Samsung-ը թողարկում է նոր սերնդի Neo QLED հեռուստացույցներ. ինչո՞վ են դրանք տարբերվում նախորդ տարվա մոդելներից և ո՞ւմ կհետաքրքրեն առաջին հերթին

16 նոյեմբերի, 2022  12:06

Վերջին տարիներին հեռուստացույցները էվոլյուցիոն զարգացում են ապրել բառիս բոլոր իմաստներով․ եթե նախկինում դրանք սարքեր էին, որոնց միջոցով կարող էինք դիտել միայն ֆիլմեր և հեռուստաշոուներ, ապա այսօր դրանք վերածվել են սարքերի, որոնք կարող են օգնել խելացի տունը կառավարելու, վիդեոխաղերի օգտատերերի փորձառությունը բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հարցում, դե իսկ «ազատ ժամանակ» նույնիսկ ծառայել որպես տան կամ բնակարանի դիզայնի տարր:

SamsungNeo QLED նոր շարքը վառ օրինակն է նման գործառույթներով հագեցած խելացի հեռուստացույցների, որոնցում համատեղված են այսօրվա շուկայում առկա լավագույն լուծումները:

Փորձենք պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում Samsung-ի նոր հեռուստացույցները և ում դրանք կհետաքրքրեն առաջին հերթին:

Պատկերի նոր մակարդակ

Samsung-ի նոր խելացի հեռուստացույցներում կիրառվում են մի շարք նորագույն տեխնոլոգիաներ, որոնք պատկերի որակը բարձրացնում են բոլորովին նոր մակարդակի:

Ինչպես հայ լրագրողներին պատմել է ապրանքանիշի ներկայացուցիչ Սերգեյ Տկաչենկոն, 2022 թ․ Quantum Matrix տեխնոլոգիան ստացել է թարմացում, որն ապահովում է լուսավորության բարելավված կառավարում։ Նոր հեռուստացույցների ավելի բարձր դասի մոդելներն ունեն 20 նեյրոցանցեր, որոնք «հասկանում» են, թե ինչ է կատարվում էկրանին և «որոշում»՝ երբ և որտեղ միացնել կամ անջատել լուսավորությունը, որ հատվածները պետք է դարձնել ավելի պայծառ և որոնք ավելի մուգ: Սրա շնորհիվ ավելի հետաքրքիր և իրատեսական պատկեր է ստացվում։ Օրինակ՝ ֆանտազիա ժանրի ինչ-որ ֆիլմի մութ տեսարանների դեպքում լուսավորությունը կանջատվի, և եթե կադրում հայտնվի վիշապի բոց, ապա արհեստական բանականությունը ճիշտ տեղերում կմիացնի լույսը, որպեսզի բոցն էլ ավելի ցայտուն ու իրատեսական լինի։

Samsung-Neo-QLED-3

Սա, ի դեպ, ամենևին չի նշանակում, որ մութ տեսարաններում մենք ոչինչ չենք տեսնի։ Ավելի շուտ հակառակը. նոր Neo QLED-ում սևի երանգներն ու գրադացիան մի քանի անգամ ավելացել են. եթե անցյալ տարվա մոդելներն ունեին գույնի ընդամենը 4000 գրադացիա, ապա հեռուստացույցների նոր մոդելներում դրանք արդեն ավելի քան 16,000 են։ Սա նշանակում է, որ ֆիլմերի և խաղերի մութ տեսարաններում դետալները տեսնելը շատ ավելի հեշտ և հարմարավետ կլինի: Նյարդայնացա՞ծ եք, որ չեք կարող անցնել The Last of Us-ի այն մակարդակը, որտեղ մթության մեջ չեք կարողանում տեսնել թշնամիներին: Կկոցո՞ւմ եք աչքերը և շա՞տ եք մոտենում էկրանին, որովհետև Ռոբերտ Փաթիսոնի դերակատարմամբ նոր «Բեթմեն»-ում շատ բան չեք կարողանում տեսնել: Այս էկրանի դեպքում դուք հաստատ նման խնդիրներ չեք ունենա։

Samsung-ի նոր հեռուստացույցներում օգտագործվող մեկ այլ հետաքրքիր տեխնոլոգիա է, այսպես կոչված, Real Depth Enhancer-ը, որը պատկերի կարգաբերման ալգորիթմ է՝ ռեալիստականությունը բարձրացնելու և պատկերում խորության զգացում ստեղծելու համար: Այս տեխնոլոգիայի շնորհիվ հեռուստացույցի պատկերն ավելի ծավալուն է

ստացվում, քանի որ հիմնական օբյեկտն առանձնանում է և դառնում ավելի կոնտրաստային, իսկ նրան շրջապատող ֆոնի կոնտրաստայնությունը նվազում է։

Հեռուստացույցների նոր մոդելներն ապահովում են նաև EyeComfort ռեժիմ, որի շնորհիվ ձեր աչքերն ավելի քիչ կհոգնեն, եթե էկրանին նայեք գիշերը և նույնիսկ մթության մեջ: Ինչպես պարզաբանել է Սերգեյ Տկաչենկոն, նոր ռեժիմը կարող է կարգավորել ցայտունությունն ու գունային երանգները, նվազեցնել կապույտ լույսի քանակը և լույսի ինտենսիվությունը՝ կախված սենյակի լուսավորությունից։

Այս բոլոր հատկանիշները Neo QLED-ը դարձնում են շատ ու շատ գրավիչ հեռուստացույց նրանց համար, ովքեր սիրում են տեսախաղեր խաղալ և ֆիլմեր դիտել: Նույնիսկ բավականին հին տեսախաղերը նման էկրանի վրա շատ ավելի լավ կնայվեն, քան ձեր համակարգչի վրա (եթե, այնուամենայնիվ, միացնում եք խաղային կոնսոլի միջոցով և հեռուստացույցը չեք օգտագործում միայն որպես համակարգչային մոնիտոր):

Նոր գույներով կփայլեն ձեզ քաջածանոթ Ֆիլմերը, որոնք նույնիսկ եթե 4K-ով չեն նկարահանվել (Samsung-ի նոր հեռուստացույցները հենց այսպիսի լուծաչափ ունեն), քանի որ հեռուստացույցի արհեստական բանականությունը կարող է «ավարտուն տեսքի բերել» պատկերը, վերականգնել դետալները, բարելավել կոնտրաստը և գույները:

Ձայնի նոր մակարդակ

Նոր Neo QLED հեռուստացույցները Wi-Fi-ի միջոցով ունեն անլար Dolby Atmos աջակցություն: Բազմաալիք բարձրախոսների հետ միասին այն սենյակի ցանկացած կետում ապահովում է հագեցած ու ծավալուն ձայն՝ գրեթե այնպես, ինչպես կինոդահլիճում:

Samsung-Neo-QLED-1

Դրան նպաստում է նաև OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան, որը հետևում է էկրանի այն օբյեկտին, որտեղից պետք է հնչի ձայնը, և այդ ձայնը «տեղափոխում» է ողջ սենյակում՝ ստեղծելով տեղի ունեցողի մեջ ամբողջապես ընկղմվելու էֆեկտ:

Խելացի տան կառավարումը նույնպես նոր մակարդակի վրա է

Samsung-ի 2022 թ. արտադրության խելացի հեռուստացույցները ստացել են նորացված Smart Hub ինտերֆեյս, որն էլ ավելի արագ և հարմարավետ է դարձնում բովանդակության որոնումը: Դրա շնորհիվ կարող եք հեշտությամբ անցնել տարբեր ռեժիմների միջև (մեդիա, խաղեր, ինտերիերի ռեժիմներ և այլն):

Ավելին, նոր հեռուստացույցներն արդեն ունեն ներկառուցված հաբ՝ խելացի տան սարքերը կառավարելու համար։ Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես նոր ինտերֆեյս է ստացել, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հեռուստացույցից։

Նոր հեռուստացույցների մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ Neo QLED 8K մոդելներն ունեն մինչև չորս տեսանյութ, իսկ Neo QLED 4K մոդելները՝ մինչև երկու տեսանյութ միաժամանակ նվագարկելու հնարավորություն: Օրինակ՝ կարող եք միաժամանակ վիդեոչատով զրուցել ընկերների կամ ընտանիքի հետ և միասին դիտել ձեր սիրած հաղորդումները: Այս ֆունկցիան կարող եք օգտագործել նաև մարզվելիս. մի պատուհանում կարող եք դիտել, թե ինչպես է մարզիչը ցույց տալիս վարժությունները, իսկ մյուսում կարող եք տեսնել ձեր սեփական պատկերը և գնահատել, թե որքան լավ եք կատարում վարժությունները:

Նոր մակարդակի հեռակառավարման վահանակ

One Remote հեռակառավարման վահանակը, թերեւս, արժանի է հատուկ ուշադրության: Այն, ինչպես բացատրեց Սերգեյ Տկաչենկոն, աշխատում է արևային մարտկոցով, բայց կարող է լիցքավորվել ոչ միայն արևի լույսի ներքո, այլև նույնիսկ գիշերը՝ RF Harvesting հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս կլանել էլեկտրամագնիսական ճառագայթումը այլ կենցաղային տեխնիկայից, ինչպիսիք են անլար երթուղիչները:

Samsung-Neo-QLED-5

Այս հեռակառավարման վահանակը կարող է կառավարել ոչ միայն հեռուստացույցը, այլ նաև դրան միացված այլ սարքեր:

Նոր մակարդակի դիզայն

Նոր Neo QLED-ի մինի լուսադիոդները 40 անգամ փոքր են ստանդարտ լուսադիոդներից, ինչը հեռուստացույցն ավելի բարակ է դարձնում:. այժմ դրա հաստությունն ընդամենը մոտ 2 սանտիմետր է, և եթե հատուկ Slim Fit ամրակապով այն կախեք պատից, ապա հեռուստացույցը կզբաղեցնի ընդամենը մոտ 3 սանտիմետր հաստությամբ տարածք:

Samsung-Neo-QLED-4

Եվ այն հիանալի կինտեգրվի ձեր սենյակի ինտերիերին։ Եթե ոչինչ չեք դիտում հեռուստացույցով, կարող եք օգտագործել Ambient Mode ռեժիմը, որպեսզի հեռուստացույցը ցուցադրի նույն տեսարանը, ինչն ունի դրա հետևում գտնվող պատը կամ ինչ-որ պատկեր, որը ձեզ դուր է գալիս (օրինակ՝ բուխարի կամ ակվարիում), կամ ցույց տա օգտակար տեղեկություններ, ինչպիսիք են եղանակը և ժամանակը:

Samsung Neo QLED-ը Հայաստանում

Հայաստանում Neo QLED հեռուստացույցների թարմացված շարքը ներկայացված է հետևյալ մոդելներով՝ տարբեր անկյունագծերով.

  • Neo QLED 4K
    • QN90B,
    • QN85B:
  • Neo QLED 8K
    • QN900B,
    • QN800B,
    • QN700B:

Հայաստանում Samsung-ի պաշտոնական գործընկերներից հեռուստացույցները հնարավոր կլինի գնել շատ շուտով:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ