Google-ի գաղտնի նախագիծը. ԱԲ-ն կսովորի ինքնուրույն կոդ գրել և ուղղել այն

24 նոյեմբերի, 2022  14:35

Google-ն աշխատում է գաղտնի նախագծի վրա, որի նպատակն է արհեստական ​​բանականությանը սովորեցնել, թե ինչպես գրել, ուղղել և թարմացնել կոդը՝ օգտագործելով մեքենայական ուսուցումը: Եթե ​​նախագիծը հաջողի, այն կարող է մեծ ազդեցություն ունենալ ամբողջ ՏՏ ոլորտի վրա, քանի որ այս նախագծի զարգացմանը զուգընթաց մարդ ծրագրավորողների ծառայությունների կարիքն ավելի քիչ կլինի:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, Pitchfork անունն ստացած նոր գաղտնի նախագիծը գեներատիվ արհեստական ​​բանականության ոլորտում Google-ի ավելի մեծ նախաձեռնության մի մասն է, որն օգտագործում է ալգորիթմներ՝ պատկերներ, տեսանյութեր, կոդ և շատ այլ բաներ  ստեղծելու համար։

Սկզբում նախագծի գաղափարը ծագել է Alphabet X-ի հետազոտական ​​ստորաբաժանումում, սակայն այժմ այն ​​վերահսկում է Google Labs-ը։ Նախագծի վրա ներկայումս աշխատում է AI Developer Assistance Team-ը՝ Օլիվիա Հաթալսկիի գլխավորությամբ, որը նախկինում աշխատել է Google բազմաթիվ այլ նախագծերի վրա, այդ թվում՝ Google Glass-ի:

Ըստ Business Insider-ի ձեռքի տակ հայտնված ներքին փաստաթղթերի՝ Pitchfork նախագծի նպատակն է արհեստական բանականությանը «սովորեցնել կոդ գրել և ուղղել իր իսկ գրածը կոդը»: Դա անելու համար արհեստական բանականությունը պետք է սովորի ծրագրավորման ոճեր և գրի նոր կոդ՝ հիմնվելով ստացած գիտելիքների վրա։

Ըստ նախագծին ծանոթ մարդկանց, որոնք ցանկացել են անանուն մնալ՝ Pitchfork-ն ի սկզբանե ստեղծվել է Google-ի՝ Python ծրագրավորման լեզվի բազային կոդը ավելի նոր տարբերակով թարմացնելու համար՝ առանց բազմաթիվ ծրագրավորողներ վարձելու անհրաժեշտության: Սակայն ժամանակի ընթացքում նախագծի նպատակները փոխվել են և դարձել ավելի ընդհանուր ու գլոբալ։

Առայժմ հայտնի չէ, թե որ փուլում է գտնվում այս մշակումը և երբ կարելի է սպասել էական արդյունքների։  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ