Apple-ը iPad Air-ի, iPad-ի և MacBook Air-ի նոր մոդելներ կթողարկի 2024-ին

7 դեկտեմբերի, 2023  18:07

Apple ընկերությունը նախատեսում է 2024-ի սկզբին թողարկել iPad Air-ի, iPad Pro-ի և MacBook Air-ի նոր մոդելներ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Գործակալության աղբյուրների խոսքով՝ նոր iPad Air-ը կթողարկվի երկու չափերով, իսկ Pro մոդելը համալրված կլինի OLED էկրանով։ MacBook Air-ի նոր մոդելը կաշխատի նոր M3 չիպով: Աղբյուրները նաև նշել են, որ նոր iPad-ների վաճառքը նախատեսվում է սկսել 2024-ի մարտի վերջին, երբ կթողարկվի iPadOS 17.4 օպերացիոն համակարգը։ Նոր Mac-ի թողարկումը նույնպես սպասվում է 2024-ի մարտից ոչ շուտ։

Ֆինանսական վերջին տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 31-ին, Apple-ի հասույթը և զուտ եկամուտը նվազել են 3%-ով՝ համապատասխանաբար մինչև 383,3 մլրդ դոլար և 97 մլրդ դոլար, ընդորում՝ ֆինանսական տարվա չորս եռամսյակներից յուրաքանչյուրում եկամուտները նվազել են։

Ինչ վերաբերում է Apple-ի ապրանքների որոշ կատեգորիաներին, ապա iPhone-ի վաճառքը վերջին եռամսյակում աճել է 2,8%-ով և կազմել 43,8 մլրդ դոլար: Mac-ի վաճառքները նույն եռամսյակում նվազել են 33%-ով՝ մինչև 7,6 մլրդ դոլար, իսկ iPad-ինը՝ 9%-ով մինչև 6,4 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ զգալիորեն՝ 16%-ով ավելացել է ծառայություններից ստացված եկամուտը՝ մինչև 22,3 մլրդ դոլար (այս ուղղությունը, ի թիվս այլ բաների, ներառում է երաժշտության ​​հոսքային Apple Music և Apple TV+ վիդեո ծառայությունը)։


 
 
 
 
  • Արխիվ