Ի՞նչ անել, որ սմարթֆոնի լիցքը դանդաղ սպառվի․ 8 օգտակար խորհուրդ

17 մայիսի, 2024  20:19

Ժամանակակից սմարթֆոնները տպավորիչ են իրենց ֆունկցիոնալությամբ, սակայն դրանց մարտկոցները հաճախ չեն կարողանում դիմանալ ինտենսիվ օգտագործմանն ու ծրագրային ապահովման հաճախակի թարմացումներին, և շատ օգտատերեր ստիպված են իրենց սմարթֆոնները լիցքավորել բավականին հաճախ, երբեմն նույնիսկ օրը մի քանի անգամ:

Ի՞նչ կարելի է անել Android սմարթֆոնի մարտկոցի ինքնավար աշխատանքի ժամանակը երկարացնելու համար: iXBT Live-ը որոշ խորհուրդներ է ներկայացնում թեմայի շուրջ։

Վերահսկել էկրանի պայծառությունը

Էկրանը սմարթֆոնի էներգիայի հիմնական սպառողներից մեկն է։ Պայծառությունը նվազեցնելով հարմարավետ մակարդակի՝ կարելի է զգալիորեն խնայել մարտկոցի էներգիան: Սա հատկապես կարևոր է, եթե հաճախ եք լինում դրսում կամ անբավարար լուսավորությամբ սենյակներում: Պայծառության ինքնակարգավորումը կարող է նաև օգտակար հատկություն լինել, սակայն ձեռքով կառավարումը ավելի շատ վերահսկողություն է տալիս:

Փակել փոնային հավելվածները

Շատ հավելվածներ շարունակում են աշխատել հետին պլանում նույնիսկ փակվելուց հետո: Սա հանգեցնում է էներգիայի անհարկի սպառման: Պարբերաբար ստուգե՛ք և փակե՛ք ոչ անհրաժեշտ ֆոնային հավելվածները: Դա անելու համար կարող եք օգտագործել առաջադրանքների կառավարման ներկառուցված գործիքներ կամ երրորդ կողմի հավելվածներ:

Անջատել ավելորդ գործառույթները

Wi-Fi-ի, Bluetooth-ի, GPS-ի և NFC-ի նման գործառույթները զգալի քանակությամբ էներգիա են սպառում: Համոզվե՛ք, որ դրանք անջատված են, երբ դրանք չեք օգտագործում: Սա իսկապես հեշտ միջոց է մեկ լիցքավորմամբ սմարթֆոնի մարտկոցի աշխատանքը երկարացնելու համար:

Հեռացնել ավելորդ հավելվածները

Որքան քիչ հավելվածներ տեղադրվեն սարքի վրա, այնքան քիչ ռեսուրսներ դրանք կսպառեն: Պարբերաբար վերանայե՛ք ձեր հավելվածների ցանկը և հեռացրե՛ք նրանք, որոնք այլևս չեք օգտագործում: Սա կազատի հիշողությունը և կնվազեցնի մարտկոցի ծանրաբեռնվածությունը:

Օգտագործել մութ ռեժիմը

Հավելվածների մութ ռեժիմը ոչ միայն հարմար է աչքերի համար, այլ նաև օգնում է խնայել մարտկոցի էներգիան, հատկապես OLED էկրանով սարքերում: Շատ հայտնի հավելվածներ արդեն ունեն այս հնարավորությունը: Մասնագետների կարծիքով՝ մութ ռեժիմի օգտագործումը կարող է զգալիորեն երկարացնել սարքի շահագործման ժամանակը։

Միացնել մարտկոցի խնայողության ռեժիմը

Մարտկոցի խնայողության ռեժիմն ավտոմատ կերպով սահմանափակում է ֆոնային գործընթացները և նվազեցնում էներգիայի սպառումը: Ակտիվացրե՛ք այս ռեժիմը, երբ մարտկոցի մակարդակը նվազում է, որպեսզի ավելի երկար կարողանաք օգտագործել սարքը մինչև հաջորդ լիցքավորումը։

Ճիշտ լիցքավորել մարտկոցը

Մարտկոցի կյանքը երկարացնելու համար կարևոր է վերահսկել դրա լիցքը: Խուսափե՛ք մարտկոցը գերլիցքավորելուց (ավելի քան 90%) և ամբողջությամբ լիցքաթափելուց (10%-ից պակաս): Փորձե՛ք նաև թույլ չտալ, որ սարքը գերտաքանա, քանի որ դա կարող է բացասաբար ազդել մարտկոցի աշխատանքի վրա:

Անջատել ավտոմատ թարմացումները

Հավելվածների ավտոմատ թարմացումները կարող են աննկատ սպառել ձեր սմարթֆոնի մարտկոցը: Անջատե՛ք այս հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում թարմացրե՛ք հավելվածները ձեռքով:

Հետևելով այս պարզ խորհուրդներին, կարող եք զգալիորեն ավելացնել մեկ լիցքավորմամբ սմարթֆոնի մարտկոցի աշխատանքի տևողությունը և ավելի քիչ անհանգստանալ լիցքավորման համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ