Apple-ը և Google-ը կարող են անջատել իրենց սմարթֆոնները ՌԴ տարածքում

20 մարտի, 2024  22:12

Ամերիկյան Apple և Google ընկերությունները կարող են տեխնիկապես անջատել իրենց բոլոր սմարթֆոնները Ռուսաստանի տարածքում։ Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսկաչեստվո»-ի թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն՝ պարզաբանելով, որ նման սցենարի դեպքում բոլոր այդ սարքերը կդառնան անպիտան։ Սակայն կա նաև լավ նորություն. փորձագետի կարծիքով՝ նման քայլը շահեկան չէ տեխնոլոգիական հսկաների համար, քանի որ այն հեղինակության հսկայական ռիսկեր է պարունակում։

ՌԴ-ում սմարթֆոններն անջատելու տեխնիկական հնարավորությունը

Սերգեյ Կուզմենկոն պարզաբանել է, որ տեսականորեն և տեխնիկապես Ռուսաստանի տարածքում հնարավոր է անջատել բոլոր Apple և Android սմարթֆոնները, որոնք օգտագործում են Google-ի ծառայությունները։ Դա տեղի կունենա նույն մեխանիզմով, երբ արգելափակվում են գողացված սարքերը:

«Apple-ի տեխնոլոգիան ունի շատ ավելի առաջադեմ մեխանիզմ, քան Google-ի մրցակիցները, բայց երկու դեպքում էլ օգտատերերը լուրջ խնդիրների առաջ կկանգնեն»,- ասել է փորձագետը։

Նա ընդգծել է, որ անջատվելու պարագայում Apple-ի սարքերի դեպքում հեռախոսներն ամբողջությամբ կողպվեն, իսկ օգտատերերը կկորցնեն դրանցում պահվող իրենց բոլոր անձնական տվյալները։ Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների սեփականատերերը մի քիչ ավելի բախտավոր կլինեն. նրանց տվյալները հնարավոր կլինի վերականգնել, իսկ ահա սմարթֆոնը «վերակենդանացնել» առանց զգալի ֆինանսական ծախսերի և առանց ծրագրաշարը փոխելու գրեթե անհնար կլինի, ընդգծել է փորձագետը։

Կուզմենկոն կասկածում էր, որ տեխնոլոգիական այս հսկաները նման քայլի կգնան։ «Նախ՝ լայնածավալ օգտագործման համար ժամանակակից սմարթֆոններ ձեռք բերելիս, դրանց վրա նշված չէ, թե կոնկրետ որ երկրի համար է այն արտադրվել, իսկ լիցենզիայի պայմանագրում, որին օգտատերը ապրիորի համաձայնում է սարքը գնելիս, Apple-ը և Google-ը չունեն արգելափակման այսպիսի պայմաններ։ Երկրորդ, եթե կորպորացիաներն իսկապես գնան նման քայլի, դա կհանգեցնի հեղինակության հսկայական վնասի և կորպորացիաների դեմ բազմամիլիոնանոց հայցերի»,- ասել է նա:

Ինչի՞ց է սկսվել թեման

Այն, որ Apple-ը և Google-ը կարող են Ռուսաստանի տարածքում անջատել Android և iOS-ով աշխատող սմարթֆոններ, եթե նման կարգադրություն ստանան ԱՄՆ իշխանություններից, մի քանի օր առաջ YouTube-ի Cart Reality ալիքին տված հարցազրույցում ասել էր Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության և տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահ Անտոն Գորելկինը։

«Եթե զինված հակամարտությունը տեղափոխվի բոլորովին այլ փուլ, և իրավիակը հասնի իր ամենաթեժ կետին, ես խոսում եմ նրա ​​մասին, ինչ որոշ փորձագետներ անվանում են Երրորդ համաշխարհային պատերազմ, ապա ենթադրում եմ, որ Apple-ը կանջատի բոլոր iPhone-ները Ռուսաստանում, իսկ Google-ը կանջատի Android-ով աշխատող հեռախոսները․․․ Սակայն հուսով եմ և հավատում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա»,- ասել էր Գորելկինը: 


 
 
 
 
  • Արխիվ