Lenovo-ն թափանցիկ MicroLED էկրանով կոնցեպտային նոութբուք է ցուցադրել․ ո՞ւմ համար է այն նախատեսված

26 փետրվարի, 2024  16:18

Չինական Lenovo ընկերությունը փետրվարի 26-ից 29-ը Բարսելոնայում անցկացվող MWC 2024 միջազգային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է թափանցիկ էկրանով նոութբուքի նախատիպ՝ ThinkBook Transparent Display Laptop։ Նորույթի ստեղծողները ենթադրում են, որ թափանցիկության աստիճանը փոխող էկրանը կգրավի նկարիչների և դիզայներների ուշադրությունը, տեղեկացնում է The Verge-ը։

Lenovo-ի ներկայացուցիչների խոսքով, որոնց հղում է անում The Verge-ը, թափանցիկ էկրանը կարող է անհրաժեշտ լինել լուսանկարների և գրաֆիկայի հետ աշխատող մասնագետներին: Կամ օրինակ՝ ճարտարապետը, տեղադրելով նման նոութբուքն իրեն հետաքրքրող լանդշաֆտի դիմաց, կկարողանա ստեղծել ապագա շենքի էսքիզը՝ առանց հայացքը էկրանից կտրելու։ Նոութբուքի կափարիչի արտաքին մասում կա տեսախցիկ, որը ճանաչում է նոութբուքի հետևում գտնվող առարկաները: Սա, ըստ Lenovo-ի, թույլ է տալիս աշխատել հավելյալ իրականության տեխնոլոգիաների հետ։

Տեխնիկապես առանց շրջանակի MicroLED էկրանն ունի 17,3 դյույմ անկյունագիծ, իսկ կետայնությունը սահմանափակվում է 720 պիքսելով: Այնուամենայնիվ, եթե Lenovo-ն ցանկանար թափանցիկ OLED վահանակ պատրաստել, էկրանի կետայնությունը պետք է իջեցվեր մինչև 480 պիքսել: Էկրանի մակերեսը անթափանց դարձնելու համար անհրաժեշտ է այն լրացնել սպիտակ ֆոնով, մինչդեռ էկրանի առավելագույն պայծառությունը հասնում է 1000 նիտի:

lenovo_01.jpg (203 KB)

Գոյություն ունեցող նախատիպը թույլ չի տալիս էկրանի ողջ մակերեսը դարձնել թափանցիկ, սակայն Lenovo-ն ակնկալում է դրան հասնել նոութբուքի արտադրական տարբերակում։ Էկրանի թափանցիկությունը չի գերազանցում 55 տոկոսը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նմանատիպ տեխնոլոգիաները հաջորդ հինգ տարվա ընթացքում կիրառություն կգտնեն սերիական նոութբուքներում։

Նոթբուքի նախատիպը չունի ֆիզիկական ստեղնաշար, փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ապակե մակերեսին հայտնվում է վիրտուալ ստեղնաշար, որն ավտոմատ անջատվում է, երբ օգտատերը հեռանում է համակարգչից։ Այս մակերեսի վրա, օգտագործելով ինտեգրված ստիլուսը, օգտատերերը կարող են գծագրել և նկարել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս սարքը նեղ ֆունկցիոնալություն ունի։ Ըստ աղբյուրի՝ որևէ երաշխիք չկա, որ Lenovo-ն թափանցիկ էկրանով այս նոութբուքի սերիական արտադրություն կսկսի:


 
 
 
 
  • Արխիվ