Չարագործները խաբեության նոր մեթոդ են սկսել կիրառել գումար կորզելու համար

12 փետրվարի, 2024  20:36

Ռուսաստանյան բանկերի մասնագետները հայտնել են, որ չարագործները նոր գործիքներ են սկսել կիրառել մեսենջերներում և սոցիալական ցանցերում օգտատերերից գումար կորզելու համար։  

Եթե նախկինում նրանք արհեստական բանականությամբ ձայնային հաղորդագրություններ էին ստեղծում՝ նմանակելով քաղաքացու կոնտակտներում եղած մարդկանց, և նրանց անունից գումար խնդրում, ապա հիմա չարագործներն սկսել են նույն նպատակով օգտագործել օգտատիրոջ կոնտակտային ցուցակի մարդկանց հետ նամակագրությունում առկա իրական ձայնային հաղորդագրությունները։

Խարդախները նախ կոտրում են զոհի մեսենջերի օգտահաշիվը և ուսումնասիրում նամակագրությունը ընկերների և գործընկերների հետ, լսում ձայնային հաղորդագրությունները: Ապա ընտրում են հարմար զրուցակից և զոհին տեքստային հաղորդագրություն են գրում մյուս օգտատիրոջ անունից։

Կիբեռհանցագործների նպատակը վստահություն ձեռք բերելն է, այդ պատճառով էլ նրանք կարող են նաև շարունակել նախկինում սկսված զրույցը այս կոնտակտի հետ կամ անդրադառնալ ցանկացած թեմայի, որի վերաբերյալ նախկինում նամակագրություն է իրականացվել: Զրույցն սկսելու համար խաբեբաները պատճենում են հին ձայնային հաղորդագրությունները, ինչը զոհի մոտ տպավորություն է ստեղծում, թե ինքն այդ պահին իսկապես շփվում է իր ընկերոջ կամ բարեկամի հետ։

Դրանից հետո չարագործներն անցնում են հաջորդ քայլին և ֆինանսական օգնություն խնդրում, օրինակ՝ մեկ օրով պարտք են խնդրում բնակարանի վարձը վճարելու համար կամ հորինում տարատեսակ պատմությունները։ Եվ եթե օգտատերը կուլ է տալիս խայծը, ապա նա գումարը փոխանցում է քարտին, որի տվյալներն ուղարկում է խաբեբան և փաստացի զրկվում այդ գումարից։

Փորձագետները օգտատերերին խորհուրդ են տալիս զգույշ լինել, չվստահել ոչ մեկին նման դեպքերում և տեղեկատությունը ստուգել լրացուցիչ, օրինակ՝ զանգահարելով գումար խնդրող ընկերոջը կամ բարեկամին։ Նաև խորհուրդ է տրվում ջնջել ձայնային հաղորդագրությունները զրույցներից դրանք լսելուց հետո կամ միացնել դրանք ավտոմատ ջնջելու գործառույթը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ