Meta-ն ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է «ՍիվիլՆեթ»-ին

2 հուլիսի, 2024  10:11

Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցին։

«ՍիվիլՆեթ»-ը, որի #CivilNetCheck ստորաբաժանումն իրականացնում է փաստերի ստուգում և հավաստագրվել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի կողմից, կներգրավի հայերենով փաստեր ստուգողների՝ Հայաստանում բովանդակության ճշգրտությունը վերանայելու և գնահատելու համար:

Meta-ն ապատեղեկատվության դեմ իր որդեգրած շարունակական պայքարի շրջանակում համագործակցում է անկախ, երրորդ կողմի փաստեր ստուգողների հետ ամբողջ աշխարհում, որոնք վերանայում և գնահատում են բովանդակության ճշգրտությունը։ Meta-ն ունի փաստերի ստուգման ամենամեծ ցանցը բոլոր հարթակներում։ Երբ փաստերի ստուգողը գնահատում է բովանդակությունը՝ որպես կեղծ, ընկերությունը նվազեցնում է դրա տեսանելիությունը լրահոսում (feed)՝ էապես կրճատելով այդ տեղեկատվության տարածումը։ Սա չեզոքացնում է ապատեղեկատվության տարածումն ու սահմանափակում մարդկանց թիվը, որոնք տեսնում են դա։

Շարունակաբար կեղծ տեղեկատվություն տարածող էջերի, խմբերի ու օգտահաշիվների տեսանելիությունը կրճատվում է, նրանց համար հանվում է մոնետիզացիայի և գովազդի հնարավորությունը։ Երբ բովանդակությունը որակվում է որպես կեղծ, Meta-ն այդ մասին նախազգուշացնում է օգտատերերին, որոնք տեսնում են այդ հրապարակումը կամ փորձում են տարածել այն։ Փաստեր ստուգողները Facebook-ից կամ Instagram-ից չեն ջնջում բովանդակությունը, օգտահաշիվները կամ էջերը։

«Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք «ՍիվիլՆեթ»-ի հետ՝ որպես Հայաստանում տեղական առաջին՝ երրորդ կողմի փաստերի ստուգման գործընկեր։ Սա կեղծ լուրերի դեմ պայքարի նոր հանգրվան է, որը հայաստանցիներին կօգնի առավել անվտանգ օգտագործել մեր հարթակները», - ասել է Meta-ում Հայաստանի գծով հանրային քաղաքականության ղեկավար Ուլիանա Զինինան։

«Մենք մշտապես աշխատում ենք մեր հարթակում ապատեղեկատվության տարածումը կանխելու ուղղությամբ և շատ կարևորում ենք այդ նպատակին հասնելու համար տեղական փորձագետների հետ համագործակցությունը: Մենք ուրախ ենք «ՍիվիլՆեթ»-ի հետ աշխատանքի մեկնարկի առիթով և ողջունում ենք նրանց մեր գլոբալ ծրագրում», - ասել է Meta-ի News Integrity-ի ռազմավարական գործընկերների զարգացման մենեջեր Ջեյմս Մորգանը։

Այս ծրագիրը համահունչ է Meta հավելվածների ընտանիքի երեք մասից բաղկացած գործողություններին, որոնց նպատակն է բարելավել բովանդակության որակն ու իսկությունը լրահոսում (feed), որից Facebook-ը հեռացնում է այն օգտահաշիվներն ու բովանդակությունը, որոնք խախտում են իր Համայնքի ստանդարտները կամ գովազդային քաղաքականությունը, նվազեցնում է կեղծ լուրերի տարածումը և ոչ ճշգրիտ բովանդակությունը, ինչպիսիք են դիտում ապահովող հղումները (clickbait), և իրազեկում մարդկանց՝  նրանց ավելի շատ համատեքստ տալով իրենց տեսած գրառումների վերաբերյալ: 

««ՍիվիլՆեթ»-ը հիմնել է փաստերի ստուգման հատուկ բաժին 2021-ի դեկտեմբերին՝ Հայաստանում փաստերի ստուգման լրագրությունը զարգացնելու նպատակով։ Մեր առաքելությունն է պայքարել կեղծ լուրերի, ապատեղեկատվության և մանիպուլյացիայի դեմ՝ միաժամանակ հանրությանը կրթելով այս խնդիրների մասին: Ուրախ ենք սկսել փաստերի ստուգման մեր աշխատանքը Facebook-ում և Instagram-ում, որոնք առանցքային սոցիալական մեդիա հարթակներ են Հայաստանում», - նշել է «ՍիվիլՆեթ»-ի տնօրեն Աբօ Պողիկեանը։ 

«ՍիվիլՆեթ»-ը կսկսի փաստերի ստուգման աշխատանքները Facebook-ում և Instagram-ում այս տարվա հուլիսին։ Այսօր Meta-ն աշխատում է փաստերի ստուգման գրեթե 100 գործընկերների հետ աշխարհի ավելի քան 60 լեզուներով և ներդրումներ է իրականացնում այդ ջանքերն ավելի մեծացնելու ուղղությամբ։


 
 
 
 
  • Արխիվ