Apple-ն այս շաբաթ մի շարք նոր ապրանքներ կներկայացնի․ որո՞նք են դրանք

4 մարտի, 2024  15:02

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը իր հերթական ամփոփագրի շրջանակում տեղեկացրել է, որ մարտին և ապրիլին Apple ընկերությունը պատրաստվում է մի շարք նոր ապրանքներ ներկայացնել։ MacRumors-ի ներկայացուցիչները կարողացել են հաստատել այս տեղեկությունն իրենց աղբյուրներով և հայտարարել, որ Apple-ի որոշ նոր արտադրանքներ կներկայացվեն այս շաբաթ։ Սակայն աղբյուրը նշել է, որ ընկերությունն ավանդական պրեզենտացիա չի անի․ նորույթների մասին կհայտարարվի կայքում մամուլի հաղորդագրության հրապարակման միջոցով։

MacRumors-ի աղբյուրները չեն նշել, թե կոնկրետ ինչ սարքերի մասին կհայտարարվի, սակայն Մարկ Գուրմանը հնարավոր «թեկնածուների» ցուցակը հրապարակել էր ավելի վաղ։ Դրանք են՝

  • M3 չիպով աշխատող iPad Pro-ի երկու նոր մոդել, որոնք կունենան OLED էկրաններ, ավելի բարակ դիզայն, երկար կողմում գտնվող վեբ-տեսախցիկ և հետևի տեսախցիկի թարմացված բլոկ: Հնարավոր է, որ այս շարքի պլանշետներն ունենան MagSafe մագնիսական լիցքավորման պորտի ֆիքսատոր,
  • Երկու նոր՝ M2 չիպով աշխատող iPad Air մոդելներ, այդ թվում՝ 12,9 դյույմանոց պլանշետ,
  • Նոր Magic Keyboard ստեղնաշար iPad Pro-ի համար՝ ավելի մեծ թաչփադով և կորպուսի ալյումինե տարրերով,
  • Apple Pencil ստիլուսի առնվազն մեկ տարբերակ,
  • Նոր MacBook Air նոութբուքներ, որոնք կաշխատեն M3 պրոցեսորով և կունենան 13 և 15 դյույմանոց էկրան, հնարավոր է նաև, որ դրանք ունենան Wi-Fi 6E-ի և Bluetooth 5.3-ի աջակցություն,
  • Կլինեն նաև iPhone 15-ի և iPhone 15 Plus-ի, ինչպես նաև Apple Watch-ի ժապավենների և iPhone-ի ֆիրմային պատյանների գունային նոր տարբերակներ։

Մարտին և ապրիլին թողարկվելիք սարքերի մեջ ավելի քիչ հավանական թեկնածուներն են HomePod բարձրախոսը ներկառուցված էկրանով և Apple TV-ի նոր տարբերակը: iPhone SE-ի չորրորդ սերնդի սմարթֆոնը, որի լուսանկարներն արդեն հրապարակվել են համացանցում, հավանաբար, կներկայացվի 2025-ին։ 


 
 
 
 
  • Արխիվ