Apple Watch-ի ի՞նչ գործառույթներ կարելի է անջատել, որպեսզի մարտկոցի լիցքն ավելի երկար բավարարի

28 մայիսի, 2024  20:22

Apple Watch-ի որոշ գործառույթներ անջատելը կարող է օգնել երկարացնելու մեկ լիցքավորմամբ սարքի մարտկոցի աշխատանքի տևողությունը և այն հասցնել մինչև 12 ժամի։

Siri

Առաջին և գլխավոր խորհուրդը Siri-ն և դրա հետ կապված բոլոր գործառույթներն անջատելն է: Շատ օգտատերեր չեն օգտագործում ձայնային օգնականը, սակայն այն շարունակում է աշխատել հետին պլանում՝ սպառելով մարտկոցի լիցքը։

Always On Display

Խորհուրդ է տրվում նաև անջատել Always On Display գործառույթը, որ միշտ միացված է պահում էկրանը։ Ժամանակն ստուգելու համար պարզապես հարկավոր է բարձրացնել դաստակը կամ հպվել էկրանին: Օգտակար է նաև անջատել դաստակը բարձրացնելու ժամանակ էկրանի ակտիվացման գործառույթը: Էկրանն ավելի արագ անջատելու համար կարող եք փոխել կարգավարումն այնպես, որ այն անջատվի 15 վայրկյան հետո, եթե ժամացույցի հետ որևէ գործողություն չի արվում։

Ձայններ և թրթռում

Կարելի է նաև անջատել ձայները և թրթռումը, ինչը կարող է խնայել մարտկոցի աշխատաժամանակը մոտ մեկ ժամ: Սակայն այդ դեպքում հնարավոր է՝ բաց թողնեք կարևոր ծանուցումներ: Այս դեպքում կարելի է ծանուցումները միացված թողնել միայն կոնկրետ հավելվածների դեպքում։

Արտաքին աղմուկի չափում

Apple Watch-ի նոր տարբերակները կարող են չափել արտաքին աղմուկը և զգուշացնել օգտատիրոջը, երբ այն հասնում է որոշակի շեմի: Շատերի համար այս գործառույթն առանձնապես կարևոր չէ, և այն անջատելը կօգնի նաև երկարացնել մարտկոցի կյանքը:

Մասնագետների կարծիքով՝ այս բոլոր գործառույթներն անջատելով՝ կարելի է Apple Watch-ի մարտկոցի ժամկետը 24-ից հասցնել 36 ժամի։ Սա կարող է հատկապես կարևոր լինել այն իրավիճակներում, երբ լիցքավորիչի հասանելիությունը սահմանափակ է:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ