WhatsApp-ում լուսանկարներն ԱԲ-ով խմբագրելու գործառույթ կավելանա

9 հուլիսի, 2024  10:13

WhatsApp հանրահայտ մեսենջերն սկսել է նորարարական գործառույթի փորձարկումը, որն օգտատերերին հնարավորություն կտա խմբագրել լուսանկարները և տեղեկություններ ստանալ դրանց մասին՝ օգտագործելով Meta AI արհեստական ​բանականությունը (ԱԲ)։

Ինչպես հայտնում է WABetaInfo-ն, նոր գործառույթը նկատվել է Android-ի համար նախատեսված WhatsApp 2.24.14.20-ի վերջին բետա տարբերակում: Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան լուսանկարներ վերբեռնել Meta-ի ԱԲ չատ, որը կկարողանա վերլուծել պատկերները և պատասխանել դրանց վերաբերյալ լրացուցիչ հարցերին։

Օրինակ՝ հնարավոր կլինի ԱԲ-ին խնդրել, որպեսզի որոշի, թե ինչ օբյեկտներ կան լուսանկարում կամ բացատրել դրա նշանակությունը: Բացի դրանից՝ ԱԲ-ն կկարողանա արագ խմբագրել պատկերները՝ հիմնվելով չատում մուտքագրված տեքստային հարցումների վրա: Թեև այս պահին պարզ չէ, թե որքան ծավալուն կլինեն խմբագրման հնարավորությունները, WABetaInfo-ն նշում է, որ նոր գործառույթը «հարմարավետություն կավելացնի օգտատերերի փորձին» և կօգնի մարդկանց խնայել ժամանակը:

Ի դեպ, գաղտնիությամբ մտահոգ օգտատերերի համար WhatsApp-ը նախատեսել է ցանկացած պահի վերբեռնված լուսանկարները ջնջելու հնարավորություն։ Բացի դրանից՝ Meta-ն նաև մշակում է ԱԲ-ի վրա աշխատող ավատար գեներատոր, որը թույլ կտա օգտատերերին ստեղծել իրենց պատկերները տարբեր ֆոնի և ոճերի մեջ:

ԱԲ-ի օգնությամբ լուսանկարների խմբագրման նոր գործառույթը դեռ փորձարկման փուլում է և հասանելի է միայն Android-ի համար WhatsApp-ի բետա տարբերակում: Դեռ հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար՝ առանց սահմանափակումների;


 
 
 
 
  • Archive