Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ, կունենա ավելի մեծ էկրան, որոշ բաղադրիչներ կպատրաստվեն 3D տպագրությամբ

18 հունիսի, 2024  13:04

Apple Watch նոր սերնդի խելացի ժամացույցները կունենան ավելի բարակ կորպուս և ավելի մեծ էկրան, գրում է հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոն իր բլոգում։ Սպասվում է, որ Apple Watch Series 10-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին՝ նոր iPhone-ների անոնսի հետ մեկտեղ: Ըստ Կուոյի՝ Apple Watch-ի երկու մոդելների էկրանի չափերը ևս կմեծանան։

Էկրանների հետ մեկտեղ կմեծանան բուն սարքերի չափերը։ Ավելի կոմպակտ տարբերակի երկարությունը կավելանա 41-ից 44 միլիմետր, իսկ ավելի մեծինը` 45-ից 49 միլիմետր: Թե ինչպես դա կազդի էրգոնոմիկայի վրա, հայտնի չէ։

Կուոն հավելել է, որ Apple Watch Ultra-ի հաջորդ տարբերակի տեխնիկական բնութագրերը կմնան «մոտավորապես նույնը», ինչ ներկայիս մոդելինը, թեև ավելի մուգ տարբերակ կարող է ներկայացվել, եթե արտադրության ծավալները բավարարեն սպասելիքները։ Ժամացույցը կունենա նաև 3D տպագրության տեխնոլոգիայով պատրաստված բաղադրիչներ, հավելել է նա։

Apple-ը դեռ չի սկսել 3D տպագրության տեխնոլոգիայով սարքերի զանգվածային արտադրություն։ Ընկերությունը 2023-ին Apple Watch Series 9-ն արտադրելիս փորձարկել է 3D տպագրության հնարավորությունները: Տեխնոլոգիան, մասնավորապես, հնարավորություն է տվել նվազեցնել սարքերի արտադրության ժամանակը և դրանցում օգտագործվող նյութերի քանակը։ Կուոյի խոսքով՝ այս թեստերը «զգալիորեն բարելավել են» արտադրության արդյունավետությունը։

Կուոն նաև ասել է, որ Apple-ի նոր խելացի ժամացույցների 3D տպագրված բաղադրիչները կմատակարարի Bright Laser Technologies-ը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ չինական 3D տպագրության ընկերության պահեստամասերի մատակարարման պահանջարկը առաջիկա տարիներին կավելանա՝ պայմանավորված այս տեխնոլոգիայի ծախսային առավելություններով։ Կուոն նաև նշել է, որ ապագայում այս տեխնոլոգիան կարող է կիրառվել Apple Watch պատյանների արտադրության մեջ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ