Google-ն ուղղել է Drive-ի խնդիրը և ներկայացրել, թե ինչպես վերականգնել կորած ֆայլերը

7 դեկտեմբերի, 2023  20:16

Google-ը լուծում է առաջարկել խնդրին, որի պատճառով Google Drive-ի որոշ օգտատերերի ֆայլերն անհետացել էին: Ընկերության ներկայացրած քայլ առ քայլ հրահանգները կօգնեն վերականգնել կորցրած տվյալները:

Windows-ի և macOS-ի համար Google Drive-ի վերջին տարբերակը ներբեռնելուց, տեղադրելուց և բացելուց հետո հարկավոր է գործարկել տվյալների կրկնօրինակման վերականգնման գործիքը: Դա անելու համար հարկավոր է սեղմել Google Drive հավելվածի պատկերակին: Բացվող պատուհանում պետք է սեղմել և սեղմած պահել Shift ստեղնը, ապա սեղմել «Կարգավորումներ» (Settings) պատկերակի վրա և հայտնվող ընտրացանկում ընտրել «Վերականգնել կրկնօրինակներից» (Recover from backups):

Գործողությունն սկսելուց հետո կհայտնվի «Վերականգնումը սկսվել է» (Recovery has started) ծանուցում, և երբ գործընթացն ավարտվի, բոլոր վերականգնված ֆայլերը կհայտնվեն պահեստում նոր թղթապանակում, որը կունենա հետևյալ անունը՝ Google Drive Recovery։

Եթե ​​խնդիրներ առաջանան, Google-ն առաջարկում է այդ մասին տեղեկացնել անմիջապես հավելվածի աշխատասեղանի տարբերակից՝ օգտագործելով «#DFD84» հեշթեգը և ակտիվացնել ախտորոշիչ լոգերը միացնելու հրահանգը: Եթե դա էլ չի օգնում, ապա ընկերությունն առաջարկում կապվել աջակցության ծառայությանը։

 Ընկերությունն առաջարկում է նաև ֆայլեր վերականգնելու այլ եղանակներ՝ կիրառելով հրամանի տողը: Այս տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ որոշ օգտատերերի ֆայլերն սկսել են անհետանալ Google Drive-ից։ Ըստ ընկերության՝ խնդիրն ազդել է հավելվածի (84-րդ տարբերակ) աշխատասեղանի տարբերակի օգտատերերի «փոքր մասի վրա» միայն:


 
 
 
 
  • Արխիվ