեղեկացնում է The Information պարբերականը։

Լրատվականները նախկինում քննարկել են սխեման, ըստ որի՝ Twitter-ը կարող է խուսափել 30% միջնորդավճարից՝ բաժանորդագրության համար վճարումը արտաքին կայքի միջոցով կազմակերպելու դեպքում: App Store-ի կանոնները դա չեն արգելում, սակայն Apple-ի վճարումների էկոհամակարգում վճարումների կազմակերպումը ենթադրում է 15 կամ 30% միջնորդավճար՝ կախված առաջին բաժանորդագրության ժամկետի տևողությունից: 

Աղբյուրը պարզաբանում է, որ Twitter-ը պատրաստվում է ամսական 7 դոլար վճար սահմանել նրանց համար, ովքեր պատրաստ են վճարել հատուկ կայքի միջոցով, սակայն iOS հավելվածի օգտատերերը ստիպված կլինեն ամսական վճարել 11 դոլար, քանի որ այդ գումարի մի մասը կհասնի Apple-ին՝ միջնորդավճարի տեսքով։

Հիշեցնենք, որ Twitter-ի և Apple-ի ղեկավարները վերջերս հանդիպել են Apple-ի գլխամասային գրասենյակում, ինչից հետո հայտարարել էին, որ վերջ են դրել առկա թյուրիմացությանը, թե Apple-ը մտադիր է Twitter-ի հավելվածը հեռացնել App Store-ից։ Ավելին, Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հասկացրել էր, որ երբեք նման մտադրություն չի ունեցել։ Ավելի ուշ Apple-ն ամբողջությամբ վերականգնեց Twitter-ում գովազդի գնումը։

Առ այսօր Twitter-ի եկամուտների մեծ մասը ստացվել է գովազդից, սակայն Իլոն Մասկը փորձում է այդ եկամտի աղբյուր դարձնել Blue բաժանորդագրությունը դարձնել: Այս պարագայում, բնականաբար, նա շահագրգռված է խնայել կոմիսիոն ծախսերը, նշում է պարբերականը։

Իլոն Մասկի օրոք Twitter-ում խնդիրներ են ծագել գովազդի հետ, և տարեկան 5 միլիարդ դոլար գովազդային եկամուտ ունեցող հարթակի գովազդային բիզնեսը վնասներ է կրում, քանի որ Apple-ից բացի Twitter-ում գովազդային արշավները դադարեցրել էին General Motors-ը, Volkswagen-ը, Carlsberg-ը և այլ ընկերություններ։

Շատ փորձագետներ պնդում են, որ բոլոր այս խնդիրների պատճառը Իլոն Մասկի անկանխատեսելի պահվածքն ու գովազդատուների հետ նրա կոնֆլիկտներն են, այլ ոչ թե անձնակազմի էական կրճատումը և դրա հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրները։ Լրատվականները նաև հաղորդում էին այն մասին, որ Մասկն անձամբ է զանգահարել մի շարք գովազդատուների և հանդիմանել նրանց, ինչից հետո նրանք դադարեցրել են գովազդը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ