WhatsApp-ն ԱԲ-ով գործող գործառույթ կստանա․ ի՞նչ է անելու այն

7 փետրվարի, 2024  20:19

Meta կորպորացիան թողարկել է WhatsApp մեսենջերի՝ iOS-ի համար նոր բետա տարբերակ, որի հիմնական առանձնահատկությունը գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրումն է աջակցության ծառայության բաժնում։ Նեյրոնային ցանցը կպատասխանի այն օգտատերերի հարցերին, որոնք դժվարությունների են հանդիպել մեսենջերի օգտագործման հետ, այս մասին հայտնում է WABetaInfo-ն։

Նոր գործառույթի ներդրումը չի նշանակում, որ օգտատերերն ընդհանրապես կդադարեն շփվել տեխնիկական սպասարկման անձնակազմի հետ։ ԱԲ-ն կդիմի մարդկանց օգնությանը, եթե  չկարողանա լուծել հաճախորդի խնդիրը, կամ եթե հաճախորդն ինքը ծրագրին կհարցնի այդ մասին։

Նոր գործառույթի նպատակն է օգնել օգտատերերին՝ լուծելու խնդիրները նույնիսկ այն ժամանակ, երբ սպասարկող անձնակազմը զբաղված է և չի կարող արագ արձագանքել: Արհեստական ​​բանականությունը նաև կօգնի նվազեցնել տեխնիկական աջակցության ծառայության ընդհանուր ծանրաբեռնվածությունը և մարդ օգնականների արձագանքման համար անհրաժեշտ ժամանակը:

Ներկայումս ԱԲ օգնականը WhatsApp-ի բետա տարբերակում iOS-ի համար հասանելի է 24.3.10.71 համարով: Մինչ այս, ԱԲ այս գործառույթը հայտնվել էր Android-ի համար մեսենջերի բետա տարբերակում՝ 2.24.4.3 համարով: Հայտնի չէ, թե նեյրոցանցի տեխնիկական աջակցության այս  գործառույթը երբ հասանելի կդառնա լայն հանրությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ի՝ iPhone-ի համար նախատեսված տարբերակը գաղտնաբառերի համեմատ նույնականացման ավելի ապահով մեթոդ՝ Passkey տեխնոլոգիա կստանա։ 


 
 
 
 
  • Արխիվ