Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվել է Ջոն Կարապետյանը

28 փետրվարի, 2024  17:44

Փետրվարի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրել է Ջոն Կարապետյանին, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իր ելույթում Ջոն Կարապետյանը ներկայացրեց իրականացված գիտական աշխատանքները՝ կապված բարձրահարկ շենքերի տարածքների սեյսմահետախուզական աշխատանքների, ջրամբարների պատվարների, ճոպանուղիների, սողանքավտանգ տարածքների ճարտարագիտաերկրաֆիզիկական, սեյսմիկ պայմանների ուսումնասիրությունների, Կապսի, Եղվարդի, Տոլորսի, Սպանդարյանի, Շամբի, Աստղաձորի, Լիճքի ջրամբարների պատվարների, տարածքների համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների, Եղիպատրուշ գյուղի հարակից տարածքում կառուցված ճոպանուղու տարածքի համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների հետ:

Ջոն Կարապետյանը ծնվել է 1982-ին՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 1999-2004 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետում:

2010-ին նա պաշտպանել է «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համեմատական գնահատումը ուժեղ երկրաշարժերի ժամանակ» թեմայով ատենախոսությունը և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ջոն Կարապետյանը 2004-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում՝ որպես ասպիրանտ, այնուհետև գիտաշխատող, գիտական քարտուղարի օգնական, Կառույցների սեյսմակայունության և շինարարական կոնստրուկցիաների լաբորատորիայի վարիչ, 2013-ից ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է և ինստիտուտի տնօրենը:

Նրա գիտական գործունեության ոլորտը ներառում է երկրաշարժագիտություն, երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, երկրաֆիզիկական սարքաշինություն:

2019-ից նա նաև «Երկրաշարժերի մշտադիտարկում և մոդելավորում» հայ-չինական միջազգային լաբորատորիայի համաղեկավարն է, 2020-ից՝ Ինժեներային սեյսմաբանության, սեյսմիկ ազդեցությունների վերլուծության և սեյսմիկ վտանգի գնահատման լաբորատորիայի վարիչը, 2021-ից՝ «Մաթեմատիկական երկրաֆիզիկա և գեոինֆորմատիկա» մեկնարկային լաբորատորիայի գիտական ղեկավարն է:

Ջոն Կարապետյանը 55 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում:

2022-ից Ջոն Կարապետյանը դասավանդում է Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում: Նա նաև անդամակցում է Ամերիկյան երկրաֆիզիկական միությանը,  Ասիական սեյսմաբանական համագումարին, Russian Journal of Earth Sciences (Q3) տեղեկագրի խմբագրական կոլեգիային:

2011-ին Ջոն Կարապետյանն ստացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դիպլոմ: 2011, 2013 և 2023 թվականներին ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր,  2013-ին ստացել է ՀՀ Սփյուռքի նախարարության պատվավոր դիպլոմ, 2017-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» կայացման և երիտասարդության շրջանում գիտության խթանման գործում ունեցած ավանդի համար, 2023-ին՝ ՀՀ ԳԱԱ հուշամեդալով:

ՀՀ ԳԱԱ Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի ջանքերով ՀՀ-ում հիմնադրվել են տարածաշրջանում եզակի Երկրի մագնիսական դաշտի INTERMAGNET ստանդարտի դիտակայան, առաջին դասի երկրադինամիկական (GNSS) կայանների ցանց, ՀՀ համալիր սեյսմոերկրադինամիկական կայանների ցանց, սեյսմահետախուզական, էլեկտրահետախուզական, մագնիսահետախուզական, գրավիհետախուզական կայաններ:

Ինստիտուտի գիտաարտադրական բազայում ստեղծվել է նոր գիտաարտադրական գիծ, ինչի արդյունքում կազմակերպվել են սեյսմիկ, ջրի մակարդակի ստուգիչ-չափիչ ստացիոնար և մոբիլ սարքերի սերիական արտադրություններ, որոնք հաջողությամբ կիրառվում են ՀՀ հատուկ նշանակության ջրամբարների պատվարների, բարձրահարկ շենքերի տեխնիկական վիճակի գնահատման նպատակով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ