Ինչպե՞ս կփոխվի թվային վճարումների լանդշաֆտը ՀՀ-ում առաջիկա 5 տարում․ հարցազրույց EasyPay-ի մարկետինիգի տնօրենի հետ

12 հուլիսի, 2024  21:02

Ներկայումս Հայաստանն անցնում է անցումային կարևոր շրջան՝ կանխիկից դեպի անկանխիկ վճարումների։ Նման փոփոխությունները, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց EasyPay-ի մարկետինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը, իհարկե, շատ կարևոր են երկրի զարգացման համար, սակայն դրանք իրենց հետ բերում են որոշակի խնդիրներ և հնարավոր ցնցումներ, որոնք մեղմելու համար որոշիչ դեր կխաղա ռիսկերի արդյունավետ և գրագետ կառավարումը։

Ի՞նչ սպասել առաջիկա 5 տարում

Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումի շրջանակում անցկացված հարցազրույցի ժամանակ Պարսեղյանն ասաց, որ իր կարծիքով՝ առաջիկա հինգ տարում Հայաստանում թվային վճարումների լանդշաֆտն էապես կփոխվի։

Մասնագետի հիմնական կանխատեսումները ներառում են հետևյալ փոփոխությունները.

  • Տվյալների բարելավված պաշտպանություն: Ավելի մեծ ուշադրություն կդարձվի անձնական տվյալների պաշտպանության ավելի հուսալի համակարգերի մշակմանը։ Սա կարևոր է վստահություն ձևավորելու և թվային վճարման մեթոդների ավելի համատարած ներդրումը խրախուսելու համար:
  • Ներառական մասնակցություն։ Թվային վճարումների էկոհամակարգը կդառնա ավելի ներառական՝ ներգրավելով մարդկանց սոցիալական բոլոր շերտերից: Ֆինանսական գրագիտության բարելավումը առանցքային դեր կխաղա այս գործընթացում՝ օգնելով կամրջել ժողովրդագրական տարբեր խմբերի միջև առկա անջրպետը:
  • Խաղացողների գլոբալ մասնակցություն։ Հայաստանում թվային վճարումների ոլորտի զարգացմանը զուգահեռ կմեծանա համաշխարհային ֆինանսական և ֆինտեխ խաղացողների մասնակցությունը։ Երկրում արդեն ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն և Mastercard-ը, սակայն բիզնեսի տեսանկյունից միջավայրը պետք է էլ ավելի գրավիչ դառնա, որպեսզի նպաստի նրանց շահերին։

Պարսեղյանի խոսքով՝ այսօր թվային վճարումների ոլորտի մրցունակությունը Հայաստանում արդեն ավելի քան բարձր է և ունի զարգացման մակարդակ, որը համեմատելի է եվրոպականի հետ։ Երկրում գործում են լիցենզավորված ավելի քան վեց վճարային կազմակերպություններ և 18 բանկ, ինչը վկայում է շուկայի գերհագեցվածության մասին։ Չնայած դրան, մասնավոր հատվածի ներդրումները շարունակում են խթանել զարգացումը` ցուցաբերելով կայուն աճ և նորարարություն այս ոլորտում:

Ինչ վերաբերում է ոլորտում առկա խնդիրներին, ապա իրավական-նորմատիվային դաշտը մնում է խնդիր թվային վճարումների էկոհամակարգի շահագրգիռ կողմերի համար: Կանոնների ցանկացած փոփոխություն կարող է դժվարություններ ստեղծել ոլորտի «խաղացողների» համար, սակայն, մյուս կողմից, այս փոփոխությունները, ըստ Պարսեղյանի, անհրաժեշտ են առաջընթացի համար։

«Կարևորն այն է, որ ապահովեն, որպեսզի իրավական-նորմատիվային ակտերի մշակման գործընթացում հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Նման ներառական մոտեցումը կարող է օգնել՝ մեղմելու մտահոգությունները և ստեղծելու տնտեսական աճին նպաստող կարգավորիչ միջավայր»,- նշեց մասնագետը։

Մարզային ենթակառուցվածք

Silicon Mountains Shirak-ը նվիրված էր Հայաստանի մարզերում ՏՏ զարգացման թեմային, իսկ Տիգրան Պարսեղյանը մասնակցում էր մարզերում ներդրումների թեմայով քննարկմանը։ Ներկայումս EasyPay-ը չունի մարզային մասնաճյուղեր, սակայն Հայաստանի շատ քաղաքներում գործում են վճարումների ընդունման տերմինալներ։ Պարսեղյանի խոսքով՝ ընկերությունն այս պահին ունի ավելի քան 4000 տերմինալ, որոնցից մոտ կեսը գտնվում է ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև պարզ առցանց դրամապանակ, որը հասանելի է երկրի ցանկացած կետից։ Այս ամենը, նրա խոսքով, կարող է նպաստել երկրի մարզերում ֆինանսական գրագիտության բարելավմանը և թվային գործարքների ներդրմանը նույնիսկ առանց հավելյալ ներդրումների։

Ճիշտ է, Երևանի և մարզերի միջև ենթակառուցվածքների անհավասարությունը, ըստ փորձագետի, շարունակում է լուրջ խնդիր լինել։ Ընկերության օգտատերերի միայն 20%-ն է ապրում մարզերում, մնացածը՝ մայրաքաղաքում, և դա, ըստ Պարսեղյանի, ընդգծում է թվային վճարումների աջակցման ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը։ Մարզային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունները կարող են նպաստել նոր տեխնոլոգիաների ավելի մեծ ծավալներով ներդրմանն ու ներառականությանը:

Հայացք դեպի ապագա

Թվային վճարումների ապագան Հայաստանում կախված է այնպիսի միջավայրի ստեղծումից, որը բոլոր խաղացողները՝ տեղական և համաշխարհային, գրավիչ կհամարեն գործելու համար: Սա ենթադրում է շարունակական զարգացում, կարգավորող խնդիրների լուծում և ֆինանսական գրագիտության բարելավում: Դրանով Հայաստանը կարող է ապահովել կայուն, ներառական և նորարար թվային վճարումների էկոհամակարգ, որն օգուտ կբերի բոլորին, նշեց Պարսեղյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը թվային վճարումների հեղափոխության շեմին է։ Անցումային շրջանի խնդիրները պատշաճ կերպով լուծելով և տեխնոլոգիական առաջընթացը խելամտորեն օգտագործելով՝ երկիրը կարող է ստեղծել կայուն, ներառական և հեռանկարային ֆինանսական միջավայր, որն օգուտ կբերի և՛ բիզնեսին, և՛ երկրին, և՛ օգտագործողներին:

Հիշեցնենք, որ Silicon Mountains Shirak ֆորումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Գյումրիում։ Միջոցառումը կազմակերպել էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ֆորումի պլատինե գործընկերն է Unicomp-ը, ֆինտեխ գործընկերը՝ EasyPay-ը, տեխնիկական գործընկերը՝ Ucom-ը, արծաթյա գործընկերներն են Synopsys Armenia-ն և Ovio-ն: Միջոցառման մարզային գործընկերներն են EIF-ը և GTC-ն, իսկ մեդիա գործընկերը՝ NEWS.am Tech-ը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ