Instagram-ում շուտով հնարավոր կլինի NFT-ներ թողարկել և վաճառել

4 նոյեմբերի, 2022  10:10

Instagram սոցցանցում շուտով կհայտնվի չփոխարինվող թոքենների (NFT) սեփական հավաքածուներ ստեղծելու հնարավորություն։ Ճիշտ է, այս հնարավորությունը հասանելի չի լինի բոլորին, առնվազն սկզբնական շրջանում:

Meta ընկերությունը, որին պատկանում է Instagram-ը, տեղեկացրել է, որ փորձարկում է NFT-ների թողարկման և վաճառքի մեխանիզմները այս հարթակում: Նոր գործառույթն առաջին հերթին հասանելի կլինի «ԱՄՆ-ում հեղինակների մի փոքր խմբի»: Թե կոնկրետ ինչպես են նոր գործառույթը փորձարկելու համար մարդկանց ընտրելու, դեռ հայտնի չէ:

Թոքեններ հնարավոր կլինի թողարկել Polygon բլոկչեյնում, ինչից հետո դրանք կարող են վաճառվել կա՛մ Instagram-ում, կա՛մ այս հարթակից դուրս։ Ինչ վերաբերում է այլ հարթակներում գնված NFT օբյեկտները Instagram ելքագրելու հնարավորությանը, ապա, ըստ մշակողների, Ethereum, Polygon և Flow բլոկչեյններին ավելացել է Solana ցանցը։ Հնարավոր կլինի նաև վերբեռնել մետատվյալներ OpenSea շուկայից:

Դեռ անցյալ տարի Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին ասել էր, որ Instagram-ն այլևս պարզապես լուսանկարների փոխանակման հավելված չէ, այլ զվարճանքի հարթակ, որտեղ բովանդակություն ստեղծողները պետք է կարողանան գումար վաստակել՝ գովազդից, NFT-ների վաճառքից կամ լսարանի նվերներից:

Հետևաբար, հարթակը նաև ընդլայնում է պրոֆեսիոնալ գործիքների հասանելիությունը, ներառյալ «Stars» վիրտուալ արժույթով թեյավճարների և «նվերների» համակարգը։ Նվերները կարելի է գնել նույն «Stars» վիրտուալ արժույթով և ուղարկել Reels կարճ տեսանյութերի հեղինակներին:  

Հիշեցնենք, որ Google-ն այժմ նույնպես ակտիվորեն բլոկչեյն տեխնոլոգիաներ է ներդնում իր ծառայություններում։ 2023-ից Google-ի ամպային ծառայությունների համար կարելի է վճարել կրիպտոարժույթով։ Սկզբում վճարման նոր եղանակը հասանելի չի լինի բոլորին, սակայն ապագայում թերևս կավելանա այն օգտատերերի թիվը, որոնք ծառայությունների համար կկարողանան վճարել կրիպտոարժույթով։

 

 


 
 
 
 
  • Արխիվ