Ներկայացվել է ռոբոտ, որն ունակ է ճշգրիտ վերարտադրել մարդու շարժումները, այդ թվում՝ իրական ժամանակում

21 հունիսի, 2024  10:17

Սթենֆորդի համալսարանի գիտնականների թիմը ներկայացրել է մարդանման նոր ռոբոտ HumanPlus-ը, որն ունակ է սովորել և ճշգրիտ վերարտադրել մարդկային շարժումների բարդ հաջորդականությունը: Ռոբոտը կարող է նաև իրական ժամանակում պատճենել շարժումները։

Ըստ մշակողների՝ HumanPlus-ին անհրաժեշտ է ընդամենը 40 ժամ տեսագրություն, որում մարդիկ որևէ առաջադրանք են կատարում, որպեսզի սովորի, թե ինչպես ինքնուրույն կրկնել այդ գործողությունները: Ավելին, ներկառուցված տեսախցիկի շնորհիվ ռոբոտը կարող է իրական ժամանակում հետևել մարդկանց շարժումներին և անմիջապես ընդօրինակել դրանք, հայտնում է Interesting Engineering-ը։

Կառուցվածքային առումով HumanPlus-ը հիմնված է չինական Unitree ընկերության կոմերցիոն մարդանման H1 ռոբոտի վրա, սակայն բոլորովին այլ ծրագրային հարթակով և երրորդ կողմի որոշ այլ բաղադրիչներով: Ռոբոտը համալրված է Inspire-Robots-ի պատրաստած «ձեռքերով» և մեկ այլ մատակարարի պատրաստած «դաստակներով»: Ռոբոտի հասակը մոտ 175 սմ է։

HumanPlus-ի տարբերակիչ առանձնահատկություն է այն, որ ռոբոտը բաց կոդով է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը կարող է փոփոխել ռոբոտի կառուցվածքը և ֆունկցիոնալությունը: Մշակողները նաև հրապարակել են GitHub-ի շտեմարան՝ մանրամասն փաստաթղթերով, որն ինժեներներին և էնտուզիաստներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ստեղծել նմանատիպ մոդել:

HumanPlus-ի ստեղծման վրա ծախսված բոլոր բաղադրիչների արժեքի մասին տեղեկությունները ներկայացված են հանրությանը: Գիտնականների կոպիտ հաշվարկներով՝ բաղադրիչների ընդհանուր արժեքը կազմել է 107,945 դոլար։ Հաշվի առնելով ռոբոտի շարժումների լայն շրջանակը՝ այս ցուցանիշը բավականին մրցունակ է թվում՝ համեմատած այսօր շուկայում առկա այլընտրանքների հետ:

Հետաքրքիր է, որ HumanPlus-ի ներկայացումը համընկել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայտարարության հետ, որ մինչև տարեվերջ ավելի քան 1000 Optimus մարդանման ռոբոտներ կաշխատեն Tesla-ի գործարաններում: Ընկերության ղեկավարը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կսկսվի Optimus-ի զանգվածային վաճառքը, իսկ Tesla-ն կվերածվի 25 տրիլիոն դոլարանոց բիզնեսի։ Նախկինում Մասկը բազմիցս ընդգծել է, որ Optimus-ը համարում է Tesla-ի ամենակարևոր արտադրանքը ապագայում։


 
 
 
 
  • Արխիվ