Ապագայի էկրանը. արդյո՞ք այն հնարավոր կլինի ձգել և ոլորել

13 նոյեմբերի, 2022  12:54

Ոչ այնքան հեռավոր ապագայում սմարթֆոնների, պլանշետների և մեզ ծանոթ այլ սարքերի էկրանները, ամենայն հավանականությամբ, կփոխարինվեն ճկուն տարբերակներով, որոնք կարող են ձգվել և ոլորվել գրեթե ինչպես ռետինը։

Նոր էկրան LG-ից

Այսպիսի տեխնոլոգիա՝ բարձր լուծաչափով աշխարհում առաջին ձգվող էկրանը, վերջերս ցուցադրել է LG Display ընկերությունը: Էկրանը կարող է ձգվել մինչև 20%-ով. էկրանի անկյունագիծը 12 դյույմ է, բայց այն կարող է ձգվել և դառնալ մինչև 14 դյույմ։

Ավելին, այն կարող է ճկվել և ոլորվել՝ առանց վնասվելու: Ըստ մշակողի՝ էկրանը կարող է դիմանալ ձևի ավելի քան 10,000 փոփոխության:

lg-new-display

Նոր էկրանի խտությունը 100 պիքսել է մեկ դյույմում։ Այն հիմնված է հատուկ սիլիցիումից պատրաստված բարձր առաձգականության թաղանթային հիմքի վրա, որն օգտագործվում է կոնտակտային ոսպնյակների արտադրությունում: Էկրանն օգտագործում է MicroLED լույսի աղբյուր՝ 40 մկմ-ից պակաս պիքսելային խտությամբ:

LG Display-ի ներկայացուցիչների խոսքով՝ նման էկրանը հեշտությամբ կարելի է ամրացնել տարբեր կոր մակերեսների վրա՝ դա կարող է լինել կաշի, հագուստ, կահույք և ավտոմեքենաներ։

Ցավոք, մոտ ապագայում այս էկրանը դժվար թե տեղադրվի սարքերի վրա: Ընկերությունը մտադիր է շարունակել մշակումները առնվազն մինչև 2024 թ․, բայց չի բացառվում, որ ավելի շատ ժամանակ պահանջվի նախքան նոր էկրանը շուկա դուրս կգա։

«Ձգվող» էկրան Lenovo-ից

Վերջերս չինական Lenovo ընկերությունը ցուցադրել է «ձգվող» էկրանով նոութբուք, որը կարող է ուղղանկյունից վերածվել քառակուսու։ Միաժամանակ բովանդակությունը դինամիկ կերպով հարմարվում է էկրանին, ինչը կարող է շատ հարմար լինել մի շարք առաջադրանքներ կատարելիս։

Lenovo rolling laptop.JPG (68 KB)

Սա դեռ կոնցեպտային մոդել է, և հայտնի չէ, թե արդյոք Lenovo-ն կսկսի նման սարքի զանգվածային արտադրություն։

Շարժվող և ընդարձակվող էկրանով սմարթֆոն Motorola-ից

Բջջային հեռախոսների և այլ սարքերի արտադրությամբ զբաղվող Motorola-ն վերջերս ցուցադրել է նաև նոր սմարթֆոն՝ շարժվող և ընդարձակվող էկրանով։ Հեռախոսը բավականին կոմպակտ է, սակայն կոճակի սեղմումով էկրանը 5 դյույմից դառնում է 6,5 դյույմ: Մեկ այլ սեղմումով հեռախոսը վերադառնում է իր սկզբնական չափին:

Երկու չափերի դեպքում էլ սմարթֆոնը կարող է օգտագործվել, իսկ էկրանի բովանդակությունը հարմարվում է փոփոխվող չափերին:

Motorola rollable smarphone.JPG (31 KB)

Հնարավոր է, որ առաջիկա տարիներին շուկայում հայտնվեն էլի նման սմարթֆոններ, իսկ  տասնյակ տարիներ հետո իրենց չափերն ու ձևը փոխելու ճկունություն կարող են ունենալ գրեթե բոլոր սարքերը։ Ամեն դեպքում, շատ ընկերություններ արդեն աշխատում են նման տեխնոլոգիաների վրա։

Ճկուն էկրանների առավելություններն ու թերությունները

Ճկուն էկրանները կարող են լինել բավականին կոմպակտ և փոխակերպվել, մեծանալ ըստ անհրաժեշտության, ինչը, իհարկե, մեծ պլյուս է: Բացի դրանից, այս էկրանները, հավանաբար, ավելի դժվար կլինի կոտրել, քան այսօրվա սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքերի էկրանները:

Մյուս կողմից, նման էկրանները կարող են բավականաչափ լավ չպաշտպանել սարքի ներսի հատվածը արտաքին ազդեցություններից: Բացի դրանից, դրանք, անշուշտ, կունենան ճկման, ոլորվելու քանակի սահմանափակումներ, հատկապես սկզբնական շրջանում: Իսկ դրանց գինը, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ շատ ավելի բարձր կլինի, քան այսօրվա «սովորական» էկրաններով սարքերի դեպքում է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ