Apple-ը 12 համակարգիչ հնացած է ճանաչել

25 սեպտեմբերի, 2024  12:02

Apple կորպորացիան 12 Mac համակարգիչ է հայտարարել հնացած: Այս մասին հայտնում է MacRumors-ը։

Ցանկում ներառված են MacBook նոութբուքների և iMac սեղանի համակարգիչների տարբեր մոդելներ, որոնք թողարկվել են 2015-ից 2018 թվականներին։ Ամենահինը 2015-ի սկզբին թողարկված MacBook Air-ն է, ինչպես նաև երեք iMac և մեկ MacBook Pro, որոնք թողարկվել են 2015-ի վերջին:

Բացի դրանից՝ հնացած են ճանաչվել նաև 2016-ի 13-դյույմանոց MacBook Pro-ն, 2016-ի 12-դյույմանոց MacBook-ը և 2017-ի 13-դյույմանոց MacBook Pro-ն։

Հնացած սարքերի ցանկից ամենանոր մոդելը 13 դյույմանոց MacBook Pro-ն է, որն ունի Thunderbolt 3 միակցիչներ: Սարքը թողարկվել է 2018-ին:

Աղբյուրն ընդգծում է, որ Apple-ն իր արտադրանքը հնացած է համարում այն ժամանակ, երբ դրա վաճառքի դադարեցումից ավելի քան հինգ տարի է անցել։

Եթե Apple-ը հայտարարում է, որ այս կամ այն ապրանքը հնացած է, ապա դա նշանակում է, որ տվյալ արտադրանքը մասերի վերանորոգման կամ սպասարկման ծառայություն չի ստանալու Apple-ի պաշտոնական խանութներում կամ լիազորված սպասարկման կենտրոններում։ Սարքերը չեն ստանա նաև ծրագրաշարի թարմացումներ։

Օրերս հայտնի դարձավ, որ Apple-ը պատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում ևս մեկ միջոցառում անցկացնել, որի շրջանակում կներկայացվի առնվազն յոթ նոր սարք: Սպասվում է, որ Apple-ի աշնանային երկրորդ շնորհանդեսը տեղի կունենա 2024-ի հոկտեմբերին։


 
 
 
 
  • Archive