iPhone-ում կարող է հայտնվել հոգնած սմայլիկ՝ աչքերի տակ պարկերով, մատնահետք և ևս 5 նոր էմոջի

23 մայիսի, 2024  13:45

Unicode Consortium-ը վերջերս ներկայացրել է յոթ նոր էմոջիներ, որոնք արդեն հասանելի են Unicode 16-ի բետա տարբերակում: Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, այս նոր էմոջիները շատ շուտով կարող են հայտնվել iPhone-ում, քանի որ Apple-ը պարբերաբար թարմացնում է իր iPhone-ի էմոջիների կատալոգը՝ հիմնվելով Unicode կատալոգի թարմացումների վրա: Հետևաբար, մոտ ապագայում iOS-ում կարող են նոր էմոջիներ հայտնվել։

Unicode-ի կատալոգում ավելացված նոր էմոջիների թվում են հետևյալը.

  • Հոգնած սմայլիկ՝ աչքերի տակ պարկերով,
  • Մատնահետք,
  • Անտերև ծառ,
  • Արմատապտուղ,
  • Քնար,
  • Բահ,
  • Թանաքի ցայտուկ։

Այս էմոջիները բաց թեստավորում են անցնում, որը կտևի մինչև հունիսի 2-ը։ Թեստավորումն ավարտվելուն պես սմարթֆոն արտադրողները, այդ թվում՝ Apple-ը, կկարողանան նոր էմոջիները ներդնել իրենց սարքերում: Դա, հավանաբար, տեղի կունենա 2024-ի վերջին կամ 2025-ի սկզբին։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Apple-ն իր էմոջիների կատալոգը թարմացրել էր 2024-ի մարտին՝ iOS 17.4-ի թողարկմամբ։ Այնուհետև iPhone-ում և ընկերության այլ սարքերում հայտնվեցին այնպիսի էմոջիներ, ինչպիսիք են՝ լայմը, ուտելի շագանակագույն սունկը, փյունիկը, կտրված շղթան և երկու էմոջիներ, որոնք ի նշան համաձայնության և ժխտման գլուխները շարժում են ինչպես վեր ու վար, ինչպես նաև աջ ու ձախ։


 
 
 
 
  • Արխիվ