Օգտատերերը կրկին դժգոհում են Windows 11-ից․ թարմացումից հետո ՕՀ-ի արագությունը նվազել է

7 դեկտեմբերի, 2023  10:18

Windows 11-ի (23H2) վերջին տարբերակի թարմացումից հետո որոշ օգտատերերի համակարգիչներներն սկսել են վատ աշխատել, հայտնում է Neowin կայքը։

Օգտատերերը բողոքում են, որ համակարգիչների օպերացիոն համակարգի (ՕՀ) աշխատանքի արդյունավետությունը նվազել է 5-10%-ով, ինչը հաստատվել է դիագնոստիկ ծրագրային ապահովմամբ։ Ոմանց դեպքում համակարգիչը ուշ է արձագանքում խաղերի գործարկման ժամանակ, և խնդիրը լուծվում է միայն Windows 11-ի նախորդ տարբերակին (22H2) վերադառնալու դեպքում։

Ենթադրվում է, որ խնդիրը կարող է կապված լինել Windows Defender հակավիրուսային ծրագրի աշխատանքի հետ։ Որոշ դեպքերում, ծրագրի անջատումը կամ կարգավորումների չեղարկումը վերականգնում է համակարգչի աշխատանքը:

Microsoft ընկերությունը դեռ մեկնաբանություններ չի արել խնդրի վերաբերյալ։ Համակարգիչների աշխատանքի արդյունավետությունը, հավանաբար, կվերականգնվի հետագա թարմացումներում: Ներկայումս օգտատերերը դիտարկում են Windows Defender-ն անջատելու կամ օպերացիոն համակարգի նախկին տարբերակին վերադառնալու տարբերակները:

Հիշեցնենք, որ վերջերս Windows 11 օպերացիոն համակարգի (KB5032190) նոր թարմացումը, որը նախատեսված էր բազմաթիվ սխալներ շտկելու համար, նոր խնդիրների և սխալների աղբյուր էր դարձել։ Microsoft-ը խոստացել է դրանք ևս լուծել։


 
 
 
 
  • Արխիվ