Իռլանդիան Meta-ին տուգանել է 265 մլն եվրոյով՝ Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի համար

29 նոյեմբերի, 2022  12:17

Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը Meta Platforms կորպորացիային տուգանել է 265 միլիոն եվրոյով (մոտ 276 միլիոն դոլար)՝ ավելի քան 100 երկրից Facebook-ի ավելի քան 533 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի համար։

Արտահոսքը տեղի է ունեցել 2021 թ․ ապրիլին։ Այդ ժամանակ Insider-ը հայտնաբերել էր հաքերների առցանց ֆորումում տեղադրված տեղեկատվություն, որը վերաբերում էր 2018-2019 թվականներին և ներառում էր հարթակի օգտատերերի լրիվ անունները, հեռախոսահամարները, գտնվելու վայրը և ծննդյան ամսաթիվը:

Այն ժամանակ Meta-ն հայտարարեց, որ չարագործն այդ բոլոր տվյալները ստացել է խոցելիության միջոցով, որը շտկվել էր դեռևս 2019 թ․, և որ դա նախորդ արտահոսքի ժամանակ հրապարակված նույն տեղեկությունն է, որի մասին Motherboard-ը հայտնել էր 2021 թ. հունվարին:

Երբ արտահոսքի մասին հայտնի դարձավ, Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը հետաքննություն սկսեց, որպեսզի պարզի, թե արդյոք Facebook-ը հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի մասին (GDPR) եվրոպական օրենքներին: Հետաքննությունը պարզել է, որ ընկերությունը չի պահպանել անվտանգության՝ օրենքով սահմանված խիստ կանոնները։

Արդյունքում Հանձնաժողովը ոչ միայն տուգանել է ընկերությանը, այլ նաև Meta-ի իռլանդական ստորաբաժանմանը հանձնարարել է աուդիտ անցկացնել և համոզվել, որ ընկերության գործունեությունը տարածաշրջանում համապատասխանում է օրենքին:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովն այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է տուգանում Meta-ին։ Մարտին ընկերությունը տուգանվել է 18,6 միլիոն դոլարով՝ 2018 թ․ տվյալների մի շարք արտահոսքերի վերաբերյալ փաստաթղթավորման հետ կապված խախտումների համար։ Այդ ժամանակ Facebook-ի մոտ 30 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ էին արտահոսել: Իսկ սեպտեմբերին եվրոպական կարգավորիչ մարմինը Meta-ին տուգանել է 402 միլիոն դոլարով այն բանից հետո, երբ հետաքննել էր, թե ինչպես է Meta-ին պատկանող Instagram սոցցանցը մշակում դեռահասների տվյալները:

2022 թ․ Հանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 700 միլիոն դոլարով, և այս թիվը չի ներառում անցյալ տարի Meta-ին պատկանող WhatsApp-ի նկատմամբ կիրառված 267 միլիոն դոլար տուգանքը՝ տվյալների գաղտնիության եվրոպական օրենքները խախտելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս Twitter-ում նույնպես տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել. հաքերները գողացել են ավելի քան 5,4 միլիոն օգտահաշիվների անձնական տվյալները (ներառյալ անձնական հեռախոսահամարները և էլփոստի հասցեները) և դրանք տեղադրել հաքերների ֆորումներից մեկում՝ հանրային տիրույթում:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ