Telegram-ի վճարովի գործառույթը WhatsApp-ում անվճար կլինի

20 մարտի, 2024  20:32

WhatsApp-ի մշակողները նախատեսում են մեսենջերի Android տարբերակում ավելացնել ձայնային հաղորդագրությունները սղագրելու գործառույթ։ Ընդորում՝ եթե Telegram-ում այն հասանելի է միայն Premium բաժանորդագրություն ունեցողներին, ապա WhatsApp-ն այն կառաջարկի անվճար, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Մեսենջերում՝ iOS-ի համար նախատեսված տարբերակում ձայնային հաղորդագրությունների սղագրման գործառույթը նկատվել է անցյալ տարի: Այժմ մշակողները նախատեսում են այն ավելացնել հավելվածի Android տարբերակում։ Գործառույթը նկատվել է WhatsApp-ի՝ 2.24.7.8 համարով բետա տարբերակում։

WABetaInfo-ի հրապարակած էկրանակադրում երևում է, որ WhatsApp-ի թեստային տարբերակն օգտատերերին առաջարկում է ներբեռնել լրացուցիչ 150 ՄԲ տվյալ, որպեսզի հավելվածը սովորի ձայնային հաղորդագրությունները սղագրել։ Ըստ մշակողների՝ ձայնից տեքստ սղագրությունը տեղի կունենա օգտատիրոջ սարքի վրա, որպեսզի կանխվի հաղորդագրությունների արտահոսքը:

Այսպիսի գործառույթ կա շատ այլ մեսենջերներում, ներառյալ՝ Telegram-ում, որտեղ  այն ​​հասանելի է միայն Premium բաժանորդագրություն ունեցողներին, և այն ակտիվացնելու համար հարկավոր չէ լրացուցիչ տվյալներ ներբեռնել:

Դեռևս պարզ չէ, թե որ լեզուներով նոր գործառույթը կաշխատի WhatsApp-ում։ Ձայնային հաղորդագրությունների սղագրությունը դեռ մշակման և փորձարկման փուլում է, ուստի դրա գործարկման ժամկետները դեռ հայտնի չեն։


 
 
 
 
  • Արխիվ