Որո՞նք են 2024-ին Apple-ի 5 ամենասպասված սարքերը

25 դեկտեմբերի, 2023  10:34

Հաջորդ տարին խոստանում է շրջադարձային լինել Apple-ի համար, քանի որ ընկերությունը 2015-ից ի վեր առաջին անգամ կներկայացնի նոր արտադրանքի շարք: Միաժամանակ ընկերությունը կներկայացնի ևս մի քանի սպասված սարքեր։ MacRumors-ը հակիրճ պատմել է դրանց մասին։

Առաջին հերթին MacRumors-ը նշել է AirPods ականջակալի մասին։ 2024-ին Apple-ը պետք է ներկայացնի AirPods 4-ի երկու տարբերակ՝ թանկ և էժան։ Երկուսն էլ կստանան նորացված դիզայն, սակայն միայն թանկ մոդելը կհամալրվի աղմուկի ակտիվ չեղարկման համակարգով։

ՏՏ հսկան հաջորդ տարի կներկայացնի բազմաթիվ նոր iPad-ներ, սակայն, ըստ MacRumors-ի՝ ամենաուշագրավը պլանշետի Pro տարբերակն է, որ կլինի Apple-ի՝ առաջին OLED էկրանով պլանշետը: OLED էկրանները ոչ միայն կբարելավեն պատկերը, այլև դրանց շնորհիվ iPad-ն ավելի բարակ կդառնա։ Ուստի MacRumors-ն ակնկալում է, որ կթարմացվի դրանց դիզայնը։

2024-ը Apple Watch խելացի ժամացույցի համար հոբելյանական կլինի։ Ի պատիվ դրա՝ Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Apple Watch X-ը, որը կունենա նոր դիզայն և նոր ժապավենային ամրակ։ Սարքի հիմնական առանձնահատկությունը կլինի մարդու օրգանիզմում արյան ճնշումը չափելու հնարավորությունը։

Շատ սպասված նոր արտադրանքներից է նաև iPhone 16 շարքը: Թեև սարքը դժվար թե կտրուկ բարելավումներ ստանա, MacRumors-ը հույս ունի տեսնել տեսախցիկի թարմացված համակարգ, ավելի մեծ էկրաններ Pro տարբերակներում, ինչպես նաև նոր պրոցեսորներ:

2024-ի ամենաինտրիգային արտադրանքը Apple-ի Vision Pro խառը իրականության սարքն է։ Չնայած Vision Pro-ն խոստումնալից է թվում, սակայն սարքի մասին նախնական ակնարկները զուսպ էին: Ելնելով դրանից՝ MacRumors-ը թերահավատորեն է վերաբերվում առաջին սերնդի Vision Pro-ի հաջողությանը: Այնուամենայնիվ, կայքի լրագրողները գրեթե վստահ են, որ չնայած վաճառքի ցածր ցուցանիշներին՝ Apple-ը կշարունակի մշակել այս սարքերի շարքը։


 
 
 
 
  • Արխիվ