Արհեստական բանականության (ԱԲ) և բլոկչեյն տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր հնարավորություններ է բացում ֆինանսական և ներդրումային ոլորտների համար։ Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Apricot Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, այս տեխնոլոգիաները զգալիորեն արագացնում են շատ գործընթացներ. եթե նախկինում դրանք ժամեր էին տևում կամ նույնիսկ օրեր, ապա այժմ կարող են ավարտվել վայրկյանների ընթացքում: Բացի դրանից՝ ժամանակակից տեխնոլոգիաներն առաջարկում են նոր հնարավորություններ և ապրանքներ, որոնք նախկինում բավականին դժվար էր նույնիսկ պատկերացնել:
Մասնագետի խոսքով՝ նախկինում ֆինանսների և ներդրումների հետ կապված բազմաթիվ գործարքների համար մարդիկ պետք է գնային բանկ կամ ներդրումային ընկերություն, փաստաթղթեր լրացնեին, թղթային հաշվետվություններ ստանային։ Այժմ այս ամենը կատարվում է էլեկտրոնային եղանակով` արագ, ընդամենը մի քանի քայլով, առանց որևէ տեղ գնալու և դրա վրա շատ ժամանակ ծախսելու անհրաժեշտության:
«Կարծում եմ, որ նոր տեխնոլոգիաները շատ գործընթացներ են պարզեցնում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ցանկացած գործարք կատարելու համար, օրինակ՝ Apple-ի բաժնետոմսերը գնելու համար, այլևս պետք չէ մեկնել ԱՄՆ և դրա վրա գումար ու ժամանակ ծախսել»,- նշեց Գևորգյանը։
ԱԲ-ի զարգացման շնորհիվ, նրա խոսքով, զգալիորեն արագացել են նաև տվյալների վերլուծության հետ կապված գործընթացները։ Մարդիկ ստիպված կլինեին անհավանական շատ ժամանակ ծախսել օգտատերերի և նրանց գործարքների վերաբերյալ տվյալների վերլուծության վրա: Սակայն ԱԲ-ն կարող է դա անել շատ արագ, և, հիմնվելով կազմված վերլուծությունների վրա, օգնել՝ հասկանալու, թե որ օգտատերերին ինչ ապրանքներ պետք է առաջարկել և երբ ավելի նպատակահարմար կլինի դրանք առաջարկել, ինչպես բարելավել և արագացնել որոշ գործարքներ և այլն:
Բացի դրանից՝ ըստ Գևորգյանի՝ երիտասարդ սերունդն այսօր գնալով ավելի շատ է կիրառում ԱԲ-ն տարբեր ոլորտներում, նույնիսկ գնումներ կատարելիս։ Եվ այս միտումը, հավանաբար, կշարունակի զարգանալ. ավելի ու ավելի շատ մարդիկ գնումներ կանեն վիրտուալ օգնականների միջոցով, որոնք, վերլուծելով բոլոր առկա առաջարկները և հաշվի առնելով օգտատիրոջ տարիքի, վարքի, նախասիրությունների տվյալները, կկարողանան նրանց համար ընտրել ապրանքներ, որոնք լավագույնս են համապատասխանում նրանց կարիքներին:
Ապակենտրոնացված տեխնոլոգիաների և, մասնավորապես, բլոկչեյնի զարգացումը, ըստ Գևորգյանի, նոր հնարավորություններ է բացում նաև ֆինանսական աշխարհում։
Եթե գործարքն իրականացվում է բանկի միջոցով, այսինքն՝ «ավանդական» եղանակով, ապա տվյալ բանկը հանդես է գալիս որպես մեկ պրոցեսինգային կենտրոն, որը միջոցներ է փոխանցում մի օգտատիրոջից մյուսին և ստանում ու պահպանում է այս և այլ գործարքների մասին ողջ տեղեկությունը: Բլոկչեյնում ապակենտրոնացումը ներառում է վերահսկողության փոխանցումը և որոշումների կայացումը կենտրոնացված սուբյեկտից (բանկ կամ, օրինակ՝ կենտրոնական բանկ) բաշխված ցանցին: Նման գործարքը, ըստ Գևորգյանի, օպերատորի կողմից չի կարող կասեցվել առանց ծանրակշիռ պատճառների, դրա մասին տվյալները պարզապես չեն կարող ջնջվել համակարգից, որևէ տեղեկություն չի կարող հետին ամսաթվով ավելացվել, և այս ամենը նման գործարքներն ավելի թափանցիկ և գրավիչ է դարձնում մարդկանց համար։
«Ի տարբերություն դասական ֆինանսների, ապակենտրոնացված մոդելն ավելի օբյեկտիվ է, ավելի անաչառ, որտեղ տվյալներն ավելի լավ են ստուգվում, և որտեղ տեղեկությունը չի կարելի կեղծել, փոխել և այլն»,- նշեց մասնագետը։
Ավելին, բլոկչեյն տեխնոլոգիաները մեծապես պարզեցնում են երկրների միջև դրամական փոխանցումները։ Եթե ավանդական փոխանցման դեպքում գործարքին կներգրավվեն մի քանի բանկեր, և դա բավականին շատ ժամանակ կպահանջի, ապա բլոկչեյնի կրիպտոհարթակներում նման գործարքը տեղի է ունենում հաշված վայրկյանների ընթացքում և առանց միջնորդների ներգրավման, ինչպիսիք են բանկերը:
Բայց արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ մի օր ապագայում ավանդական արժույթները պարզապես կդադարեն գոյություն ունենալուց, և ամբողջ աշխարհը կանցնի կրիպտոարժույթների: Վաչիկ Գևորգյանը թերահավատորեն է վերաբերվում այս հեռանկարին։ Նրա խոսքով՝ ազգային արժույթի թողարկումը երկրների կառավարությունների և կենտրոնական բանկերի մենաշնորհն է, և նրանց համար դա կարևոր լծակ է պետությունների գոյության հիմքերն ապահովելու համար, որից նրանք դժվար թե երբևէ հրաժարվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
ամիս
շաբաթ
օր