Ozon-ը և Wildberries-ը իրենց ապահովագրական ընկերությունները կստեղծեն

26 մարտի, 2024  15:05

Ozon-ը և Wildberries-ը նախատեսում են զարգացնել ապահովագրական բիզնեսը: Միաժամանակ Ozon-ն այս տարվա երկրորդ կիսամյակում կգործարկի սեփական ապահովագրական ընկերությունը, հայտնում է Коммерсант-ը։

Ozon-ից թերթին ասել են, որ նախատեսում են առաջին փուլում ներգրավել ավելի քան 20 մասնագետի։ Թիմը կգլխավորի Rosbank Insurance ընկերության նախկին ղեկավար Դենիս Գավրիլովը։

Ozon-ը կգործարկի մի շարք ապահովագրական ծառայություններ 46 միլիոն հաճախորդների և ավելի քան 450,000 ձեռնարկատերերի համար, որոնք աշխատում են հարթակի հետ: Ընկերությունը նախատեսում է ապահովագրել վաճառողների, պատվերների և ապրանքների առաքման կետերի ռիսկերը, մասնավորապես՝ արտերկրից արվող գնումները։

Wildberries-ից Коммерсант-ին ասել են, որ իրենք ևս դիտարկում են ապահովագրական արտադրանքի թողարկման հնարավորությունը՝ որպես ֆինտեխ ուղղության մաս, սակայն մանրամասներ չեն հայտնել։

Փորձագետները դրական են գնահատում առցանց առևտրի հարթակների այս նախաձեռնությունը՝ համարելով, որ նման ռազմավարությունը կբարձրացնի ֆինանսական ծառայություններից ստացվող շահույթը: Միևնույն ժամանակ շուկայի մասնակիցների մեծ մասը համակարծիք է, որ ավելի հեշտ կլինի գնել վավեր լիցենզիայով ապահովագրական փոքր ընկերություն:

Infoline-Analytics ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Բուրմիստրովն ասել է, որ ֆինանսական ծառայությունները դարձել են շուկայական բիզնեսի աճի առանցքային կետերից մեկը: «Շուկայի բոլոր մասնակիցներն արդեն ունեն իրենց սեփական բանկերը. այս առումով խաղացողները կստեղծեն ֆինանսական ծառայությունների ամբողջական շրջանակ»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ozon-ն ուսումնասիրում է իր էկոհամակարգի տարածքում բրոքերային ծառայության ներդրման հնարավորությունը։ Ընկերությունն արդեն սկսել է ակտիվորեն աշխատակիցներ փնտրել բրոքերային ծառայության համար։

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Wildberries-ը գործարկում է վաճառողների համար առցանց վարկավորման ծառայություն։ Հարթակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ վարկի տրամադրման գործընթացը կիրականացվի ամբողջությամբ առցանց։ Վաճառողները կկարողանան հայտ ներկայացնել հարթակում գտնվող իրենց անձնական օգտահաշվից և միջոցներն ստանալ մեկ օրվա ընթացքում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ