Ե՞րբ ակնկալել առաջին The Witcher-ի ռիմեյքը և որքանո՞վ այն կտարբերվի բնօրինակ խաղից

2 դեկտեմբերի, 2022  12:17

Unreal Engine 5-ով աշխատող The Witcher խաղի առաջին ռիմեյքը զգալիորեն տարբերվելու է սկզբնական խաղից. նոր տարբերակում խաղի աշխարհը բաց կլինի, և երկխոսության մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կվերահնչյունավորվի: Այլ փոփոխություններ, հավանաբար, ևս կլինեն, բայց դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ։ Ինչ վերաբերում է խաղի թողարկման ամսաթվին, ապա խաղը չպետք է սպասել 2025 թ․ կամ նույնիսկ 2026-ից շուտ։

The Witcher-ի ռիմեյքը կթողարկվի միայն The Witcher 4-ից հետո

Խաղը մշակող CD Projekt ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կիչինսկին ներդրողների հետ զրույցում ասել է, որ The Witcher-ի ռիմեյքը լույս կտեսնի միայն շարքի հաջորդ մասից՝ The Witcher 4-ից հետո, որի կոդային անունը Polaris է:

Այս խաղի մասին դեռ քիչ բան է հայտնի. դատելով այս պահին հասանելի միակ պրոմո լուսանկարից, խաղը կլինի ոչ թե Ռիվիայից Գերալտի, այլ Լուսանի դպրոցից կախարդի մասին: Իսկ կթողարկվի այն 2025-ից ոչ շուտ: Հետևաբար, առաջին խաղի ռիմեյքը կթողարկվի էլ ավելի ուշ:

Ռիմեյքի մշակումն այդքան երկար կտևի, քանի որ, ըստ Կիչինսկու, այն «մեծապես» հիմնված է Polaris-ի տեխնոլոգիայի վրա, հետևաբար կմշակվի դրան զուգահեռ։

«Պոլարիսի թողարկման ժամանակ, երբ դրա բոլոր տարրերը բերվեն իրենց վերջնական տեսքին, դրանցից մի քանիսը նորից կօգտագործվեն ռիմեյքում»,- ասել է Կիչինսկին:

The Witcher-ի ռիմեյքը խաղացողներին կառաջարկի բաց աշխարհ

Ռեմեյքի մասին առաջին անգամ հայտարարվել է 2022 թ․ հոկտեմբերին։ Ըստ մշակողների՝ Canis Majoris կոդային անունով նախագծի շրջանակում խաղն ամբողջովին կվերափոխվի և BioWare-ի Aurora շարժիչից կտեղափոխվի Unreal Engine 5։

the-witcher-remake

Ռիմեյքի վրա CD Projekt RED-ն աշխատում է լեհական Fool's Theory ստուդիայի հետ համագործակցելով, որն AAA խաղերի մշակման յոթ տարվա փորձ ունի։

Ի տարբերություն օրիգինալ խաղի, որտեղ դեպքերի մեծ մասում անհնար էր վերադառնալ շատ վայրեր, որոնք արդեն անցել ես, ռիմեյքում կառաջարկվի խաղային բաց աշխարհ։ Այս մասին ասվում է CD Projekt RED-ի նոր փաստաթղթում, որում ռիմեյքը նկարագրվում է որպես «մեկ խաղացողով սյուժետային դերային խաղ բաց աշխարհում»:

Witcher-ի ռիմեյքը կարող է կրկին հնչյունավորվել

The Witcher-ի առաջին ռիմեյքի ստեղծողները, ամենայն հավանականությամբ, կորոշեն կրկին հնչյունավորել խաղը: Eurogamer-ի լրագրող Ռոբերտ Փուրչեսի հետ հարցազրույցի ժամանակ (անցկացվել է One-to-One փոդքասթի շրջանակում) նման կարծիք է հայտնել Դագ Քոքլը, որը տրիլոգիայի անգլերեն տարբերակում հնչյունավորել է Ջերալտին։

Դագ Քոքլն ասել է, որ ինքը շատ բան չգիտի ռիմեյքի մասին, բայց հուսով է, որ իրեն կրկին կհրավիրեն Ջերալտին հնչյունավորելու, եթե որոշվի փոխել խաղի երկխոսությունները։

Ամենայն հավանականությամբ, խաղն իսկապես կվերահնչյունավորվի, և դրա համար կան մի քանի պատճառներ։

geralt-witcher-2

Նախ, ի տարբերություն առաջին խաղի, երկրորդ և երրորդ խաղերում շատ կերպարների հնչյունավորել են այլ դերասաններ, օրինակ՝ The Witcher 2։ Assassins of Kings-ում Ժյուլ դե Յոնգի փոխարեն Թրիսի ձայնը հնչյունավորել է Ջեյմի Բարբակոֆը, երկրորդ և երրորդ մասերում Դանդելիոնը խոսել է Ջոն Շվաբի ձայնով: Եթե առաջին մասը վերահնչյունավորվի, ապա հնարավոր է, որ գլխավոր հերոսները խոսեն երկրորդ և երրորդ մասերի դերասանների ձայնով։

Երկրորդ՝ առաջին խաղի ստեղծման ժամանակ CD Projekt RED-ը դեռ չուներ հնչյունավորման հարցերով տնօրեն. այդպիսի մասնագետներ հայտնվեցին միայն երկրորդ խաղի ժամանակ։ Հնարավոր է, որ նրանք հիմա աշխատեն նաև առաջինի ռիմեյքի վրա։

Դագ Քոքլը նաև նշել է, որ Unreal Engine 5-ը ծրագրավորողներին ավելի շատ հնարավորություններ կընձեռի։

«Նրանք ստիպված կլինեն փոխել սցենարը, քանի որ կարող են անել մի բան, որը հնարավոր չէր բնօրինակի ժամանակ,- ասել է Քոքլը,- Հավանական է, որ խաղն ամբողջությամբ կամ մասնակիորեն կվերահնչյունավորվի: Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ ներկայիս տեխնոլոգիայով նրանք կվերստեղծեն նույն մարտական ​​համակարգը և կերպարների նույն արտաքին տեսքը»:

Նշենք, որ CD Projekt RED-ը նաև աշխատում է The Witcher 3: Wild Hunt-ի թարմացված տարբերակի վրա։ Ակնկալվում է, որ դրանում «տասնյակ տեսողական և տեխնիկական բարելավումներ» կլինեն, խաղն ավելի արագ կներբեռնվի կոնսոլների վրա, նաև կունենա Netflix-ի սերիալներից մեկի հիման վրա բովանդակություն: Խաղի բարելավված տարբերակը կթողարկվի դեկտեմբերի 14-ին։

                


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ