Google-ը ԱԲ-ին սովորեցրել է ջրհեղեղները կանխատեսել մեկ շաբաթ առաջ

23 մարտի, 2024  14:42

Google-ը հայտարարել է, որ արհեստական ​բանականության համակարգին սովորեցրել է ջրհեղեղները կանխատեսել դրանց տեղի ունենալուց յոթ օր առաջ։ Ընկերությունը վստահություն է հայտնել, որ իր ԱԲ մոդելը կարող է լուծել այս խնդիրը համաշխարհային մասշտաբով։

Համակարգը ուսուցանվել է ջրհեղեղների մասին, գետի մակարդակի, բարձրության և տեղագրության և այլ տեղեկությունների վերաբերյալ տվյալների հիման վրա, որոնք անհրաժեշտ են կանխատեսում անելու համար: Ուսուցման գործընթացն ավարտվելուց հետո մոդելը կատարելագործվել է՝ աշխարհի տարբեր վայրերում «մի քանի հարյուր հազար» ջրհեղեղի մոդելավորում անելու միջոցով: Իրական տվյալների և սիմուլյացիայի վերաբերյալ ուսուցումն օգնել է համակարգին սովորել մինչև յոթ օրվա միջակայքով կանխատեսումներ անել։

Այս ԱԲ համակարգի լայնածավալ գործարկումը, վստահ է Google-ը, կօգնի գետերի վարարումների խնդիրը լուծել գլոբալ մասշտաբով. դրա կանխատեսումները գործարկվում են միջինը հինգ օր առաջ, բայց երբեմն այդ ժամանակահատվածը հասնում է յոթի:

Աղետի վտանգի տակ գտնվող մարդկանց օգնելու նպատակով Google-ը ջրհեղեղի կանխատեսումների ծառայությունը ներառել է իր որոնողական համակարգում, քարտեզագրման ծառայության և Android ծանուցումներում. լրացուցիչ տեղեկություններ հասանելի են Flood Hub վեբ հավելվածում: Ապագայում ընկերությունը նախատեսում է ստեղծել «գլոբալ ջրհեղեղների կանխատեսման համալիր հարթակ»։


 
 
 
 
  • Արխիվ