Ինչպե՞ս պաշտպանել սմարթֆոնը վիրուսներից

21 փետրվարի, 2024  20:32

Եթե չեք ցանկանում, որ ձեր սմարթֆոնը «վարակվի» վիրուսներով, որոնք կարող են վտանգել անձնական, այդ թվում՝ ֆինանսական տվյալները, փորձագետները խորհուրդ են տալիս ձեռնարկել մի շարք բավականին պարզ, բայց արդյունավետ միջոցներ:

Անվտանգության փորձագետ Ալեքսանդր Վլասովի կարծիքով, առաջին հերթին կարևոր է չսեղմել անհայտ ծագման հղումների վրա։ Նույնիսկ եթե ձեզ կասկածելի հղում է ուղարկել ձեր ընկերը, ծանոթը, դուք, այդուհանդերձ, պետք է զգույշ լինեք (քանզի, գուցե կոտրել են նրա օգտահաշիվը): Ամենաչնչին կասկածի դեպքում փորձագետը խորհուրդ է տալիս զանգահարել տվյալ ընկերոջը, ծանոթին և պարզել՝ արդյոք նա է ուղարկել հղումը և ուր է տանում այն։

Բացի դրանից՝ խորհուրդ է տրվում հանրային Wi-Fi ցանցերն օգտագործել մեծ զգուշությամբ, իսկ հնարավորության դեպքում՝ բացառել:

«Եթե հանրային տրանսպորտում միանում եք անլար ինտերնետի, ապա դժվար թե ձեր սարքը որևէ վիրուսով վարակվի: Սակայն եթե ինչ-որ անհասկանալի տեղում եք և ձեզ առաջարկում են անվճար Wi-Fi, պարզապես մտածեք, թե արդյոք դա իսկապես անհրաժեշտ է»,- նշել է Վլասովը։

Սմարթֆոնը վնասակար ծրագրերից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում նաև չներբեռնել կամ չտեղադրել ոչ լիցենզիոն հավելվածներ և պարբերաբար թարմացնել օպերացիոն համակարգը, ինչպես նաև հակավիրուսային հավելվածները, եթե այդպիսիք կան ձեր հեռախոսում։


 
 
 
 
  • Արխիվ