Երկրից ոչ հեռու ջրածնի սուլֆիդի մթնոլորտ ունեցող էկզոմոլորակ է հայտնաբերվել, որի վրա ապակյա անձրևներ են

10 հուլիսի, 2024  18:14

Ջոնս Հոփքինսի համալսարանի աստղագետները՝ օգտագործելով NASA-ի James Webb տիեզերական աստղադիտակը, Յուպիտերին նմանվող HD 189733 b էկզոմոլորակի վրա հայտնաբերել են ջրածնի սուլֆիդային մթնոլորտ, որտեղ ապակյա անձրևներ են տեղում: Մոլորակը մոտ 13 անգամ ավելի մոտ է իր աստղին, քան Մերկուրին Արեգակին, մակերեսի ջերմաստիճանը 930 °C է, իսկ քամու արագությունը՝ 8000 կմ/ժ։

HD 189733 b էկզոմոլորակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2005-ին, գտնվում է Երկրից մոտ 64 լուսատարի հեռավորության վրա և դրանով փաստացի Յուպիտերին նման ամենամոտ մոլորակն է, որը հասանելի է աստղագիտական ​​դիտարկումների համար: Չնայած բացարձակապես հրեշավոր եղանակային պայմաններին՝ էկզոմոլորակը աստղագետներին և գիտնականներին շատ բան ունի առաջարկելու հետազոտության համար:

«Ծծումբը կենսական նշանակության տարր է ավելի բարդ մոլեկուլներ ստեղծելու համար, ինչպես ածխածինը, ազոտը, թթվածինը և ֆոսֆորը, և գիտնականները պետք է ավելի շատ ուսումնասիրեն այն՝ լիովին հասկանալու համար, թե ինչպես և ինչից են ստեղծվել մոլորակները»,- բացատրել է Ջոն Հոփկինսի համալսարանի աստղաֆիզիկոս Գուանգվեյ Ֆուն, որը ղեկավարել է Nature ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունը: Նա հավելել է, որ տիեզերական այլ օբյեկտների վրա ջրածնի սուլֆիդի առկայությունը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչպես են ձևավորվում տարբեր տեսակի մոլորակներ։

Թիմը նաև չափել է ծանր մետաղների բաղադրությունը, որոնք նման են Յուպիտերի վրա հայտնաբերվածներին, ինչը կարող է օգնել գիտնականներին փոխկապակցել այդ տարրերի քանակը մոլորակի զանգվածի հետ: Օրինակ՝ Նեպտունը և Ուրանը պարունակում են ավելի շատ մետաղներ և այլ ծանր տարրեր, քան Յուպիտերը և Սատուրնը, որոնցում գերակշռում են գազերը, ինչպիսիք են ջրածինը և հելիումը: Գիտնականները կարծում են, որ մոլորակների բաղադրությունն արտացոլում է նրանց վաղ ձևավորման գործընթացը և փորձում են պարզել, թե արդյոք նույնը վերաբերում է տիեզերքի բոլոր էկզոմոլորակներին:

Ֆուն և նրա գործընկերները նախատեսում են վերահսկել ծծմբի միացությունների առկայությունը այլ էկզոմոլորակներում՝ պարզելու, թե այս տարի բարձր մակարդակը որքանով է կապված աստղերից հեռավորության հետ, որոնցում ձևավորվում են մոլորակները: «Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես են այդպիսի մոլորակները հայտնվել այստեղ [որոշակի ուղեծրում], և նրանց մթնոլորտի բաղադրությունը հասկանալը կօգնի մեզ պատասխանել այս հարցին»,- ասել է Ֆուն:


 
 
 
 
  • Արխիվ