ԱՄՆ Կոլումբիայի օկրուգի դաշնային դատարանը վճռել է, որ Google-ը չարաշահել է շուկայում իր ունեցած իշխանությունը, որպեսզի «խեղդի» որոնողական համակարգերի միջև մրցակցությունը, և Google-ի մենաշնորն անօրինական է, գրում է The Washington Post-ը։
«Google-ը մենաշնորհատեր է և գործում է համապատասխանաբար՝ իր մենաշնորհը պահպանելու համար»,- պարբերականը մեջբերում է դատավոր Ամիտ Մեհթայի 276 էջանոց որոշումից մի հատված։
Դատարանը համաձայնել է ԱՄՆ Արդարադատության նախարարության եզրակացությունների հետ, որ ընկերությունը խախտել է հակամենաշնորհային օրենքները՝ Apple-ի և սմարթֆոններ արտադրող այլ ընկերությունների հետ պայմանագրեր կնքելով, որոնցով պահանջվում է սմարթֆոններում նախապես որպես որոնողական համակարգ տեղադրել հենց Google-ը: Դատավորը նաև որոշել է, որ ընկերությունը գովազդային շուկայում իր մրցակիցներին անբարենպաստ վիճակում է դնում։
«Google-ի նկատմամբ այս հաղթանակը պատմական է ամերիկյան ժողովրդի համար: Ոչ մի ընկերություն, անկախ նրանից, թե որքան մեծ է կամ հզոր, օրենքից վեր չէ»,- ասվում է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդի հայտարարությունում:
Alphabet-ի (որին պատկանում է Google-ը) գլոբալ հարցերով նախագահ Քենթ Ուոքերն ասել է, որ ընկերությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ օգտատերերն իրենք են ընտրում, թե որ որոնողական համակարգն օգտագործել իրենց սմարթֆոններում։
Սեպտեմբերին դատարանը կսկսի մեկ այլ գործ քննել Google-ի դեմ՝ գովազդային շուկայում առաջատար դիրքի պատճառով։ Նմանատիպ հայցեր են ներկայացվել Apple-ի, Amazon-ի և Meta-ի դեմ:
month
week
day