ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար չինական ընկերություններն արհեստականորեն նվազեցնում են իրենց չիպերի արագագործությունը

9 նոյեմբերի, 2022  19:31

Միացյալ Նահանգների կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված արտահանման նոր սահմանափակումները չինական ընկերություններին ստիպել են փոխել չիպերի ստեղծման հարցում իրենց մոտեցումը։ Այժմ նրանք փորձում են իրենց չիպերն արհեստականորեն դարձնել ավելի դանդաղագործ, որպեսզի չհայտնվեն Վաշինգտոնի պատժամիջոցների տակ և չարժանանան HiSilicon-ի ճակատագրին, որը Huawei-ի համար չիպեր է մշակել և ԱՄՆ-ի ճնշման տակ կորցրել իր հաճախորդների զգալի մասին։

Alibaba-ն, Biren Technology-ի ստարտափը և չիպերի այլ արտադրողներ, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել գերհամակարգիչների և տվյալների կենտրոնների համար ժամանակակից պրոցեսորներ և արագացուցիչներ (ներառյալ արհեստական բանականության հետ կապված) ստեղծելու համար, այժմ ստիպված են նվազեցնել իրենց չիպերի արագագործության աստիճանը, որպեսզի հետագայում ևս կարողանան օգտվել միկրոսխեմաներ արտադրող թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) ընկերության ծառայություններից:

Ինչպես հայտնի է, TSMC-ն դադարեցրել է Biren BR100 հաշվողական արագացուցիչների համար 7 նմ հզորությամբ չիպերի արտադրությունը՝ վախենալով, որ դրանց վրա կտարածվեն արտահանման վերաբերյալ ամերիկյան սահմանափակումները։ Խնդիրն այն է, որ TSMC-ի, ինչպես կիսահաղորդիչներ արտադրող ցանկացած այլ գործարանի համար, դժվար է ճշգրիտ գնահատել որոշակի չիպերի հաշվողական հնարավորությունները: Հետևաբար, ընկերությունը չինացի հաճախորդներին առաջարկում է, որպեսզի իրենք նշեն իրենց չիպերի պարամետրերը և ստորագրեն տրամադրված տվյալների համար պատասխանատվություն կրելու մասին հայտարարություններ: Biren-ի դեպքում TSMC-ի չիպերի թողարկման դադարեցման մեղավորը իրենք՝ մշակողներն են, որոնք գովազդել են իրենց չիպերի հնարավորությունները։

Չինացի փորձագետների խոսքով՝ դժվար է որոշել, թե արդյոք կոնկրետ չիպն ընկնում է ԱՄՆ սահմանափակումների տակ, թե ոչ։ Դա որոշվում է այնպիսի ցուցիչով, ինչպիսին է տվյալների երկկողմանի փոխանցման արագությունը, և այս կետի վերաբերյալ փաստաթղթերում առկա բացատրությունները հստակ չեն: Չիպերի դեպքում, ըստ ԱՄՆ պատժամիջոցների, այս ցուցանիշը չպետք է գերազանցի 600 ԳԲ/վ-ը:

Ի՞նչ հնարք են կիրառում արտադրողները

Եթե​​ Biren-ը նախկինում BR100 արագացուցիչի դեպքում նշում էր տվյալների փոխանցման արագությունը 640 ԳԲ/վրկ, այժմ ընկերության կայքում նշվում է ցուցանիշ, որը ըստ Bernstein հետազոտական ​​խմբի հաշվարկների, կազմում է 576 ԳԲ/վ: Ըստ Biren-ի աշխատակցի, որը ցանկացել է անանուն մնալ, ընկերությունը սկսել է շտկել չիպերի դիզայնը՝ դրանք դանդաղեցնելու համար՝ հույս ունենալով, որ դրանք կարտադրի TSMC-ն։

Կիսահաղորդիչներ արտադրող ընկերությունների գործունեությունն ուսումնասիրող SemiAnalysis
հետազոտական ​​խմբի գլխավոր վերլուծաբան Դիլան Պատելը, որն առաջինն է նկատել Biren-ի չիպի բնութագրերի փոփոխությունը, ասել է, որ մշակողները փորձում են դանդաղեցնել չիպի աշխատանքը՝ անջատելով դրա մի մասը: Նա թերահավատ է, որ նման հնարքը հավանության կարժանանա ԱՄՆ կարգավորիչների կողմից, քանի որ չիպի կոնստրուկցիան իրականում չի փոխվում և երաշխիք չկա, որ այն ապագայում ամբողջ հզորությամբ չի գործարկվի։

Financial Times-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ սահմանափակումներից խուսափելու համար Alibaba ընկերության T-Head ստորաբաժանման մշակողները նույնպես մտադիր են փոփոխության ենթարկել արհեստական բանականության հետ աշխատանքի համար նախատեսված իրենց նոր 5 նմ պրոցեսորը։ Թերթի մեկնաբանության խնդրանքին՝ T-Head-ի ներկայացուցիչն ասել է.

«T-Head-ի հիմնական արտադրանքը նախատեսված է բացառապես միայն Alibaba Group-ի սեփական օգտագործման համար և համապատասխանում է այս հարցի վերաբերյալ գործող բոլոր կանոնակարգերին»: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ