Բրեթ Քինգը, Քրիս Սքիները, Visa-ն, Ամերիաբանկը, Fastex-ը՝ առաջին Doing Digital Awards-ի մրցանակակիրներ

17 ապրիլի, 2024  12:41

Թվային փոխակերպումների Doing Digital հարթակն այս տարի մեկնարկել է Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որն ամենամյա Doing Digital Forum-ի անբաժանելի մասը կլինի: Ֆինթեքի և բիզնեսի թվայնացման հնարավորությունների ուսումնասիրմանը նվիրված Doing Digital Forum-ը նպատակ ունի միավորել պետական ինստիտուտների, ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի ու բիզնես աշխարհի մտքի առաջատարներին և կապերի հաստատման, փորձի փոխանակման ու քննարկումների միջոցով նպաստել Հայաստանում թվայնացման գործընթացի առաջմղմանը։

«Doing Digital Forum-ը վերածվել է կարևոր ավանդույթի, որը մի հարկի տակ համախմբում է փոփոխություններ իրականացնողներին ու գաղափարակիր առաջնորդներին, ովքեր ցանկանում են կիսվել գիտելիքով ու փորձով՝ միաժամանակ խթանելով նորարարությունը։ Այս տարի մենք մեկնարկել ենք մեր առաջին մրցանակաբաշխությունը` ուղղված բացահայտելու և խրախուսելու թվային փոխակերպումների գործընթացի առաջամարտիկներին, ովքեր էական հաջողություններ են գրանցել և նշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային ու տեղական էկոհամակարգում»,- նշել է Doing Digital Platform-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։ 

Dirk Ohlmeier - Tatevik Simonyan.png (294 KB)

Գնահատելով թվայնացման ուղղությամբ մի խումբ անհատների ու կազմակերպությունների գրանցած հաջողությունները՝ Doing Digital Awards-ի առաջին մրցանակակիրներն են դարձել Բրեթ Քինգը, Քրիս Սքիները և Դիրք Օլմայերը՝ բանկային, ֆինթեքի ոլորտներում և տաղանդների բացահայտման գործում իրենց փոխակերպող ազդեցության համար:

Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ից մինչև թվային փոխակերպման ոլորտում առաջնորդություն ստանձնած Ամերիաբանկ, բլոկչեյն նորարակական լուծումներ ստեղծող Fastex-ից մինչև հաճախորդների աջակցման AI օգնական Hoory, վեբ դիզայնի լավագույն գործիքներ մշակող Ucraft և լավագույն ներդրումային հավելված առաջարկող Apricot Capital․ նրանք բոլորն առաջին Doing Digital Awards-ի մրցանակակիր են։

Fastex.png (353 KB)

Մրցանակաբաշխությունը նաև արժևորել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումը կորպորատիվ մշակույթի փոխակերպման, ArCa-ի ձեռքբերումներն ազգային ֆինանսական ենթակառուցվածքների բարելավման, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) ջանքերը թվային հասարակության ձևավորման գործում։ Doing Digital Awards-ի մրցանակի է արժանացել նաև «Երեմյան Փրոջեքթս»-ը հյուրընկալության և ագրո-նորարարության ոլորտում գերազանցության համար։

Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կրում է նորարարության ոգին, ինչն էլ թվային հասարակության ու տնտեսության խթանիչ ուժն է։

Bank 4.0 և Branch Today, Gone Tomorrow բեսթսելերների հեղինակ, Moven-ի և The Futurists Network and Longevity Alpha-ի հիմնադիր, DDF24-ի գլխավոր խոսնակ Բրեթ Քինգն ասել է․ «Երբ դուք ձգտում եք վերափոխել աշխարհը թվային ու ԱԲ գործիքների միջոցով, ուրեմն ձեզ բազում մարտահրավերներով լի ճանապարհ է սպասվում։ Նման մրցանակով համախոհների կողմից ճանաչում ստանալը մոտիվացնում է գնալ առաջ և բացում դռներ հաջողությունն արագացնելու համար»։

Ամերիաբանկ.png (398 KB)

Ապագայում մրցանակաբաշխությունը ակնկալում է ստանալ թվային փոխակերպումներին ուղղված և արհեստական բանականության լուծումների համադրմամբ հաջողված արշավների դիմումներ, որոնց մրցանակի շնորհումը կծառայի գլոբալ մակարդակում գիտելիքի փոխանակմանը և մրցակցության խթանմանը։

«Ես հուսով եմ, որ Doing Digital Awards-ը կդառնա ոլորտի ամենակարևոր մրցանակաբաշխություններից մեկը և կմիավորի առաջատարներին։ Եվ «Մենք Doing Digital Awards-ի մրցանակակիր ենք» միտքը ևս կդառնա կարգախոս, ինչպիսին դարձել է «Մենք հանդիպել ենք Doing Digital-ին» արտահայտությունը»,- հավելել է Տաթևիկ Սիմոնյանը։

Միջազգային Doing Digital Forum 2024-ը, որը կայացավ ապրիլի 3-ին Երևանում, գրանցեց մեծ հաջողություն՝ հյուրընկալելով շուրջ տասը երկրի 20-ից ավելի թվային առաջնորդների, ովքեր ներկայացնում էին համաշխարհային ու տեղական կազմակերպություններ՝ այդ թվում՝ Visa, Moven, Deloitte, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան և այլն։ Ֆորումի մասնակիցների թիվը գերազանցեց 1000-ը, ինչը վկայում է թվայնացման օրակարգի շուրջ հետաքրքրության մասին։


 
 
 
 
  • Արխիվ