Հայկական 2-րդ արբանյակը կլինի հայկական արտադրության

18 նոյեմբերի, 2022  16:36

Հայկական առաջին «ArmSat-1» արբանյակը, որը տիեզերք բաց է թողնվել այս տարվա մայիսի 25-ին, ամբողջությամբ պատրաստ է շահագործման, Հայաստանում ստեղծվելիք կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Այս վեց ամսում  տեղի են ունեցել արբանյակի թեստավորման եւ կարգաբերման աշխատանքները: Կարող ենք այս պահին փաստել, որ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այժմ աշխատում են կառավարման կենտրոնի կառուցման վրա: Մոտ ժամանակներս արդեն Հայաստան կժամանի աշխատանքային խումբը, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով, սարքավորումների մեծ մասը ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետները անցնում են նախապատրաստման աշխատանքներ։

Արբանյակը կկառավարվեն  հայ մասնագետներ՝ Հայաստանից. ստացված տվյալները ՀՀ սեփականությունն են

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ստեղծվող կառավարվան կենտրոնը հնարավորություն կտա ամբողջությամբ կառավարել արբանյակը Հայաստանից՝ հայ մասնագետների միջոցով: Նա նաեւ ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակը Հայաստանում տիեզերական կարողությունների  զարգացումն է։

«Արդեն բավականին մեծ հետաքրքրություն ունենք հայաստանյան ընկերություններից, որոնք ուզում են մասնակցել այս գործընթացին: Տասից ավելի ընկերություններ պատրաստակամություն են հայտնել ամեն մեկն իր ոլորտով մասնակցել»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ ցանկանում են նաեւ Հայաստանում զարգացնել արբանյակաշինությունը։ «Այն առնչվում է օպտիկային, միկրոէլեկտրոնիկային, ծրագրերի մշակման ոլորտին, այդ պատճառով արբանյակաշինությունը Հայաստանի համար շատ նպաստավոր ենք համարում: Դա զարկ կտա միանգամից մի քանի ոլորտի զարգացմանը»,-ասաց նա՝ հավելելով. «Հետաքրքիր փաստ է, որ արդեն Հայաստանի Հանրապետությունում կային գործող ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում են տիեզերագիտությանը, եւ այս նախագիծը մեզ հնարավորություն տվեց մեզ համար բացահայտել այդ ընկերությունների կարողությունները»:

Ինչ վերաբերում է, հարցին, թե արդյոք հնարավոր է միայն հայ մասնագետներով շահագործել կառավարման կենտրոնը եւ կառավարել արբանյակը, Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց. «Այն պահից, երբ վստահ լինենք, որ կարող ենք ամբողջությամբ ինքնուրույն կառավարել արբանյակը, կառավարումն ամբողջությամբ կանցնի մեզ: Տվյալները, որ ստացվել են եւ կստացվեն, դրանք Հայաստանի սեփականությունն են, որեւէ այլ երկիր կամ ընկերություն որեւէ իրավունք չունի այդ տվյալների նկատմամբ: Նա նաեւ ընդգծեց, որ մինչեւ տարվա վերջ կառավարման կենտրոնը կբացվի, նույնիսկ հնարավոր է՝ ավելի շուտ:

Արագ կանցնենք երկրորդ արբանյակին, որը արդեն կլինի ոչ միայն հայկական, այլև հայկական արտադրության

Ասուլիսին ներկա ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն իր հերթին ասաց, որ առաջին հայկական արբանյակի արձակումը ստացվել է շատ արագ, բայց այդ ընթացքում կուտակված ձեռքբերումները թույլ են տալիս խոսել այն մասին, որ կկարողանանք անցնել երկրորդ արբանյակի նախագծման աշխատանքներին, որն էականորեն կտարբերվի առաջին արբանյակից ոչ միայն տեխնիկական հատկություններով, այլ նաեւ նրանով, որ ե՛ւ նախագծման, ե՛ւ ինտեգրացիայի զգալի մասը Հայաստանում կարվի: «Դա կլինի ոչ միայն երկրորդ հայկական արբանյակը, այլ հայկական արտադրության առաջին արբանյակը: Սա մեր նպատակն է»,- ասաց նա:  

ArmSat-1 .jpg (61 KB)

Հայաստանը ոչ թե թանկարժեք «Մերսեդես» է գնել, այլ ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք «Մերսեդեսը»

«SATLANTIS» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին եւս անդրադարձավ Հայաստանում կառավարման կենտրոնի ստեղծմանը՝ նշելով, որ այդկերպ Հայաստանը հնարավորություն ունի արբանյակը կառավարել սեփական ուժերով։

«Կառավարման կենտրոնը երկու կարեւոր գործառույթ է իրականացնում: Առաջինն այն է, որ կառավարման կենտրոնում տվյալները ներբեռնվում են, իսկ երկրորդը, որ այդ տվյալների բազան կարող է գործածվել եւ կիրառվել նաեւ կառավարության կողմից: Հաջորդ կարեւոր նկատառումը ռազմավարական տեսլականն է. Հայաստանը, պատկերավոր ասած, ոչ թե թանկարժեք «Մերսեդես» է գնել, այլ ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք «Մերսեդեսը»: Այդ պատճառով «SATLANTIS»-ը հիմնել է հայկական ներկայացուցչություն, որտեղ կներկայացվեն նաեւ երկարաժամկետ ծրագրերը»,- ասաց նա:

Խուան Թոմաս Հերնանին նաև նշեց, որ հայկական արբանյակից ստացված տվյալները կկիրառվեն առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտում։

ArmSat-1  (2).jpg (38 KB) 
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Ո՞ր ոլորտներում են օգտագործվելու հայկական արբանյակից ստացված տվյալները

ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը, անդրադառնալով արբանյակի կիրառության ոլորտներին՝ ասաց, որ հայկական արբանյակից ստացված տվյալները կարող են օգտագործվել բազմաթիվ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, կադաստրային քարտեզագրություն, ճանապարհաշինություն, ջրային ռեսուրսների կառավարում, օդերեւութաբանական հետազոտություններ, արտակարգ իրավիճակների ժամանակ աղետների կանխում, աղետների հետեւանքների վերացում:

«Ինչ վերաբերում է տնտեսական էֆեկտին, ասեմ, որ տիեզերական արդյունաբերության ոլորտը համաշխարհային շուկայում ամենաարագ զարգացողներից մեկն է: Այս պահի տվյալներով մոտ 300 մլրդ դոլարի շրջանառություն ունի եւ նախատեսվում է, որ 2030-ին այդ թիվը դառնալու է 1 տրլն: Մեր նպատակն է, որ հայկական ընկերություններն այդ շուկայի հետ առնչվեն: Մենք ահռելի արագությամբ առաջ ենք գնում եւ նախադրյալներ կան, որ 2030-ին ինչ-որ մի հատված շուկայից զբաղեցնելու են հայկական ընկերությունները»,- ասաց նա:

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն էլ հավելեց, որ, օրինակ, արբանյակի տվյալները կարող են օգնել, որպեսզի հասկանանք՝ բերքը հասե՞լ է, թե ոչ, նաեւ ունենանք խոնավության վերաբերյալ տվյալները. «Դրոններով շատ փոքր տարածք է տեսանելի, իսկ արբանյակը կարող է անհամեմատ մեծ տարածքի տվյալներ փոխանցել: Ի դեպ, դա միայն Հայաստանի տարածքի մասին չէ, մենք կարող ենք պատվերներ ստանալ այլ երկրներից, օրինակ Բրազիլիայից»:

Իր հերթին նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ արբանյակից ստացված լուսանկարներն ու տվյալները հանրությանը հասանելի չեն լինելու. «Բայց մեր գործընկերները կարող են դիմել, եւ մենք կտրամադրենք: Բաց աղբյուրներում չեն լինելու:

Արբանյակից տվյալները կառավարման կենտրոն կհասնեն 22 րոպեում

«SATLANTIS» ընկերության հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն ներկայացրեց, թե ինչ գործառույթներ է իրականացնելու արբանյակի կառավարման հայաստանյան կենտրոնը:

«Գործառույթները կիրականացնեն հետեւյալ կերպով. գործարկվող համակարգչային ծրագիրն ամբողջությամբ կվերահսկի արբանյակը տելեմեդիայի շնորհիվ, որը հնարավոր կլինի ներբեռնել արբանյակից: Յոթ տարբեր ենթահամակարգեր կլինեն, որոնց շնորհիվ կկարողանանք այնպիսի տվյալներ ձեռք բերել ինչպիսիք են ջերմաստիճանը, կարողությունների սպառումը, վոլտաժ եւ հոսանքներ, նաեւ այն առաջադրանքների իրականացումը, որոնք ծրագրված են: Շատ կարեւոր է, որ ունենանք ահազանգերի համակարգ եւ այդ համակարգը կտեղեկացնի, եթե ինչ-որ բան այնպես չլինի գործառույթների իրականացման առումով:

Առաքելության ծրագրի երկրորդ կետով երկրային ցանցերի միջոցով առաջադրանքների փոխանցում է կատարվելու: Յուրաքանչյուր շաբաթ օպերատորները պլան կմշակեն, միջանկյալ կերպով դա կվերանայվի, որպեսզի եթե անհրաժեշտ լինի, կարողանան գործառույթները փոփոխել: Օրական 15 հնարավորությունից 7-10 գործարկում կլինի երկրային կայանի շնորհիվ:

ArmSat-1  .jpg (81 KB)

Տասնութ րոպե է տեւելու, որ ՀՀ տարածքում կարողանանք այդ գործողություններն իրականացնել: Քսաներկու րոպե կտեւի մինչեւ կարողանանք այդ տվյալներն ունենալ: Այդ հնարավորությունը մենք ունենք արբանյակի ուղեծրի շնորհիվ, եւ այն երկրային ցանցի շնորհիվ, որն ընտրվել է: Երկրային ցանցին ավելացվել է մի ալեհավաք, որը գտնվում է Երեւանում»,- ասաց նա:

Խավիեր Օջանգուրեն ցուցադրեց պատկերներ, որոնք ձեռք են բերվել արբանյակի միջոցով: «100-150 գեգաբայթ տեղեկատվություն ունենք, որոնք ձեռք ենք բերել Երկիր մոլորակի վերաբերյալ: Խոսքն օրական 12-17 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին է, որը հնարավորություն ունի արբանյակը նկարելու»,- ընդգծեց նա:

«ArmSat-1»-ի մասին

Հայաստանի առաջին արբանյակ «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թ․ մայիսի 25-ին՝ ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ «SpaceX» ընկերության տիեզերանավով: Արբանյակի արձակումը տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SATLANTIS» ընկերությունների համագործակցության շրջանակում։

«ArmSat-1» արբանյակը գործելու է չորս տարի։ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկություններն օգտագործվելու են սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում:

Արբանյակն ի սկզբանե կոչվել է «Urdaneta», սակայն որոշ ժամանակ անց՝ 2022 թ․ հունիսին վերանվանվել է «ArmSat-1»։ 


 
 
 
 
  • Արխիվ