Ռուսաստանը ցանկանում է ստեղծել տեսախաղերի տարիքային իր մակնշումը. ի՞նչ մակնշումներ կան այսօր

2 դեկտեմբերի, 2022  19:38

Ռուսաստանը նախատեսում է ներդնել տեսախաղերի տարիքային դասակարգման սեփական մակնշումը և այն դարձնել պարտադիր: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այս նախաձեռնությունը կներառվի «Նորմատիվ կարգավորում» դաշնային նախագծում՝ «Թվային տնտեսություն» ազգային ծրագրի շրջանակում։

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի գրասենյակից ասել են, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են «երեխաների շրջանում ապակառուցողական տեղեկատվության անվերահսկելի տարածումը կանխելուն»։

Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը, ներկայումս Ռուսաստանում բովանդակության տարիքային մակնշման համար «Երեխաներին նրանց առողջությանն ու զարգացմանը վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու մասին» դաշնային օրենքն արդեն որոշակի պահանջներ է սահմանում, որոնք, սակայն, տեսախաղերին միայն մասամբ են վերաբերում:

Մյուս կողմից, շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ բոլոր խաղերի ստուգումը կհանգեցնի ծախսերի ավելացման, կավելանա նաև բովանդակությունը կարգավորելու բեռը, ավելին, վտանգ կա, որ չափից ավելի կարգավորումը բացասաբար կանդրադառնա առցանց խաղերի ոլորտի զարգացման վրա, քանի որ ընկերությունները ստիպված կլինեն ընդլայնել իրավաբանական բաժինները, որպեսզի դրանք ստուգեն, թե որքանով է իրենց արտադրանքը համապատասխանում օրենքին։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում առաջարկվող մակնշումները և ինչպես են դրանք դասակարգելու խաղերը։ Սակայն ակնկալվում է, որ տարիքային մակնշման համակարգի ներդրումը կարելի է սպասել հաջորդ տարվա սկզբին։

Ինչո՞ւ է անհրաժեշտ տեսախաղերի տարիքային մակնշումը

Տարիքային մակնշումը օգնում է ծնողներին ընտրել իրենց երեխաների տարիքին համապատասխան խաղեր: Ենթադրվում է, որ նման մանշումն օգնում է պաշտպանել երեխաներին անցանկալի բովանդակությունից։

Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ տարբեր հարթակներ տարբեր կերպ են դասակարգում խաղերը: Արդյունքում նույն խաղը մի հարթակում կարող է ներկայացվել որպես խաղ, որը նախատեսված է 10 տարեկան երեխաների համար, իսկ մյուսում կարող է ասվել, որ այն ավելի մեծ երեխաների համար է։ Ավելին, հավելվածների խանութի կամ այլ հարթակի կողմից սահմանված մակնշումը միշտ չէ, որ համապատասխանում է խաղի մշակողի առաջարկածին։ Օրինակ՝ Clash of Clans-ը Google Play հավելվածների խանութում ունի «10 տարեկանից մեծ բոլորի համար» մակնշում, մինչդեռ այս խաղի մշակողը նշում է, որ այն նախատեսված է 13 տարեկան և բարձր երեխաների համար, քանի որ խաղն ունի չատի գործառույթ և ներծրագրային գնումների հնարավորություն:

Տեսախաղերի տարիքային ի՞նչ մակնշումներ կան այսօր

Տարբեր տարիքային մակնշումներ այսօր կիրառվում են ոչ միայն տարբեր հարթակներում, այլ նաև տարբեր երկրներում:

Օրինակ՝ PEGI մակնշումները հիմնականում օգտագործվում են Եվրոպայում և Ասիայում:

  • PEGI 3– նախատեսված է բոլոր տարիքների համար,
  • PEGI 7– նախատեսված է փոքր երեխաների համար,
  • PEGI 12– նախատեսված է երեխաների համար սկսած 12 տարեկանից,
  • PEG 16– նախատեսված է երեխաների համար սկսած 16 տարեկանի,
  • PEGI 18– նախատեսված է միայն մեծահասակների համար։

ԱՄՆ-ում հիմնականում օգտագործվում են Entertainment Software Rating Board (ESRB) վարկանիշները․

  • RP– վարկանիշը դեռ հայտնի չէ,
  • EC– փոքր երեխաների համար,
  • E– բոլորի համար,
  • Е 10+– 10 տարեկանից մեծ բոլորի համար,
  • T– դեռահասների համար,
  • M– հասունների համար,
  • A– մեծահասակների համար։

Հավելվածների խանութներն օգտագործում են հետևյալ մակնշումները.

  • 4 +– Չի պարունակում անցանկալի նյութեր,
  • 9+– Հնարավոր է պարունակի բովանդակություն, որը նախատեսված չէ մինչև 9 տարեկան երեխաների համար,
  • 12+– Հնարավոր է պարունակի բովանդակություն, որը նախատեսված չէ մինչև 12 տարեկան երեխաների համար
  • 17+– Հնարավոր է պարունակի բովանդակություն, որը նախատեսված չէ մինչև 17 տարեկան երեխաների համար

Նշենք, որ Play Store-ի բոլոր հավելվածների համար Google-ը նշում է տարիքային մակնշումը՝ համաձայն Տարիքային մակնշման միջազգային կոալիցիայի (IARC) պահանջների: Սա նշանակում է, որ երբ այցելում եք հավելվածների խանութ, ապա տեսնում եք տարիքային մակնշումները, որոնք օգտագործվում են ձեր տարածաշրջանում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ