Նոր Apple Watch խելացի ժամացույցը մեծ էկրան կունենա

18 դեկտեմբերի, 2023  16:11

Հաջորդ սերնդի Apple Watch խելացի ժամացույցը կունենա ընդլայնված Micro LED էկրան։ Այս մասին TrendForce վերլուծական ընկերության նոր զեկույցում ասել է ընկերության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Էրիկ Չյուն։

Նա տեղեկացրել է, որ 2026-ի Apple Watch-ի էկրանում կօգտագործվեն նոր տեսակի լուսադիոդներ (Micro LED)։ Նաև, նրա կանխատեսումների համաձայն, մատրիցան մոտ 10%-ով ավելի մեծ կլինի, քան ներկայիս Apple Watch Ultra-ի դեպքում է։ Այսինքն՝ նոր ժամացույցի անկյունագիծը կլինի մոտ 2,12 դյույմ։

Apple-ը կունենա Micro LED էկրանների երկու հիմնական մատակարար՝ լուսադիոդների արտադրության գերմանական հսկա ams OSRAM-ը և LG Display-ը: Ams OSRAM-ը կարտադրի 10x10 միկրոմետրից փոքր միկրոլուսադիոդային չիպեր: Իր հերթին LG Display-ը պատասխանատու կլինի էկրանների լրացուցիչ բաղադրիչների թողարկման համար։

Ըստ Չյուի՝ անցումը Micro LED-ին զգալիորեն կնվազեցնի ժամացույցների էկրանների վրա Apple-ի ծախսերը։ Ակնկալվում է, որ 2026-ին մեկ մատրիցան ընկերությանը կարժենա մոտ 120 դոլար, ինչը 2,5-3 անգամ ավելի էժան է, քան OLED վահանակի ներկայիս արժեքը։


 
 
 
 
  • Արխիվ