Առաջին անգամ Apple-ը Samsung-ից առաջ է անցել սմարթֆոնների գլոբալ շուկայում և գլխավորել այն

16 հունվարի, 2024  14:21

Apple ընկերությունը 2023-ի վերջին առաջին անգամ առաջ է անցել Samsung-ից սմարթֆոնների համաշխարհային շուկայում և գլխավորել այն։ Այս մասին են վկայում IDC Worldwide Tracker հետազոտական ընկերության տվյալնեը։ Վերջին անգամ Samsung-ը առաջատարի դիրքերը կորցրել էր 2010-ին, երբ Nokia-ն էր զբաղեցնում շուկայի մեկ երրորդը:

Ընդհանուր առմամբ, սմարթֆոնների համաշխարհային շուկան դեռ դժվարություններ է ապրում, սակայն վերականգնման միտումը շարունակվում է։ Ըստ IDC-ի՝ 2023-ին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 3,2%-ով՝ հասնելով 1,17 մլրդ միավորի: Թեև դա վերջին տասնամյակի ամենացածր տարեկան ծավալն է, չորրորդ եռամսյակում գրանցվել է տարեկան 8,5% աճ մինչև 326,1 մլն միավոր, ինչն ավելի բարձր է, քան կանխատեսված 7,3%-ը:

«Թեև 2023-ի երկրորդ կիսամյակում մենք զգալի աճ տեսանք Android-ի ցածրակարգ բազայի հիման վրա խաղացողների շրջանում, ինչպիսիք են Transsion-ը և Xiaomi-ն՝ պայմանավորված զարգացող շուկաներում արագ աճով, ակնհայտորեն խոշորագույն հաղթողն Apple-ն է»,- ասել է IDC Worldwide Tracker հետազոտական ընկերության ​​տնօրեն Նաբիլա Պոպալը:

apple vs samsung.png (76 KB)

«Apple-ը ոչ միայն առաջին եռյակում միակ խաղացողն է, որն ամեն տարի դրական աճ է գրանցում, այլև պատմության մեջ առաջին անգամ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Այս ամենը տեղի է ունենում՝ չնայած աճող նորմատիվային խնդիրներին և Huawei-ի կողմից մրցակցության վերականգնմանը Չինաստանում՝ նրա ամենամեծ շուկայում: Apple-ի շարունակական հաջողությունն ու ճկունությունը մեծապես պայմանավորված է պրեմիում դասի սարքերի աճող միտումով, որոնք այժմ կազմում են շուկայի ավելի քան 20%-ը, ինչը պայմանավորված է առևտրի ագրեսիվ առաջարկներով և անտոկոս ֆինանսավորման ծրագրերով»,- հավելել է նա:

IDC Worldwide Mobility and Consumer Device Trackers խմբի փոխնախագահ Ռայան Ռեյթն իր հերթին ասել է, որ Huawei-ը վերադառնում է և արագ գրավում չինական շուկան։ OnePlus-ը, Honor-ը, Google-ը և այլ ապրանքանիշեր շատ մրցունակ սարքեր են թողարկում շուկայի ստորին հատվածում, իսկ ծալովի սարքերը և սմարթֆոնների վրա արհեստական ​բանականության հնարավորությունների մասին աճող խոսակցությունները թափ են հավաքում։ «Ընդհանուր առմամբ, սմարթֆոնների շուկան գնում է դեպի շատ հետաքրքիր ժամանակաշրջան»,- ասել է նա:


 
 
 
 
  • Արխիվ