Ինչո՞ւ Apple-ը դժվարություններ ունեցավ Google-ի հետ մրցակցող որոնողական համակարգ ստեղծելու հարցում

14 նոյեմբերի, 2022  14:07

Apple ընկերությունն արդեն մի քանի տարի աշխատում է որոնողական համակարգի ստեղծման վրա, որը կարող է մրցել Google-ի հետ։ Բայց, կարծես, առաջիկա տարիներին այդ համակարգը դժվար թե իրականություն դառնա, հատկապես, որ դրա վրա աշխատող առանցքային մասնագետները տեղափոխվել են Google։

Ըստ The Informationտվյալների՝ հեռացած երեք աշխատակիցները Laserlike կոչվող ստարտափի հիմնադիրներն էին։ Այս ծառայությունն օգտատերերին առաջարկում էր կայքեր՝ ելնելով նրանց հետաքրքրություններից և նրանից, թե սովորաբար ինչ կայքեր են նրանք այցելում։ Մինչ Laserlike-ի հիմնումը, երեքն էլ աշխատել են Google Search-ում։

2018-ին Apple-ը ձեռք է բերել Laserlike-ը՝ փորձելով բարելավել Siri Suggestions և Spotlight հավելվածների որոնման գործառույթները: Apple-ի որոնողական համակարգերի մշակման թիմի (առնվազն 200 աշխատակից ունի) ավագ տնօրենի դերն ստանձնել է Laserlike-ի համահիմնադիր Սրինիվասան Վենկատաչարին։ Apple-ում նա զեկուցում էր անմիջապես ընկերության մեքենայական ուսուցման և արհեստական բանականության հարցերով փոխնախագահ Ջոն Ջաննանդրեային, որը նախկինում նույնպես աշխատել է Google-ում: Ավելին, Վենկատաչարին Google Search-ի ևս մի քանի նախկին աշխատակիցների է աշխատանքի ընդունել իր թիմում:

Laserlike-ի մյուս համահիմնադիրների հետ միասին այժմ Վենկատաչարին վերադարձել է Google: Այսօր նա զբաղեցնում է Google-ի ճարտարագիտության հարցերով փոխնախագահի պաշտոնը՝ ընկերության տեխնոլոգիաների հարցերով ավագ փոխնախագահ Ջեյմս Մանիկայի ղեկավարության ներքո: Laserlike-ի համահիմնադիրներ Սթիվեն Բեյքերը և Անանդ Շուկլան նույնպես այս թիմի մասն են կազմում:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Apple-ը նախատեսում է Google որոնողական համակարգին փոխարինող թողարկել: Մասնագետների տվյալներով՝ չորս տարուց շուտ դա տեղի չի ունենա։ Ավելին, ընկերությունը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ավելացնել բյուջեն այս նախագծի և թիմի համար, որը կաշխատի դրա վրա։

Միևնույն ժամանակ Apple-ը չունի իր սեփական որոնողական համակարգը, այն օգտագործում է Google որոնողական համակարգը, որը Apple-ին տարեկան 18-20 մլրդ դոլար է վճարում՝ ավտոմատ կերպով iPhone-ների և iPad-ների որոնողական համակարգը մնալու համար։

Որոշ փորձագետների կարծիքով՝ հնարավոր է, որ Apple-ը գործարք կնքի Microsoft Bing-ի հետ, որն այսօր համեմատաբար փոքր մասնաբաժին ունի որոնողական համակարգերի շուկայում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ